ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Գործեր 1։8. «Դուք զորություն կստանաք»
«Բայց դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործեր 1։8, «Արարատ» թարգմանություն)։
Գործեր 1։8-ի նշանակությունը
Հիսուսը խոստանում է իր հետևորդներին, որ Աստծու սուրբ ոգին կզորացնի նրանց, որպեսզի կարողանան քարոզել մինչև աշխարհի ծայրերը։
«Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա»։ Հիսուսը ևս մեկ անգամ հավաստիացնում է աշակերտներին, որ իր՝ երկինք գնալուց հետո նրանք օգնություն կստանան Աստծու ոգու a միջոցով (Հովհաննես 14։16, 26)։ Մ. թ. 33 թ.-ին՝ Հիսուսի՝ երկինք համբարձվելուց տասը օր հետո, նրա հետևորդները ստացան խոստացված սուրբ ոգին (Գործեր 2։1-4)։ Աստծու սուրբ ոգու շնորհիվ նրանք սկսեցին ոչ միայն տարբեր լեզուներով խոսել և հրաշքներ գործել, այլև քաջությամբ քարոզել Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին (Գործեր 3։1-8; 4։33; 6։8-10; 14։3, 8-10)։
«Իմ վկաները կլինեք»։ «Վկա» թարգմանված բառը նշանակում է «մեկը, ով վկայություն է տալիս» կամ «մեկը, ով հայտնում է փաստեր», որոնցում համոզվել է սեփական փորձով։ Լինելով Հիսուսի կյանքի ականատեսները՝ առաքյալները կարող էին վկայել, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել Հիսուսի ծառայության ընթացքում, ինչպես նաև նրա մահից ու հարությունից հետո (Գործեր 2։32; 3։15; 5։32; 10։39)։ Նրանց անհերքելի վկայությունը համոզեց շատերին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ խոստացյալ Մեսիան (Գործեր 2։32-36, 41)։ Առաքյալներին հավատացողները դարձան Հիսուսի վկաները և իրենց հերթին քարոզեցին Հիսուսի կյանքի, մահվան ու հարության մասին (Գործեր 17։2, 3; 18։5)։
«Մինչև աշխարհի ծայրերը»։ Այս արտահայտությունը կարող է նաև նշանակել «մինչև այլ երկրներ» կամ «մինչև աշխարհի հեռավոր վայրերը»։ Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե նրա հետևորդներն ինչ մասշտաբով էին կատարելու իր տված հանձնարարությունը։ Իրենց հավատի մասին պատմելու համար նրանք գնալու էին Հուդայից և Սամարիայից շատ ավելի հեռու։ Իրականում նրանց քարոզչությունը շատ ավելի մեծ տարածք և ավելի մեծ թվով մարդկանց էր ընդգրկելու, քան Հիսուսինը (Մատթեոս 28։19; Հովհաննես 14։12)։ Հիսուսի խոսքերից 30 տարի չանցած՝ Պողոս առաքյալը գրեց, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին»։ Այն հռչակվել էր նույնիսկ այնպիսի հեռավոր տարածքներում, ինչպիսիք են Հռոմը, Պարթևքը (Կասպից ծովի հարավ-արևելք) և Հյուսիսային Աֆրիկան (Կողոսացիներ 1։23; Գործեր 2։5, 9-11)։
Գործեր 1։8-ի համատեքստը
«Գործեր» գիրքը սկսվում է այն նույն դեպքերի նկարագրությամբ, որոնցով ավարտվում է «Ղուկաս» գիրքը (Ղուկաս 24։44-49; Գործեր 1։4, 5)։ Գիրքը գրողը՝ Ղուկասը, իր արձանագրությունը սկսում է՝ նկարագրելով, թե Հիսուսն ինչպես հարությունից հետո հայտնվեց իր հետևորդներին (Գործեր 1։1-3)։ Այնուհետև նա պատմում է, թե ինչպես կազմավորվեց քրիստոնեական ժողովը և թե ինչ աճ ունեցավ մ. թ. 33 թ.-ից մինչև մոտ 61 թ.-ը (Գործեր 11։26)։
Գործեր 1։8-ի համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսի հետևորդներին հետաքրքրում էր, թե արդյոք նա՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր, կսկսի իշխել իրենց կենդանության օրոք (Գործեր 1։6)։ Ի պատասխան՝ Հիսուսն ասում է, որ չափից շատ չանհանգստանան, թե երբ է հաստատվելու Թագավորությունը (Գործեր 1։7)։ Փոխարենը նա հորդորում է իր հետևորդներին կենտրոնանալ «մինչև աշխարհի ծայրերը» վկայություն տալու գործի վրա (Գործեր 1։8)։ Մերօրյա քրիստոնյաները նույն կերպ են վարվում՝ եռանդորեն քարոզում են Աստծու Թագավորության մասին բարի լուրը (Մատթեոս 24։14)։
Դիտիր «Գործեր» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, կամ՝ զորությունը (Ծննդոց 1։2)։ Հավելյալ տեղեկությունների համար տես «Ի՞նչ է սուրբ ոգին» հոդվածը։