ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի՞նչ ազդեցություն է ունենում ամուսնալուծությունը երեխաների վրա
Որոշ ամուսնական զույգեր, ովքեր հաշտ չեն ապրում, փորձում են իրենց համոզել, որ երեխաների համար ավելի լավ կլինի, եթե ամուսնալուծվեն։ Նրանք կարծում են, որ ավելի լավ է՝ ամուսնալուծվեն, քան երեխաներն ապրեն անհաշտ ընտանիքում։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս փաստերը։
Ի՞նչ հետևանքներ է ունենում ամուսնալուծությունը երեխաների համար
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունը դառը հետևանքներ կարող է ունենալ երեխաների համար։ Ամուսնալուծված ծնողների երեխաները ավելի հակված են ունենալու
զայրույթ, անհանգստություն կամ դեպրեսիա
վարքագծի խանգարում
վատ առաջադիմություն
տարբեր հիվանդություններ
Բացի այդ՝ բաժանված ընտանիքների երեխաները իրենց են մեղադրում ծնողների ամուսնալուծության համար՝ մտածելով, որ իրենք են եղել պատճառը կամ որ կարող էին կանխել դա։
Այդպիսի երեխաները կարող են դժվարություններ ունենալ նույնիսկ չափահաս տարիքում։ Հավանականությունը մեծ է, որ նրանք կունենան ցածր ինքնագնահատական և չեն վստահի մարդկանց։ Իսկ երբ ընտանիք կազմեն և ամուսնական խնդիրների բախվեն, ավելի հակված կլինեն ամուսնալուծվելու։
Ամփոփում։ Թեև ոմանք կարծում են՝ ամուսնալուծությունը լավ կանդրադառնա երեխաների վրա, սակայն հետազոտությունները այլ բան են ցույց տալիս։ Երեխաների խնամքի հարցերով մասնագետ Պենելոպե Լիչը իր գրքում նշում է. «Ամուսնալուծության պատճառով երեխաները թշվառ վիճակում են հայտնվում» (Your Growing Child—From Babyhood Through Adolescence)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։
Արդյո՞ք երեխաս ավելի երջանիկ կլինի, եթե բաժանվեմ
Ոմանք կասեն՝ այո։ Սակայն հիշեք, որ ծնողների և երեխաների կարիքները սովորաբար տարբեր են լինում։ Ամուսնալուծվող անհատը ցանկանում է նոր կյանք սկսել, իսկ երեխան ցանկանում է, որ իր ծնողները առաջվա պես միասին ապրեն։
Հազարավոր ամուսնալուծություններ ուսումնասիրելուց հետո մի գրքի հեղինակներ հետևյալն են ասում. «Մի բան հստակ է. երեխաները ավելի երջանիկ չեն դառնում։ Նրանք ասում են. «Այն օրը, երբ ծնողներս բաժանվեցին, մանկությունս ավարտվեց»»։ Գրքում նաև ասվում է, որ այդպիսի երեխայի համար աշխարհը «դառնում է անապահով ու վտանգավոր, քանի որ խարխլվել են իր ամենամտերիմ մարդկանց փոխհարաբերությունները» (The Unexpected Legacy of Divorce)։
Ամփոփում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաները ավելի երջանիկ չեն դառնում։
Աստվածաշնչյան սկզբունք. «Խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22)։
Ամուսնալուծությունից հետո կկարողանա՞մ ծնողական պարտականություններս լիարժեքորեն կատարել
Որոշ ծնողներ փորձում են նախկինի պես կատարել իրենց ծնողական պարտականությունները՝ ցույց տալով, թե ոչինչ չի փոխվել։ Սակայն ամուսնալուծությունից հետո ծնողական պարտականությունները կատարելը դժվարանում է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծված ծնողները
ավելի քիչ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ
երեխաներին տարբեր կերպ են դաստիարակում
մեղավորության զգացումի կամ գերհոգնածության պատճառով երեխային թույլ են տալիս անել այն, ինչ ուզում է
Ամուսնալուծված ընտանիքների երեխաները ավելի հակված են չենթարկվելու իրենց ծնողներին։ Պատճառն այն է, որ ծնողները, իրենց ամուսնական խոստումը չկատարելով և իրենց իսկ արժեքները ոտնահարելով, կորցնում են իրենց երեխաների վստահությունը։ Այդպիսի ծնողների խոսքը թերևս հեղինակություն չունենա երեխաների համար։
Ամփոփում: Ամուսնալուծությունից հետո ծնողների համար սովորաբար դժվար է լինում կատարել ծնողական պարտականությունները, սակայն երեխաները էլ ավելի դժվար իրավիճակում են հայտնվում։
Աստվածաշնչյան սկզբունք։ «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։
Կա՞ ավելի լավ լուծում
Այն ջանքերը, որ ամուսինները պետք է գործադրեն ամուսնալուծությունից հետո, լավ կլինի՝ ներդնեն իրենց ամուսնությունը պահպանելու համար։ Ամուսնական կառույցի մասին մի գրքում նշվում է. «Եթե ամուսնական կյանքը վատ է ընթանում, դա չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու։ Նույնիսկ ամենադժբախտ զույգերը, միասին ապրելով, ժամանակի ընթացքում ավելի երջանիկ են դառնում»։
Սա չի նշանակում, որ ամուսնալուծությունը չի կարող լուծում լինել։ Ըստ Աստվածաշնչի՝ անհատը կարող է ամուսնալուծվել, եթե իր կողակիցը սեռական անբարոյություն է գործել (Մատթեոս 19:9)։ Սակայն այնտեղ նաև ասվում է, որ «խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Բաժանվելուց առաջ ամուսնական զույգը պետք է հաշվի առնի բոլոր հանգամանքները, այդ թվում, թե ամուսնալուծությունը ինչ հետևանքներ կունենա երեխաների համար։
Ինչ խոսք, համակերպվելով ու պարզապես դիմանալով՝ խնդիրը չի լուծվի։ Այս հարցում կարող է օգնել Աստվածաշունչը։ Այն լավագույն խորհրդատուն է ամուսինների ու կանանց համար։ Աստվածաշունչն օգնում է զարգացնելու այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են ամուր և երջանիկ ընտանիք ունենալու համար։ Դա զարմանալի չէ, քանի որ ընտանիքի հիմնադիրը Եհովան է՝ Աստվածաշնչի Հեղինակը (Մատթեոս 19:4–6):
Աստվածաշնչյան սկզբունք. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17)։