Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց
Շատերը, ովքեր տալիս են այս հարցը, անձամբ են զգացել դրա դառը հետևանքները և այժմ փնտրում են ոչ միայն այս հարցի պատասխանը, այլ նաև կարիք ունեն մխիթարության։ Մյուսներն էլ Հոլոքոստը կոչում են մարդկության մեծագույն ոճրագործություն, ու նրանց համար շատ դժվար է հավատալ Աստծուն։
Տարածված սխալ կարծիքներ
Կարծիք։ Չի՛ կարելի հարցնել, թե ինչու Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի։
Փաստ։ Մեծ հավատ ունեցող մարդիկ նույնպես հարցրել են, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ Օրինակ՝ Ամբակում մարգարեն Աստծուն հարցրեց. «Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում» (Ամբակում 1:3)։ Ամբակումին հանդիմանելու փոխարեն՝ Աստված նրա խոսքերը գրել տվեց Աստվածաշնչում, որպեսզի բոլորը կարդան։
Կարծիք։ Աստված անտարբեր է մարդկանց տառապանքին։
Փաստ։ Աստված ատում է չարությունն ու նրա պատճառած տառապանքը (Առակներ 6:16–19)։ Նոյի ժամանակներում Աստված «ցավ զգաց իր սրտում», քանի որ երկիրը լցվել էր չարությամբ (Ծննդոց 6:5, 6)։ Անկասկած Աստված խոր ցավ է զգացել նաև Հոլոքոստի ժամանակ (Մաղաքիա 3:6)։
Կարծիք։ Հոլոքոստը Աստծու պատիժն էր հրեաներին։
Փաստ։ Ճիշտ է, Աստված թույլ է տվել, որ առաջին դարում հռոմեացիները կործանեն Երուսաղեմը (Մատթեոս 23:37–24:2)։ Սակայն այդ ժամանակից ի վեր նա ոչ մի էթնիկ խմբի չի առանձնացնում հատուկ առանձնաշնորհում տալու կամ պատժելու համար։ Աստծու աչքում «ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև» (Հռոմեացիներ 10:12)։
Կարծիք։ Եթե լիներ սիրառատ և ամենազոր Աստված, նա կկանխեր Հոլոքոստը։
Փաստ։ Թեև Աստված երբեք տառապանք չի պատճառում, սակայն երբեմն թույլ է տալիս, որ այն լինի (Հակոբոս 1:13; 5:11)։
Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի
Աստված թույլ է տվել, որ Հոլոքոստ լինի, հենց այն նույն պատճառով, ինչ պատճառով որ թույլ է տվել մարդկության բոլոր տառապանքները. վաղուց բարձրացված կարևորագույն հարցեր պետք է պատասխան գտնեն։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ հիմա ոչ թե Աստված է իշխում աշխարհի վրա, այլ Սատանան (Ղուկաս 4:1, 2, 6; Հովհաննես 12:31)։ Աստվածաշնչով հիմնավորված երկու փաստ կարող են օգնել բացատրելու, թե ինչու Աստված թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի։
Աստված մարդկանց ստեղծել է ազատ կամքով։ Աստված առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, ասաց, թե ինչ է ակնկալում նրանցից և չստիպեց հնազանդվել իրեն։ Նրանք ցանկացան ինքնուրույն որոշել, թե ինչն է լավ կամ վատ իրենց համար, և այդպիսով՝ իրենց կամքի ազատությունը սխալ կերպով օգտագործեցին։ Դարերի ընթացքում նրանց օրինակին հետևել են շատերը, ինչն էլ սարսափելի հետևանքներ է թողել մարդկության վրա (Ծննդոց 2:17; 3:6; Հռոմեացիներ 5:12)։ Ինչպես «Պահպանողական հուդայականության սկզբունքների շարադրանք» գրքում է ասվում, «աշխարհում տիրող տառապանքը մեծ մասամբ մեզ շնորհված կամքի ազատության սխալ օգտագործման հետևանքն է» (Statement of Principles of Conservative Judaism)։ Աստված, մարդկանց կամքի ազատությունից զրկելու փոխարեն, նրանց ժամանակ է տվել ինքնուրույն տնօրինելու իրենց գործերը։
Աստված ի զորու է և կվերացնի Հոլոքոստի պատճառած կորուստն ու ցավը։ Աստված խոստանում է հետ կյանքի բերել միլիոնավոր մահացածների, այդ թվում Հոլոքոստի զոհերին։ Նա նաև կբուժի այն ցավը, որ զգացել ու դեռ զգում են դրանից վերապրածները ահարկու հիշողությունների պատճառով (Եսայիա 65:17; Գործեր 24:15)։ Մարդկանց հանդեպ Աստծու սերը երաշխիք է, որ այս խոստումները կիրականանան (Հովհաննես 3:16)։
Շատ մարդիկ, ովքեր Հոլոքոստի զոհ են դարձել կամ վերապրել են դրանից, կարողացել են ոչ միայն պահել իրենց հավատը, այլև գտնել կյանքի իմաստը՝ հասկանալով, թե ինչու է Աստված թույլ տվել չարության գոյությունը և ինչպես է վերացնելու այն ու նրա հետևանքները։