Ի՞նչ է «Ոսկե կանոնը»
Աստվածաշնչի պատասխանը
«Ոսկե կանոն» արտահայտությունը չի հանդիպում Աստվածաշնչում։ Սակայն շատերը այսպես են կոչում Հիսուսի սովորեցրած վարքի կանոններից մեկը։ Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12; Ղուկաս 6։31)։
Ո՞րն է «Ոսկե կանոնի» նշանակությունը
«Ոսկե կանոնը» խրախուսում է մեզ ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես որ կուզենայինք՝ մեզ հետ վարվեին։ Օրինակ՝ հաճելի է, երբ մեզ հետ վարվում են սիրով, հարգանքով և բարությամբ։ Ուստի տրամաբանական է, որ մենք պետք է «նույնը.... անենք» ուրիշներին (Ղուկաս 6։31)։
Ինչո՞վ է «Ոսկե կանոնին» հետևելը օգտակար
«Ոսկե կանոնը» կիրառելի է գրեթե բոլոր իրավիճակներում։ Օրինակ՝ այն կարող է՝
ամրացնել ամուսնությունը (Եփեսացիներ 5։28, 33)
օգնել ծնողներին երեխաների դաստիարակության հարցում (Եփեսացիներ 6։4)
բարելավել փոխհարաբերությունները ընկերների, հարևանների և աշխատակիցների միջև (Առակներ 3։27, 28; Կողոսացիներ 3։13)
«Ոսկե կանոնը»՝ Հին Կտակարանում։ «Ոսկե կանոնում» են «ամփոփվում Օրենքը [Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը] ու Մարգարեները [մարգարեական գրքերը]» (Մատթեոս 7։12)։ Այլ կերպ ասած՝ Հին Կտակարանի հիմքում ընկած է «Ոսկե կանոնի» սկզբունքը՝ սիրիր քո մերձավորին (Հռոմեացիներ 13։8–10)։
Արդյո՞ք «Ոսկե կանոնի» հետևում «տուր, որ ստանաս» սկզբունքն է
Ոչ։ «Ոսկե կանոնի» նպատակը տալն է։ Հիսուսի տված այս կանոնը բոլոր մարդկանց, այդ թվում՝ մեր թշնամիների հանդեպ դրսևորվող մեր վերաբերմունքին է առնչվում (Ղուկաս 6։27–31, 35)։ Այսպիսով՝ «Ոսկե կանոնը» խրախուսում է բարի գործեր անել բոլոր մարդկանց համար։
Ինչպե՞ս կարող ես կիրառել «Ոսկե կանոնը»
1. Դիտունակ եղիր։ Ուշադիր եղիր քո շրջապատի մարդկանց հանդեպ։ Գուցե տեսնես, որ ինչ-որ մեկը ծանր տոպրակներով շուկայից տուն է վերադառնում, իմանաս, որ հարևանդ հիվանդանոցում է, կամ նկատես, որ աշխատակիցդ վհատված է։ Երբ ուրիշների «շահը փնտրես», հավանական է, որ առիթներ կգտնես խոսքով կամ գործով օգնել ուրիշներին (Փիլիպպեցիներ 2։4)։
2. Կարեկից եղիր։ Փորձիր մտնել դիմացինիդ դրության մեջ։ Ի՞նչ կզգայիր, եթե նույն իրավիճակում լինեիր (Հռոմեացիներ 12։15)։ Երբ փորձես հասկանալ դիմացինիդ զգացմունքները, կմղվես օգնելու նրան։
3. Ճկուն եղիր։ Հիշիր, որ մարդիկ տարբեր են։ Անպայման չէ, որ ուրիշները կամենան այն, ինչը դու կցանկանայիր, որ քեզ համար անեն։ Ուրեմն մտածիր, թե նրանք ամենաշատը ինչ կուզեն, որ անես (1 Կորնթացիներ 10։24)։