Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Ինչ է սթրեսը

Ինչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այդ ժամանակ գլխուղեղի «հրամանով» օրգանիզմում մեծ քանակությամբ հորմոններ են արտադրվում, ինչի արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, կարգավորվում է արյան ճնշումը, մեծանում կամ փոքրանում է թոքերի ծավալը, և լարվում են մկանները։ Նախքան մարդը լիովին կհասկանա, թե ինչ է տեղի ունենում, նրա օրգանիզմը արդեն «մարտական վիճակում է»՝ պատրաստ դիմագրավելու դժվարությունը։ Երբ սթրեսային իրավիճակն անցնում է, օրգանիզմը այդ «մարտական վիճակից» վերադառնում է իր բնականոն կենսագործունեությանը։

ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍԹՐԵՍ

Սթրեսի՝ օրգանիզմի բնական հակազդեցության շնորհիվ մարդը կարողանում է հաղթահարել վտանգավոր և դժվարին իրավիճակները։ Սթրեսին հակազդելու գործընթացը սկսում է գլխուղեղից։ Դրական սթրեսը օգնում է մարդուն արագ արձագանքելու։ Չափավոր սթրեսը կարող է նպաստել, որ մարդը հասնի իր նպատակներին և ավելի լավ դրսևորի ինքն իրեն, օրինակ՝ քննությունների, աշխատանքի ընդունման հարցազրույցի կամ սպորտային միջոցառման ժամանակ։

Սակայն երկարատև, ծայրահեղ կամ քրոնիկական սթրեսը վնասակար է։ Եթե մարդու օրգանիզմը պարբերաբար կամ մշտապես «մարտական վիճակում» է, դա կարող է ֆիզիկական, էմոցիոնալ և մտային խնդիրների հանգեցնել։ Կարող է փոխվել մարդու վարքագիծը, այդ թվում՝ ուրիշների հանդեպ վերաբերմունքը։ Քրոնիկական սթրեսը կարող է նաև պատճառ լինել, որ մարդը սկսի չարաշահել ալկոհոլը, թմրանյութեր ընդունի և ձեռք բերի այլ անառողջ սովորություններ։ Սթրեսը նույնիսկ կարող է աստիճանաբար հանգեցնել ուժասպառության, դեպրեսիայի կամ առաջացնել ինքնասպանության մտքեր։

Սթրեսը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպերով է ազդում։ Այն կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ և անդրադառնալ օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա։