ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ
Օգնեք ձեր երեխային անցնել հասունացման շրջանը
ԽՆԴԻՐ
Թվում է՝ երեկ էր, որ գրկել էիք ձեր մանկիկին։ Իսկ հիմա նա արդեն պատանեկության շեմին է։ Ճիշտ է, դեռ երեխա է, բայց շուտով ոտք է դնելու չափահասության տանող ճանապարհին, որը կոչվում է հասունացման շրջան։
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր որդուն կամ աղջկան անցնել սեռական հասունացման այդ փոթորկուն և երբեմն տրավմատիկ շրջանը։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ
Տարբեր երեխաների հասունացման շրջանը տարբեր ժամանակ է սկսվում։ Դա կարող է լինել շատ վաղ, օրինակ՝ 8 տարեկանում, կամ ուշ՝ 14 կամ ավելի բարձր տարիքում։ «Սեռական հասունացման նորմալ համարվող ժամանակահատվածը կարող է տարբեր լինել»,— ասվում է մի գրքում (Letting Go With Love and Confidence)։
Հասունացման շրջանում կարող է անվստահության զգացում առաջանալ։ Դեռահասներին չափից շատ կարող է անհանգստացնել այն, թե իրենք ինչ տպավորություն են թողնում ուրիշների վրա։ «Ինձ համար սկսեց կարևոր դառնալ այն, թե ինչ տեսք ունեմ և ինչպես եմ դրսևորում ինձ,— հիշում է Ջերեդ * անունով մի երիտասարդ։— Միշտ անհանգստանում էի՝ արդյոք շրջապատում ինձ տարօրինակ չեն համարում»։ Անվստահությունը ավելի է խորանում, երբ հայտնվում են կորյակները։ «Ինձ թվում էր՝ դրանք գրոհել են դեմքիս վրա,— պատմում է 17-ամյա Քելին։— Ես լալիս էի ու ինքս ինձ անճոռնի անվանում»։
Առանձնահատուկ դժվարությունների են բախվում նրանք, ում հասունացման շրջանը վաղ է սկսվում։ Հատկապես դժվար է աղջիկների համար, քանի որ նրանց թերևս սկսում են ծաղրել, երբ նրանց կազմվածքը դառնում է ավելի կանացի, և ձևավորվում են կրծքագեղձերը։ «Նաև վտանգ կա, որ նրանք կհայտնվեն տարիքով ավելի մեծ տղաների ուշադրության կենտրոնում, ովքեր հավանական է՝ արդեն սեռական փորձառություն ունեն»,— ասվում է ծնողների համար նախատեսված մի գրքում (A Parent’s Guide to the Teen Years)։
Ֆիզիկական հասունացումը դեռևս հասունության երաշխիք չէ։ «Հիմարությունը կապված է երեխայի սրտին»,— ասվում է Առակներ 22։15-ում։ Անցումային շրջանը չի փոխում այս հանգամանքը։ Ինչպես գրված է պատանեկության մասին մի գրքում, երեխան կարող է հասուն մարդու տեսք ունենալ, բայց դա չի նշանակում, որ նա կարող է «խելամիտ որոշումներ կայացնել, պատասխանատվությամբ մոտենալ հարցերին, դրսևորել ինքնատիրապետում կամ այլ հատկություններ, որոնք բնորոշ են հասուն մարդուն» (You and Your Adolescent)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Խոսեք հասունացման մասին, նախքան այն կսկսվի։ Ասեք երեխային, թե ինչ փոփոխություններ են սպասում իրեն։ Հատկապես խոսեք դաշտանային ցիկլի մասին, եթե աղջիկ է, և երազախաբության մասին, եթե տղա է։ Այս պրոցեսները, ի տարբերություն հասունացման շրջանի աստիճանական փոփոխություններին, սկսում են հանկարծակի և կարող են շփոթության մեջ գցել կամ նույնիսկ վախեցնել երեխային։ Այս թեմաների շուրջ խոսեք դրական լույսի ներքո՝ բացատրելով, որ անցումային շրջանի այդ փոփոխությունները պատրաստում են նրան չափահաս կյանքին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Սաղմոս 139։14։
Խոսեք հանգամանալից։ «Երբ ծնողներս խոսեցին ինձ հետ այդ մասին, նրանք խուսափում էին կոնկրետ արտահայտվելուց,— պատմում է Ջոն անունով մի երիտասարդ։— Կուզեի, որ ավելի պարզ ու բացահայտ խոսեին»։ 17-ամյա Ալանան նույն զգացումներն ունի. «Մայրս օգնեց ինձ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իմ մարմնի հետ, սակայն կուզեի, որ օգներ նաև էմոցիոնալ առումով»։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Որքան էլ անհարմար զգաք, հասունացման շրջանի մասին հանգամանալից խոսեք երեխայի հետ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գործեր 20։20։
Զրույց սկսելու համար հարցեր տվեք։ Որպեսզի երեխան անկաշկանդ զգա, հարցրեք ուրիշների մասին։ Օրինակ՝ ձեր աղջկան կարող եք ասել. «Դասարանում աղջիկները արդեն խոսո՞ւմ են դաշտանի մասին։ Երեխաները ծաղրո՞ւմ են այն աղջիկներին, ովքեր վաղ են սկսել հասունանալ»։ Իսկ ձեր տղային կարող եք հարցնել. «Տղաները ձեռք առնո՞ւմ են նրանց, ում ֆիզիկական հասունացումը դեռ չի սկսվել»։ Երբ երեխան խոսում է այն մասին, թե ինչպես է հասունացումը անդրադառնում ուրիշների վրա, նրա համար ավելի հեշտ է լինում պատմել իր և իր զգացումների մասին։ Ու երբ նրանք արտահայտվում են, հետևեք աստվածաշնչյան այս խորհրդին. «Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։
Օգնեք, որ դեռահաս երեխան զարգացնի «իմաստություն և խորհելու կարողություն» (Առակներ 3։21)։ Հասունացումը միայն ֆիզիկական ու էմոցիոնալ փոփոխությունների շրջան չէ։ Այս ընթացքում սկսում է զարգանալ երեխայի մտածելու և տրամաբանելու ունակությունը, ինչը կօգնի նրան ճիշտ որոշումներ կայացնել չափահաս տարիքում։ Օգտվեք այս հնարավորությունից և լավ արժեքներ սերմանեք նրա մեջ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եբրայեցիներ 5։14։
Մի՛ հանձնվեք։ Շատ դեռահասներ, թվում է, դժկամությամբ են խոսում ծնողների հետ հասունացման շրջանի մասին։ Սակայն դա թող չխաբի ձեզ։ «Դեռահասը, ով այնպիսի տպավորություն է թողնում, ասես այդ թեման ձանձրալի ու տհաճ է և իրեն չի հետաքրքրում, կամ որ ինքը բացարձակապես չի լսում ձեզ, իրականում ձայնագրում է ձեր ամեն մի խոսքը»,— ասվում է պատանեկության մասին վերոնշյալ գրքում (You and Your Adolescent)։
^ պարբ. 8 Այս հոդվածում անունները փոխված են։