Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 4

Լինել պատասխանատու անձնավորություն

Լինել պատասխանատու անձնավորություն

ԻՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

Պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ հուսալի են։ Նրանք բարեխղճորեն են կատարում իրենց տրված հանձնարարությունները և դրանք ավարտին են հասցնում ճիշտ ժամանակին։

Պատասխանատվության զգացում կարելի է զարգացնել անգամ շատ փոքր տարիքի երեխաների մեջ, ովքեր դեռևս շատ բաներ չեն կարողանում անել։ Երեխաների դաստիարակության մասին մի գրքում ասվում է. «Մինչև 15 ամսականը երեխան արդեն կարողանում է անել ծնողների ասածները, իսկ մոտ 18 ամսականում նրա մեջ արդեն նկատվում է զանազան բաների մեջ ինքնակամ ներգրավվելու ձգտում։ Շատ մշակույթներում ծնողները սկսում են խթանել երեխաների օգտակար լինելու հակումը հատկապես հինգից յոթ տարեկանում, և անգամ այդքան փոքր տարիքում վերջիններս կարողանում են բավականին լավ կատարել տարբեր տնային գործեր» (Parenting Without Borders)։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Ներկայումս սկսել է գործածվել մի արտահայտություն՝ «բումերանգային սերունդ», որը վերաբերում է չափահաս տարիքի հասած այն երիտասարդներին, ովքեր հեռանում են տնից ու փորձում առանձին ապրել, բայց բախվելով դժվարությունների՝ վերադառնում են ծնողների մոտ։ Որոշ դեպքերում պատճառն այն է, որ նրանց չեն սովորեցրել ճիշտ տնօրինել փողը, տնային գործեր անել կամ պատասխանատվությամբ կատարել առօրյա տարբեր պարտականություններ։

Հետևաբար լավ կլինի այսօրվանից իսկ նրանց սովորեցնել, որ լինեն պատասխանատու մարդիկ, ինչը նրանց պետք կգա նաև չափահաս տարիքում։ Դաստիարակությանն առնչվող մեկ այլ գրքում ասվում է. «Բնականաբար, չենք ցանկանա երեխային ամեն հարցում մեզանից կախման մեջ պահել մինչև տասնութ տարեկանը, իսկ հետո նետել իրական կյանքի հորձանուտը» (How to Raise an Adult)։

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ

Տնային գործեր հանձնարարեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23

Երեխաները սովորաբար հաճույքով են ինչ-որ բան անում իրենց ծնողների հետ։ Այդ բնական հակումը լավագույնս օգտագործելով՝ տարբեր տնային գործեր հանձնարարեք նրանց։

Որոշ ծնողներ վարանում են այդպես վարվել։ Նրանք մտածում են, որ իրենց դպրոցահասակ երեխաները առանց այն էլ ամեն օր հսկայական քանակության տնային առաջադրանքներ են ստանում, և չարժե ավելի ծանրաբեռնել նրանց։

Բայց փաստ է, որ տնային գործեր անող երեխաները սովորաբար ավելի լավ են սովորում դպրոցում, քանի որ նման գործեր անելով՝ նրանք սովորում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել ու մինչև վերջ կատարել հանձնարարությունը։ Բացի այդ, ինչպես նշվում է վերոհիշյալ գրքում, «եթե ծնողը երեխային չի խրախուսում մասնակցել տան գործերին, երբ նա դեռ փոքր է և ունի այդպիսի ձգտում, դրանով նրան այն միտքն է ներշնչում, թե օգնելը այդքան էլ կարևոր չէ.... Նաև երեխան սկսում է մտածել, որ միշտ ուրիշները պետք է ամեն ինչ անեն իր փոխարեն» (Parenting Without Borders)։

Ինչպես երևում է այս մեջբերումից, տնային գործեր անելով՝ երեխաները սովորում են, որ չպետք է լինեն միայն «սպառողի» դերում, այլ պետք է իրենց «ներդրումն» ունենան ընտանիքում ու պետք է նաև տվող լինեն, ոչ թե միշտ ստացող։ Տնային գործեր անելը երեխաներին օգնում է հասկանալ, որ իրենք ընտանիքի լիարժեք անդամ են և պարտավորություններ ունեն ընտանիքի հանդեպ։

Սովորեցրեք պատասխանատվություն կրել սխալների համար

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որպեսզի ապագայում իմաստուն լինես» (Առակներ 19։20

Երբ երեխան սխալ բան է անում, օրինակ՝ պատահմամբ փչացնում է ինչ-որ մեկի գույքը, մի՛ փորձեք իսկույն ամեն ինչ կոծկել։ Երեխաները կարող են անձամբ պատասխանատվություն կրել իրենց արարքի համար՝ տվյալ դեպքում, օրինակ, ներողություն խնդրելով կամ գուցե նույնիսկ փոխհատուցելով պատճառած վնասը։

Իրենց սխալների համար պատասխանատվություն կրելով՝ երեխաները կսովորեն՝

  • լինել ազնիվ և ընդունել իրենց սխալը

  • մեղքը չգցել ուրիշների վրա

  • արդարացումներ չբերել

  • ներողություն խնդրել, երբ տեղին է