ԴԱՍ 6
Ունենալ բարձր բարոյական արժեքներ
ԻՆՉ ԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Բարոյական արժեքներ ունեցող մարդիկ հստակ հասկանում են՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Նրանց վարվելակերպը պայմանավորված չէ պահի թելադրանքով, այլ հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք նրանց համար հանդիսանում են հուսալի ուղեցույց, և որոնց համաձայն նրանք վարվում են, անգամ երբ իրենց ոչ ոք չի տեսնում։
ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ
Երեխաները աջից ու ձախից անընդհատ «ռմբակոծվում են» ճշտի ու սխալի վերաբերյալ աղավաղված տեսակետներով, լինի դա իրենց դասընկերների շրջապատում, իրենց լսած երաժշտության, դիտած ֆիլմերի կամ հեռուստահաղորդումների միջոցով։ Այդ ամենի ազդեցության ներքո նրանք գուցե սկսեն հարցականի տակ դնել ճշտի ու սխալի վերաբերյալ իրենց ունեցած համոզմունքները։
Սա հատկապես լուրջ խնդիր է դեռահասության տարիքում։ Երեխաների դաստիարակության վերաբերյալ մի գրքում ասվում է, որ մինչև այդ տարիքը երեխաները արդեն «պետք է հստակ հասկանան, որ հասակակիցները և զանգվածային տեղեկատվական միջոցները մեծ ճնշում են բանեցնում՝ ստիպելով հետևել որոշակի տենդենցների՝ ընդունված ու ճանաչված լինելու համար։ Նրանք նաև պետք է կարողանան որոշումներ կայացնել իրենց սեփական արժեքների ու նախասիրությունների հիման վրա, անգամ եթե դրա համար հարկ լինի իրենց ընկերների կարծիքին դեմ գնալ» (Beyond the Big Talk)։ Ուրեմն հստակ է, որ երեխաների բարոյական դաստիարակությունը անհրաժեշտ է սկսել նախքան դեռահասության շրջանը։
ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ
Սովորեցրեք ճշտի ու սխալի վերաբերյալ հստակ չափանիշներ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «[Հասուն մարդիկ] իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
-
Բարոյական հասկացություններ արտահայտող բառեր գործածեք։ Երեխայի հետ խոսեք առօրյա տարբեր իրավիճակների մասին և ցույց տվեք հակադրությունները՝ օգտագործելով բարոյական հասկացություններ արտահայտող բառեր, օրինակ՝ «սա ազնվություն է, իսկ սա՝ անազնվություն», «սա հավատարմության դրսևորում է, իսկ սա՝ անհավատարմության», «սա բարի վերաբերմունք է, սա՝ անբարյացակամ»։ Ժամանակի ընթացքում երեխան կկարողանա հստակ տեսնել բարոյական հասկացությունների կապը կոնկրետ արարքների հետ։
-
Հիմնավորեք ձեր սովորեցրած չափանիշները։ Օրինակ՝ այսպիսի հարցեր տվեք՝ ինչո՞ւ է ազնիվ լինելը լավագույն տարբերակը, ստելը ինչո՞ւ կարող է վնասել փոխհարաբերությունները, ինչո՞ւ է գողանալը սխալ։ Օգնեք, որ երեխան գործի դնի իր դատողությունն ու ձևավորվող խիղճը։
-
Բացատրեք, թե բարոյական չափանիշներին հետևելը ինչ օգուտներ է բերում։ Կարող եք ասել. «Եթե ազնիվ լինես, մարդիկ կվստահեն քեզ։ Եթե բարի լինես, մարդիկ հաճույքով կշփվեն քեզ հետ»։
Բարոյական չափանիշներին հետևելը դարձրեք ձեր ընտանիքում ընդունված կարգ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Թող նա իր լավ վարքով մեղմությամբ ցույց տա իր գործերը» (Հակոբոս 3։13)։
-
Ձեր սովորեցրած բարոյական չափանիշները պետք է դառնան ձեր ողջ ընտանիքի ապրելակերպի նորմերը, որպեսզի իրավամբ կարողանաք ասել.
-
«Մեր ընտանիքը չի ստում»։
-
«Մենք ձեռք չենք բարձրացնում և չենք բղավում մարդկանց վրա»։
-
«Մենք վիրավորական խոսքեր չենք օգտագործում»։
-
Այդպես երեխան կտեսնի, որ բարոյական չափանիշները ինչ-որ վերացական կանոններ չեն, այլ սկզբունքներ, որոնց համաձայն ապրում է ձեր ընտանիքը, և որոնցով ճանաչում են ձեզ։
-
Երեխայի հետ հաճախակի զրուցեք ձեր ընտանիքում ընդունված արժեքների մասին։ Դրանք սովորեցնելու համար օգտվեք առօրյա իրավիճակներից։ Կարող եք ձեր ունեցած արժեքները հակադրել հեռուստատեսությամբ կամ դպրոցում պրոպագանդվող արժեքների հետ։ Երեխային հարցրեք. «Դու ի՞նչ կանեիր։ Իսկ մեր ընտանիքը ինչպե՞ս կվարվեր այս դեպքում»։
Խրախուսեք ճիշտ վարքը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։
-
Գովեք լավ վարքի համար։ Եթե երեխան բարոյական բարձր չափանիշների համաձայն է վարվում, գովեք նրան և կոնկրետ նշեք՝ ինչի համար եք գովում։ Օրինակ՝ կարող եք ասել. «Դա շատ ազնիվ արարք էր, ապրե՛ս»։ Եթե երեխան խոստովանում է, որ ինչ-որ սխալ բան է արել, նախքան նրա սխալին անդրադառնալը անկեղծորեն գովեք նրան ազնվության համար։
-
Ուղղեք սխալ վարքը։ Այնպես արեք, որ երեխան պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Նա պետք է հստակ իմանա՝ ինչ սխալ է արել, և նրա վարվելակերպը ինչու չի համապատասխանում ընտանիքում ընդունված արժեքներին։ Որոշ ծնողներ վարանում են երեխայի հետ խոսել նրա սխալ պահվածքի մասին, որովհետև անհանգստանում են, թե նա «վատ կզգա»։ Բայց սխալ վարվելակերպը երեխայի հետ մանրամասնորեն վերլուծելը կօգնի, որ նա ունենա ճիշտ դաստիարակված խիղճ, որը կհուշի նրան՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։