Նախապաշարում. ախտահարված չե՞ք արդյոք
Նախապաշարումը նման է վիրուսի։ Այդ վիրուսը այնպես է ախտահարում մարդուն, որ վերջինս չի էլ գիտակցում, թե վարակված է։
Մարդիկ նախապաշարումներ կարող են ունենալ ոչ միայն նրանց դեմ, ովքեր ուրիշ ազգից են, ռասայից, ցեղից կամ էլ օտարալեզու են, այլև նրանց դեմ, ովքեր հակառակ սեռի են, ուրիշ կրոն են դավանում կամ էլ սոցիալական այլ կարգավիճակ ունեն։ Ոմանց համար էլ բացասական կանխատրամադրվածության պատճառ կարող են լինել մարդու տարիքը, ստացած կրթությունը, արտաքին տեսքը կամ ֆիզիկական սահմանափակումները։ Այնուամենայնիվ, այդ մարդիկ, հնարավոր է, կարծում են, թե իրենք զերծ են նախապաշարումներից։
Իսկ հնարավո՞ր է, որ դուք էլ ախտահարված լինեք նախապաշարման վիրուսով։ Մեզանից շատերը հեշտությամբ նկատում են, երբ դիմացինը նախապաշարումներ է ունենում։ Բայց, այ, մեր մեջ դժվարանում ենք դրանք նկատել։ Սակայն իրականությունն այն է, որ բոլորս էլ որոշ չափով նախապաշարված ենք։ Սոցիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ուիլյամսը ասում է, որ եթե մարդ ինչ-որ խմբի մասին բացասական կարծիք ունի, ապա նրանցից մեկին հանդիպելիս «ակամայից խտրականություն կդրսևորի նրա նկատմամբ՝ չգիտակցելով անգամ, որ նախապաշարման ազդեցության տակ է»։
Բալկանյան երկրներից մեկում ազգային փոքրամասնություն կազմող մի խումբ կա։ Այդ տարածքում բնակվող Յովիցա անունով մի տղամարդ ասում է. «Կարծում էի, թե այդ խմբին պատկանող ոչ մի մարդ չի կարող լավը լինել։ Մտքովս էլ չէր անցնում, որ նախապաշարված եմ։ Ինքս ինձ ասում էի. «Նրանք այդպիսին են։ Դա փաստ է»»։
Շատ երկրներ բազմաթիվ օրենքներ են ընդունել ռասայական խտրականության կամ նախապաշարման այլ դրսևորումների դեմ պայքարելու համար։ Սակայն նախապաշարումը շարունակում է ախտահարել մարդկային հասարակությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ օրենքները ստեղծված են մարդկանց արարքները սահմանափակելու համար, բայց դրանց միջոցով հնարավոր չէ վերահսկել մարդկանց մտքերն ու հույզերը։ Մինչդեռ նախապաշարումները մտքում ու սրտում են ձևավորվում։ Ուրեմն ի՞նչ, նախապաշարումների դեմ պայքարն անիմա՞ստ է։ Այդ ախտն անբուժելի՞ է։
Հաջորդ հոդվածներում քննարկվում է հինգ սկզբունք, որոնք բազմաթիվ մարդկանց օգնել են պայքարել իրենց մտքում ու սրտում բույն դրած նախապաշարումների դեմ։