Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Ինչպես ճիշտ սեռական դաստիարակություն տալ երեխային

Ինչպես ճիշտ սեռական դաստիարակություն տալ երեխային

ԽՆԴԻՐ

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծնողները հնարավորություն ունեին առաջինը խոսելու իրենց երեխայի հետ սեռական հարաբերությունների մասին։ Եվ նրանք կարող էին երեխային այդ մասին տեղեկություններ տալ աստիճանաբար՝ ելնելով նրա տարիքից ու կարիքներից։

Բայց այսօր ամեն բան փոխվել է։ Ինչպես նշվում է մի գրքում, «երեխաները գնալով ավելի ու ավելի վաղ տարիքից են սկսում սեռական բնույթի տեղեկություններ ստանալ, և այդպիսի բովանդակության նյութերը ավելի են շատանում երեխաների համար նախատեսված ժամանցային ու տեղեկատվական միջոցներում» (The Lolita Effect)։ Ինչպե՞ս է այս իրողությունն անդրադառնում երեխաների վրա։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Սեռական բնույթի տեղեկություններն ամենուր են։ Դեբորա Ռոֆմանը իր գրքում նշում է. «Սեքսուալ պատկերները, սեքսի մասին արտահայտություններն ու ակնարկները ամենուր են՝ զրույցներում, գովազդներում, ֆիլմերում, գրքերում, երգերի խոսքերում, հեռուստաշոուներում, տպագիր նյութերում, խաղերում, գովազդային վահանակների վրա, հեռախոսների ու համակարգիչների էկրաններին։ Եվ այդ ամենի պատճառով շատերը [պատանիները, նախապատանեկան տարիքի և նույնիսկ ավելի փոքր երեխաները], գուցեև անգիտակցաբար, գալիս են այն եզրակացության, թե սեքսը.... ամենակարևոր բանն է կյանքում» (Talk to Me First)։

Առևտրային համակարգի դերը։ Գովազդատուներն ու առևտրային կազմակերպությունները գովազդում և վաճառում են ցանկահարույց շորեր երեխաների համար՝ վաղ տարիքից սովորեցնելով նրանց չափազանց մեծ կարևորություն տալ արտաքինին։ Մի գրքում նշվում է. «Առևտրային ոլորտի մասնագետները գիտեն, որ երեխաները ցանկանում են ընդունված լինել իրենց շրջապատում և այդ փաստն օգտագործում են ի շահ իրենց.... Զանազան սեքսուալ ոճերի և արտադրանքի ստեղծման նպատակը ոչ թե երեխաներին սեռական հարաբերությունների դրդելն է, այլ այն, որ մղեն նրանց գնելու իրենց արտադրած ապրանքը» (So Sexy So Soon)։

Միայն տեղեկություն տալը բավարար չէ։ Իմանալ, թե ինչպես է աշխատում մեքենան, դեռ չի նշանակում լինել պատասխանատու վարորդ։ Նմանապես սեռական հարաբերությունների մասին գիտելիքներ ունենալը դեռ երաշխիք չէ, որ անհատը իմաստուն որոշումներ կկայացնի այդ հարցում։

Հետևություն։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ օգնեք ձեր երեխային մարզելու իր «ըմբռնողականությունը», որ կարողանա «ճիշտն ու սխալը զանազանել» (Եբրայեցիներ 5։14

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Կատարեք ձեր պարտականությունը։ Ինչքան էլ անհարմար զգաք, միևնույնն է, ձեր երեխայի հետ սեռական հարաբերությունների մասին խոսելը ձեր պարտականությունն է։ Այնպես որ մի՛ խուսափեք դրանից։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 22։6։

Կարճ զրույցներ վարեք։ Մեկ անգամ երկար զրուցելու փոխարեն օգտվեք պատահական առիթներից ու խոսեք այդ թեմայով, օրինակ, երբ երկուսով մեքենայով տեղ եք գնում կամ ինչ-որ առօրյա գործ եք անում։ Որպեսզի երեխան ազատորեն արտահայտվի, նրան տեսակետ բացահայտող հարցեր տվեք։ Օրինակ՝ փոխանակ հարցնելու՝ «քեզ գրավո՞ւմ են այդպիսի գովազդները»՝ կարող եք այսպիսի հարց տալ՝ «քո կարծիքով՝ ինչո՞ւ են գովազդատուները նման պատկերներ օգտագործում իրենց ապրանքը գովազդելու համար»։ Երեխայի պատասխանը լսելուց հետո կարող եք հարցնել՝ «իսկ դո՞ւ ինչպես ես վերաբերվում այդ ամենին»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 2 Օրենք 6։6, 7։

Տարիքին համապատասխան տեղեկություններ տվեք։ Նախադպրոցական տարիքի երեխային կարելի է սովորեցնել սեռական օրգանների ճիշտ անունները։ Նաև հարկավոր է բացատրել, թե ինչպես պաշտպանի իրեն մանկապիղծներից։ Երբ մի քիչ մեծանա, կարելի է նրան հայտնել բեղմնավորման վերաբերյալ հիմնական տեղեկությունները։ Իսկ հասունացման տարիքում նա արդեն պետք է լիարժեք գիտելիքներ ունենա սեռական հարաբերությունների և դրան առնչվող բարոյական չափանիշների մասին։

Բարոյական արժեքներ սերմանեք։ Վաղ տարիքից երեխային սովորեցրեք, թե որքան կարևոր է լինել ազնիվ, բարոյապես մաքուր ու հարգանք դրսևորել մարդկանց հանդեպ։ Եվ հետագայում, երբ հարկ լինի խոսել սեռական հարաբերությունների մասին, ձեզ համար ավելի հեշտ կլինի նրան սովորեցնել դրան առնչվող բարոյական չափանիշները։ Երեխային հստակ բացատրեք ձեր տեսակետը։ Օրինակ՝ եթե մինչամուսնական սեռական հարաբերությունները անպարկեշտ եք համարում, ասեք այդ մասին երեխային։ Նաև բացատրեք, թե ինչու եք դա սխալ ու վնասաբեր համարում։ Մի գրքում ասվում է. «Այն պատանիները, ովքեր գիտեն, որ իրենց ծնողները դեմ են դեռահասների միջև սեռական հարաբերություններին, քիչ հավանական է, որ սեռական հարաբերություն կունենան» (Beyond the Big Talk)։

Լավ օրինակ եղեք։ Ապրեք այն բարոյական արժեքների համաձայն, որ սովորեցնում եք ձեր երեխաներին։ Եթե դուք ծիծաղում եք անպարկեշտ կատակների վրա, ցանկահարույց հագուստ եք կրում կամ ֆլիրտ եք անում, այդպիսով արժեզրկում եք այն բարոյական չափանիշները, որ փորձում եք սերմանել նրանց մեջ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 2։21։

Դրականորեն արտահայտվեք։ Սեռական հարաբերությունները Աստծուց տրված պարգև են և ճիշտ հանգամանքներում, այսինքն՝ ամուսնական կյանքում, դրանք կարող են մեծ բավականություն պատճառել մարդուն (Առակներ 5։18, 19)։ Բացատրեք երեխային, որ հետագայում նա կարող է վայելել այդ պարգևը՝ խուսափելով այն ցավից ու աղետալի հետևանքներից, որ բերում են մինչամուսնական սեռական հարաբերությունները (1 Տիմոթեոս 1։18, 19