Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վճռել եմ Քրիստոսի զինվոր լինել

Վճռել եմ Քրիստոսի զինվոր լինել

Զինվորները սկսեցին կրակել։ Մինչ շուրջս գնդակներ էին սուրում, իմ թաքստոցից սպիտակ թաշկինակ բարձրացրի։ Զինվորները բղավեցին, որ դուրս գամ։ Զգուշորեն մոտեցա նրանց՝ չիմանալով՝ կենդանի կմնամ, թե ոչ։ Ինչպե՞ս էի հայտնվել այդ վտանգավոր իրավիճակում։

ԼՈՒՅՍ աշխարհ եմ եկել 1926 թ.-ին Հունաստանի Կարիցա փոքր գյուղում՝ աշխատավոր մարդկանց ընտանիքում։ Ութ երեխաներից յոթերորդն էի։

Դրանից մի տարի առաջ ծնողներս հանդիպել էին Իոաննիս Պապարիզոսին, որը Աստվածաշունչ ուսումնասիրող էր, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Ծնողներիս տպավորել էին այդ եռանդուն ու շփվող մարդու աստվածաշնչյան գիտելիքներն ու տրամաբանությունը, և նրանք սկսել էին հաճախել մեր գյուղի Աստվածաշունչ ուսումնասիրողների հավաքույթներին։ Մայրս անսասան հավատ ուներ ու, թեև անուսում էր, ամեն հարմար առիթով խոսում էր իր հավատի մասին։ Ցավոք, հայրս կենտրոնացավ մարդկանց անկատարության վրա և դադարեց ժողովի հանդիպումներին հաճախելուց։

Մենք՝ երեխաներս, հարգում էինք Աստվածաշունչը, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր խաղը և ընկերների հետ ժամանակ անցկացնելը։ 1939 թ.-ին, երբ Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, մեր գյուղում մի դեպք տեղի ունեցավ, որը ցնցեց մեզ։ Իմ զարմիկը՝ Նիկոլայոս Փսառասը, որն ապրում էր մեր հարևանությամբ, և որը վերջերս էր մկրտվել ու դարձել Եհովայի վկա, զորակոչվեց հունական բանակ։ Այդ ժամանակ նա քսան տարեկան էր։ Նիկոլայոսը զինվորականներին անվախորեն ասաց. «Ես չեմ կարող կռվել, քանի որ Քրիստոսի զինվոր եմ»։ Զինվորական դատարանը նրան դատապարտեց տասը տարվա ազատազրկման։

1941-ին, երբ դաշնակից զորքերը կարճ ժամանակով մտան Հունաստան, Նիկոլայոսը ազատվեց բանտից։ Նա վերադարձավ Կարիցա։ Մեծ եղբայրս՝ Իլիասը, ցանկանալով ավելին իմանալ Աստվածաշնչի մասին, հարցերի տարափ տեղաց նրա վրա։ Ես մեծ ուշադրությամբ լսում էի նրանց զրույցը։ Դրանից հետո ես, Իլիասը և մեր փոքր քույրը՝ Էվմորֆիան, սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել և կանոնավորաբար Վկաների հավաքույթներին հաճախել։ Հաջորդ տարի երեքս էլ մեր կյանքը Եհովային նվիրեցինք ու մկրտվեցինք։ Հետագայում երկու եղբայրներս ու երկու քույրերս նույնպես դարձան Վկաներ։

1942 թ.-ին Կարիցայի ժողովում ինը երիտասարդ եղբայրներ և քույրեր կային՝ 15–25 տարեկան։ Մենք հասկանում էինք, որ մեզ ծանր փորձություններ են սպասում։ Ուստի իրար զորացնելու համար, երբ հնարավոր էր լինում, հավաքվում էինք, Աստվածաշունչ ուսումնասիրում, հոգևոր երգեր երգում և աղոթում։ Դրա շնորհիվ մեր հավատը ամրացավ։

Դիմիտրիոսը և իր ընկերները (Կարիցա)

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Երբ Համաշխարհային պատերազմը մոտենում էր ավարտին, հույն կոմունիստները ապստամբեցին կառավարության դեմ և քաղաքացիական պատերազմ հրահրեցին։ Կոմունիստ պարտիզանները մտնում էին գյուղեր և բնակիչներին ստիպում անցնել իրենց շարքերը։ Երբ մտան մեր գյուղ, Անտոնիոս Ցուկարիսին, Իլիասին և ինձ առևանգեցին։ Փորձեցինք նրանց բացատրել, որ մենք քրիստոնյաներ ենք և չեզոք ենք այդ պայքարում։ Սակայն նրանք մեզ ստիպեցին քայլել դեպի Օլիմպոս լեռը, որտեղ հասնելու համար մեր գյուղից պետք է մոտ 12 ժամ գնայինք։

Դրանից շատ չանցած՝ մի կոմունիստ սպա մեզ հրամայեց միանալ իրենց պարտիզանական ջոկատին։ Երբ նրան բացատրեցինք, որ ճշմարիտ քրիստոնյաները իրենց մերձավորի դեմ զենք չեն բարձրացնում, նա զայրացավ ու մեզ քարշ տալով տարավ գեներալի մոտ։ Նույնը գեներալին բացատրեցինք։ Վերջինս հրամայեց. «Այդ դեպքում վիրավորներին ռազմադաշտից ջորիով կտեղափոխեք հիվանդանոց»։

«Իսկ եթե գերի ընկնենք, չե՞ն կարծի, թե մենք իրենց դեմ կռվողներից ենք»,— պատասխանեցինք մենք։ «Ուրեմն հաց կտանեք ռազմաճակատ»,— ասաց գեներալը։ «Իսկ եթե սպան տեսնի մեզ ջորիով ու հրամայի զենք տանել ռազմաճակա՞տ»,— նորից առարկեցինք մենք։ Երկար մտածելուց հետո գեներալը ասաց. «Ոչխարներին հո կարող եք տիրություն անել։ Ուրեմն մնացեք լեռան վրա ու ոչխարներին հոգ տարեք»։

Հաշվի առնելով պատերազմական դրությունը՝ երեքս էլ մտածեցինք, որ մեր խիղճը թույլ կտա ոչխարներին հովվել։ Մեկ տարի անց Իլիասին թույլ տվեցին տուն վերադառնալ, որպեսզի խնամի այրիացած մորս, քանի որ նա ծնողներիս ավագ որդին էր։ Իսկ Անտոնիոսը հիվանդացավ և ազատ արձակվեց։ Սակայն ինձ շարունակեցին այնտեղ գերի պահել։

Այդ ընթացքում հունական բանակը սկսեց գրոհել կոմունիստների ջոկատների վրա։ Այն ջոկատը, որտեղ գերի էի, փախավ լեռները՝ Ալբանիայի կողմը։ Սահմանի մոտ մենք շրջափակման մեջ հայտնվեցինք։ Ապստամբները սկսեցին խուճապահար փախչել։ Ես թաքնվեցի գետնին ընկած մի ծառի հետևում, որից հետո տեղի ունեցավ այն, ինչ պատմեցի հոդվածի սկզբում։

Երբ զինվորներին ասացի, որ կոմունիստների մոտ գերի էի, ինձ տարան զինվորական ճամբար, որպեսզի որոշեն, թե ինձ հետ ինչպես վարվեն։ Ճամբարը գտնվում էր Վերիա քաղաքի մոտ. դա աստվածաշնչյան ժամանակների Բերիա քաղաքն է։ Այնտեղ ինձ հրամայեցին խրամատներ փորել։ Երբ հրաժարվեցի, հրամանատարը ինձ աքսորեց Մակրոնիսոս կղզի, որն այն ժամանակ սարսափ ներշնչող կալանավայր էր։

ՍԱՐՍԱՓԻ ԿՂԶԻ

Մակրոնիսոս կղզին բուսականությունից զերծ, անջուր և արևակեզ ժայռակտոր է, որը գտնվում է Ատտիկայի ափի մերձակայքում՝ Աթենքից մոտ 50 կիլոմետր (30 մղոն) հեռավորության վրա։ Այս կղզին ունի ընդամենը 13 կիլոմետր (8 մղոն) երկարություն, իսկ ամենալայն հատվածում՝ 2,5 կիլոմետր (1,5 մղոն) լայնություն։ Այդուհանդերձ, 1947–1958 թվականներին այն ծառայել է որպես կալանավայր ավելի քան 100 000 բանտարկյալների համար, որոնց մեջ եղել են կոմունիստներ և այնպիսի մարդիկ, որոնք կասկածվում էին կոմունիստ լինելու մեջ, ընդդիմադիր ապստամբներ, ինչպես նաև բազմաթիվ հավատարիմ Եհովայի վկաներ։

Երբ 1949-ի սկզբին ինձ բերեցին այստեղ, բանտարկյալները տեղաբաշխված էին մի քանի ճամբարներում։ Ես մի քանի հարյուր հոգու հետ պետք է մնայի մի ճամբարում, որտեղ խիստ հսկողություն չկար։ Մոտ 40 հոգով քնում էինք 10-տեղանոց բրեզենտի վրաններում՝ գետնի վրա։ Խմում էինք կեղտոտ ջուր և հիմնականում ուտում էինք ոսպ ու բադրիջան։ Մշտապես սուրող քամին ու փոշին անտանելի էին դարձնում առանց այն էլ թշվառ կյանքը։ Չնայած դրան՝ ուրախ էինք, որ ստիպված չէինք ուրիշ շատ բանտարկյալների պես անվերջ քար կրելու. տանջանքի մի ձև, որ կիրառում էին մարդկանց կոտրելու համար։

Մակրոնիսոս կղզի աքսորված մյուս Վկաների հետ

Մի օր ափով քայլելիս հանդիպեցի մի քանի Վկաների, որոնք ուրիշ ճամբարներից էին։ Որքա՜ն ուրախ էինք, որ միասին էինք։ Շրջահայացություն դրսևորելով՝ հանդիպում էինք, երբ հնարավոր էր լինում։ Նաև զգուշորեն քարոզում էինք մյուս բանտարկյալներին, որոնցից մի քանիսը հետագայում դարձան Եհովայի վկաներ։ Այս ամենը, ինչպես նաև սրտագին աղոթքը մեզ օգնեցին, որ հոգևորապես ամուր մնանք։

ՎԱՌՎՈՂ ՀՆՈՑԻ ՄԵՋ

Տասը ամիս ինձ «վերադաստիարակելուց» հետո ղեկավարությունը որոշեց, որ արդեն ժամանակն է՝ զինվորական համազգեստ կրեմ։ Երբ հրաժարվեցի, ինձ տարան ճամբարի հրամանատարի մոտ։ Նրան մի գրություն տվեցի. «Ես ուզում եմ միայն Քրիստոսի զինվոր լինել»։ Հրամանատարը, վրաս սպառնալիքներ տեղալով, ինձ հանձնեց իր տեղակալին՝ հույն ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսին, որի հագին կրոնական հանդերձանք էր։ Երբ սկսեցի նրա հարցերին անվախորեն պատասխանել Աստվածաշնչից, նա զայրացած բղավեց. «Տարե՛ք սրան։ Սա մոլեռա՛նդ է»։

Հաջորդ առավոտ զինվորները դարձյալ հրամայեցին ինձ զինվորական համազգեստ հագնել։ Երբ մերժեցի, սկսեցին բռունցքներով ու փայտե մահակով հարվածել ինձ։ Ապա տարան ճամբարի հիվանդասենյակ՝ ստուգելու՝ կոտրվածքներ ունեմ, թե ոչ, հետո քարշ տալով հետ տարան վրան։ Այսպես շարունակվեց ամեն օր՝ երկու ամիս։

Քանի որ զիջման չէի գնում, կատաղած զինվորները նոր մեթոդ փորձեցին։ Նրանք հետևում կապեցին ձեռքերս և սկսեցին պարանով դաժանորեն մտրակել ոտնաթաթերիս տակը։ Սարսափելի ցավի մեջ հիշեցի Հիսուսի խոսքերը. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ.... Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։11, 12)։ Այն, ինչը մի ամբողջ հավիտենություն էր թվում, ավարտվեց. գիտակցությունս կորցրի։

Ուշքի եկա սառը խցում՝ առանց հացի, ջրի և ծածկոցի։ Այնուամենայնիվ, իմ ներսը խաղաղ էր ու հանգիստ։ Ինչպես Աստվածաշունչն է խոստանում, «Աստծու խաղաղությունը» պահպանում էր իմ սիրտն ու միտքը (Փիլիպ. 4։7)։ Հաջորդ օրը մի բարի զինվոր ինձ հաց ու ջուր տվեց, նաև վերարկու։ Հետո մեկ ուրիշ զինվոր սկսեց իր օրապարենը տալ։ Այս և այլ կերպերով Եհովան միշտ հոգ էր տանում իմ մասին։

Իշխանությունները ինձ պիտակեցին որպես անուղղելի խռովարար և ուղարկեցին Աթենք՝ կանգնելու զինվորական դատարանի առաջ։ Ինձ երեք տարվա ազատազրկման դատապարտեցին Յարոս կղզում, որը գտնվում էր Մակրոնիսոսից 50 կիլոմետր (30 մղոն) դեպի արևելք։

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ ՁԵԶ»

Յարոսի բանտը կարմիր աղյուսներից կառուցված հսկայական ամրոց էր, որտեղ պահվում էր 5 000 քաղբանտարկյալ։ Այնտեղ քրիստոնեական չեզոքության համար բանտարկված էր նաև յոթ Եհովայի վկա։ Չնայած որ խիստ արգելք էր դրված, մենք թաքուն հավաքվում էինք ու միասին Աստվածաշունչ ուսումնասիրում։ Կանոնավորաբար գաղտնի ճանապարհով նույնիսկ «Դիտարան» էինք ստանում, որն արտագրում էինք, որպեսզի օգտագործեինք ուսումնասիրության ժամանակ։

Մի օր, երբ գաղտնի ուսումնասիրություն էինք անում, հսկիչը տեսավ և գրականությունը ձեռքներիցս վերցրեց։ Մեզ կանչեցին բանտապետի տեղակալի մոտ։ Համոզված էինք, որ մեր պատժաչափը կերկարացնեն։ Ի զարմանս մեզ՝ նա ասաց. «Մենք գիտենք՝ դուք ով եք, և հարգում ենք ձեր դիրքորոշումը։ Գիտենք, որ կարող ենք վստահել ձեզ։ Գնացեք աշխատելու»։ Նա մեզանից մի քանիսին ավելի հեշտ գործ տվեց։ Մեր սրտերը երախտագիտությամբ լցվեցին։ Ուրախ էինք, որ նույնիսկ բանտում կարողացանք մեր հավատարմությամբ փառք բերել Եհովային։

Մեր հաստատակամությունը ուրիշ լավ արդյունքներ էլ բերեց։ Տեսնելով մեր լավ վարքը՝ մի բանտարկյալ, որը մաթեմատիկոս էր, սկսեց հարցեր տալ մեր հավատի մասին։ Երբ 1951-ի սկզբին մեզ՝ Վկաներիս, ազատ արձակեցին, նա նույնպես ազատվեց։ Հետագայում այդ տղամարդը մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա, նաև լիաժամ քարոզիչ։

ԱՌԱՅՍՕՐ ԶԻՆՎՈՐ ԵՄ

Կնոջս՝ Ջանետի հետ

Ազատ արձակվելուց հետո վերադարձա տուն՝ Կարիցա։ Հետագայում իմ հայրենակիցներից շատերի հետ գաղթեցի Մելբուրն (Ավստրալիա)։ Այնտեղ հանդիպեցի մի հրաշալի քրոջ՝ Ջանետին, և մենք ամուսնացանք։ Ունեցանք մի որդի ու երեք դուստր, որոնց մեծացրինք Աստծու ճանապարհների համաձայն։

Այսօր, թեպետ 90-ն անց եմ, շարունակում եմ ժողովում ծառայել որպես երեց։ Անցյալում ստացած վնասվածքների պատճառով երբեմն մարմինս ու ոտքերս ցավում են, հատկապես քարոզչական ծառայությունից հետո։ Չնայած դրան՝ ես առաջվա պես հաստատակամությամբ եմ լցված՝ լինելու Քրիստոսի զինվորը (2 Տիմոթ. 2։3