Գիտեի՞ք արդյոք
Հին ժամանակներում նավով ինչպե՞ս էին ուղևորափոխադրումներ իրականացվում
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ օրերում ուղևորատար նավեր չկային։ Ուստի նավով ճանապարհորդելու համար մարդիկ հարցուփորձ էին անում և ճշտում, թե առևտրական՝ բեռնատար նավերից որն է մեկնելու իրենց ուզած վայրը, և արդյոք այն կարող է ուղևորներ վերցնել (Գործ. 21։2, 3)։ Եթե նավը չէր ուղևորվում հենց այն քաղաքը, ուր իրենք ցանկանում էին հասնել, նրանք նավահանգիստներից մեկում իջնում էին և ուրիշ նավ էին փնտրում, որն իրենց կտաներ այդ վայրը կամ դրան հնարավորինս մոտ գտնվող նավահանգիստ (Գործ. 27։1–6)։
Ծովային ուղևորությունները տարվա կոնկրետ ժամանակահատվածներում էին իրականացվում, բայց ստույգ չվացուցակ չկար։ Նավաստիները ճանապարհորդությունը կարող էին հետաձգել ոչ միայն անբարենպաստ եղանակի, այլև իրենց սնոտիապաշտական հավատալիքների պատճառով։ Օրինակ՝ նրանց համար վատ նախանշան էր, երբ ագռավը նստում էր իրենց նավի վրա ու կռկռում, կամ էլ երբ ծովի ալիքները խորտակված նավի բեկորներ էին բերում ափ։ Ծով դուրս գալու համար նավաստիները հետևում էին օդի հոսանքներին, և երբ բարենպաստ քամի էր փչում, նրանք բարձրացնում էին առագաստները և ճանապարհ ընկնում։ Երբ ճամփորդը իմանում էր, թե որ նավը կարող է ուղևոր վերցնել, համապատասխան օրը իր բեռներով գնում էր նավահանգիստ ու սպասում, մինչև որ հայտարարեին, թե երբ է նավը մեկնում։
Պատմաբան Լայոնել Քեյսոնը ասում է. «Հռոմում ուղևորներին շատ հարմար ծառայություն էր մատուցվում, որը նրանց ազատում էր նավ փնտրելու գլխացավանքից։ Նավահանգիստը գտնվում էր Տիբերի գետաբերանին։ Մերձակա Օստիա քաղաքում մեծ հրապարակ կար, որտեղ գրասենյակներ էին տեղակայված։ Դրանցից շատերը պատկանում էին տարբեր նավահանգիստներ ներկայացնող բեռնառաքիչների։ Օրինակ՝ այնտեղ ներկայացուցիչներ կային Նարբոն [ներկայումս գտնվում է Ֆրանսիայում], Կարթագեն [այժմ գտնվում է Թունիսում] և այլ նավահանգիստներից։ Ճանապարհորդել ցանկացողին պարզապես մնում էր այդ գրասենյակներում ճշտել նավերի երթուղին»։
Հարկ է նշել, որ թեև ծովային ուղևորությունները խնայում էին ճանապարհորդների ժամանակը, սակայն անվտանգ չէին։ Օրինակ՝ Պողոս առաքյալը իր միսիոներական շրջագայությունների ժամանակ մի քանի անգամ նավաբեկության է ենթարկվել (2 Կորնթ. 11։25)։