Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է նշանակում Ղևտական 19։16-ում գրված «մերձավորիդ կյանքի դեմ ոտնձգություն չանես» պատվերը, և մենք ի՞նչ կարող ենք սովորել դրանից

Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ սուրբ լինեն։ Ուստի նա նաև հետևյալ պատվերն էր տվել. «Քո ժողովրդի մեջ զրպարտություն անելու նպատակով չշրջես։ Մերձավորիդ կյանքի դեմ ոտնձգություն չանես։ Ես Եհովան եմ» (Ղևտ. 19։2, 16

«Մերձավորիդ կյանքի դեմ ոտնձգություն չանես» արտահայտությունը եբրայերեն լեզվում բառացի հետևյալ կերպ է հնչում. «Մերձավորիդ արյան դեմ չկանգնես»։ Բայց ի՞նչ է դա նշանակում։ «Ղևտական» գրքի մասին հրեական մի աշխատության մեջ ասվում է. «Աստվածաշնչյան համարի այս հատվածը.... դժվար է հասկանալ, քանի որ [այստեղ նշված] եբրայերեն դարձվածքի իմաստը ամբողջությամբ պարզ չէ»։

Որոշ գիտնականներ այս արտահայտությունը կապում են նախորդ համարի հետ, որտեղ ասվում է. «Դատաստանի ժամանակ անարդարություն չանես։ Խեղճի հետ կողմնապահությամբ չվարվես և նախապատվությունը մեծավորին չտաս։ Դրացուդ արդարությամբ դատիր» (Ղևտ. 19։15)։ Այս պարագայում 16-րդ համարում գրված պատվերը՝ «մերձավորիդ կյանքի դեմ ոտնձգություն չանես», կարող է նշանակել, որ Աստծու ժողովուրդը չպետք է անարդար վարվեր իր մերձավորի հետ դատական գործեր քննելիս, ֆինանսական կամ ընտանեկան հարցեր լուծելիս, ինչպես նաև չպետք է աղավաղեր փաստերը շահ ստանալու նպատակով։ Ինչ խոսք, մենք չպետք է նման բաներ անենք, սակայն 16-րդ համարում նշված արտահայտությունը ավելի տրամաբանական բացատրություն ունի։

Քննենք համարի առաջին մասը։ Աստված պատվիրում է իր ժողովրդին զրպարտություն չանել։ Հիշենք, որ զրպարտությունը ավելի վնասակար է, քան բամբասանքը, թեև բամբասանքը նույնպես կարող է խնդիրների պատճառ դառնալ (Առակ. 10։19; Ժող. 10։12–14; 1 Տիմոթ. 5։11–15; Հակ. 3։6)։ Զրպարտությունը սովորաբար արտահայտվում է խոսքերով և նպատակ ունի արատավորելու մարդու համբավը։ Զրպարտող անհատը գուցե կեղծ վկայություն տա մեկ այլ անհատի դեմ, անգամ եթե դա վտանգի տակ է դնում վերջինիս կյանքը։ Հիշենք այն զրպարտիչներին, ովքեր կեղծ վկայություն տվեցին Նաբովթի դեմ, ինչի հետևանքով նրան անարդարացիորեն քարկոծեցին (1 Թագ. 21։8–13)։ Տեսնում ենք, որ զրպարտիչը կարող էր ոտնձգություն անել ինչ-որ մեկի կյանքի դեմ, ինչպես նշվում է Ղևտական 19։16-րդ համարի երկրորդ մասում։

Բացի այդ՝ դիտավորյալ արված զրպարտության պատճառը կարող է լինել ատելությունը։ 1 Հովհաննես 3։15-ում գրված է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ»։ Հատկանշական է, որ Ղևտական 19։16-ին հաջորդող խոսքերում Աստված պատվիրեց. «Սրտումդ քո եղբորը չատես» (Ղևտ. 19։17

Այսպիսով՝ Ղևտական 19։16-ում նշված արտահայտությունը սթափեցնող հորդոր է տալիս քրիստոնյաներին։ Մենք պետք է խուսափենք ուրիշների մասին վատ բաներ մտածելուց և երբեք չպետք է զրպարտենք որևէ մեկին։ Պարզ ասած, եթե «ոտնձգություն անենք» ինչ-որ մեկի դեմ, այսինքն՝ զրպարտենք նրան՝ հակակրանքից կամ նախանձից դրդված, ապա դա կարող է վկայել մեր մեջ եղած ատելության մասին։ Իսկ քրիստոնյաները պետք է խուսափեն ատելությունից (Մատթ. 12։36, 37