Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ալիսա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Թուրքիա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Թուրքիա

ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ քրիստոնյաները ջանք չէին խնայում Թագավորության բարի լուրը հնարավորինս շատ մարդկանց հասցնելու համար (Մատթ. 24։14)։ Ոմանք նույնիսկ գնում էին ուրիշ երկրներ։ Օրինակ՝ Պողոս առաքյալը իր միսիոներական շրջագայության ժամանակ գնաց այն տարածք, որտեղ այժմ գտնվում է Թուրքիան։ * Մոտ 2 000 տարի հետո՝ 2014 թ.-ին, Թուրքիայում հատուկ քարոզարշավ կազմակերպվեց։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ։ Ովքե՞ր մասնակցեցին դրան։

«Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Թուրքիայում կա ավելի քան 2 800 քարոզիչ, իսկ երկրում բնակվում է 79 միլիոն մարդ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քարոզչին բաժին է ընկնում մոտ 28 000 բնակիչ։ Ուստի դժվար չէ պատկերացնել, թե այս երկրում որքան քիչ թվով մարդիկ կարող են լսած լինել բարի լուրը։ Հատուկ քարոզարշավի նպատակն էր կարճ ժամանակում բարի լուրը հասցնել հնարավորինս շատ մարդկանց։ Մոտ 550 թուրքախոս եղբայրներ ու քույրեր այլ երկրներից եկան Թուրքիա և քարոզարշավի ընթացքում համագործակցեցին տեղի Վկաների հետ։ Ինչպիսի՞ արդյունքներ եղան։

Լայնամասշտաբ վկայություն տրվեց։ Ստամբուլի ժողովներից մեկը գրել է. «Երբ մարդիկ տեսնում էին մեզ, հարցնում էին. «Հատուկ համաժողո՞վ կա այստեղ։ Ամեն տեղ Եհովայի վկաների ենք տեսնում»»։ Իսկ մի ժողով Իզմիր քաղաքից գրել է. «Տաքսիների կայանատեղում աշխատող մի մարդ մոտեցավ տեղի երեցներից մեկին և հարցրեց. «Ի՞նչ է կատարվում։ Դուք ընդարձակե՞լ եք ձեր գործունեությունը»»։ Այո՛, քարոզարշավն աննկատ չմնաց։

Ստեֆեն

Արտերկրից եկած քույրերն ու եղբայրները մեծ հաճույք ստացան քարոզչական գործից։ Ստեֆենը, որը Դանիայից է, ասում է. «Ամեն օր կարող էի քարոզել մարդկանց, ովքեր երբեք Եհովայի մասին չէին լսել։ Այնպիսի զգացողություն ունեի, որ հայտնի էի դարձնում Եհովայի անունը»։ Ժան-Դավիդը, որը եկել էր Ֆրանսիայից, պատմում է. «Միայն մի փողոցում քարոզեցինք մի քանի ժամ։ Շատ ոգևորիչ էր։ Մարդկանց մեծ մասը ծանոթ չէր Եհովայի վկաներին։ Գրեթե յուրաքանչյուր դռան մոտ կարողացանք զրույց սկսել, ցույց տալ մեր տեսանյութերից մեկը և գրականություն թողնել»։

Ժան-Դավիդ (կենտրոնում)

Քարոզարշավի 550 մասնակիցները ընդամենը երկու շաբաթում բաժանեցին մոտ 60 000 հրատարակություն։ Այդ ընթացքում իսկապես որ լայնամասշտաբ վկայություն տրվեց։

Բորբոքվեց ծառայության հանդեպ եռանդը։ Հատուկ քարոզարշավը դրական ազդեցություն ունեցավ տեղի եղբայրների վրա։ Շատերը մտածեցին լիաժամ ծառայություն սկսելու մասին։ Արդյունքում քարոզարշավից հետո՝ 12 ամիսների ընթացքում, ռահվիրաների թիվը Թուրքիայում աճեց գրեթե 24 տոկոսով։

Շիրին

Այլ երկրներից եկած եղբայրներն ու քույրերը պատմում են, թե քարոզարշավը ինչպես է ազդել իրենց ծառայության վրա, նույնիսկ երբ վերադարձել են իրենց երկիր։ Գերմանիայից մի քույր՝ Շիրինը, գրում է. «Թուրքիայի մեր եղբայրները հեշտությամբ ոչ պաշտոնական վկայություն են տալիս։ Այդ հարցում ես շատ ամաչկոտ եմ։ Բայց հատուկ քարոզարշավը, տեղի եղբայրների օրինակը և իմ աղոթքները օգնեցին, որ մասնակցեմ ծառայության այդ ձևին։ Անգամ քարոզեցի ու թերթիկներ բաժանեցի մետրոյում։ Հիմա այնքան ամաչկոտ չեմ, ինչքան նախկինում»։

Յոհաննես

Յոհաննեսը, որը Գերմանիայից է, ասում է. «Ես մի քանի բան սովորեցի, որ կարող եմ կիրառել իմ ծառայության մեջ։ Թուրքիայում ապրող եղբայրները իսկապես ուզում են ճշմարտության մասին պատմել հնարավորինս շատ մարդկանց։ Նրանք ամեն առիթով վկայություն են տալիս։ Վերադառնալով Գերմանիա՝ որոշեցի նույնը անել։ Այժմ ավելի շատ մարդկանց եմ քարոզում, քան առաջ»։

Զեյնեպ

«Այս քարոզարշավը մեծապես ազդեց իմ ծառայության վրա։ Այն օգնեց, որ ավելի քաջ լինեմ և ավելի շատ վստահեմ Եհովային»,— ասում է Զեյնեպը, որը Ֆրանսիայից է։

Քարոզիչները իրար հետ մտերմացան։ Այն սերն ու միասնությունը, որ տիրում էր տարբեր երկրների եղբայրների ու քույրերի միջև, խոր տպավորություն թողեց։ «Մենք «ճաշակեցինք» եղբայրների հյուրասիրությունը»,— ասում է Ժան-Դավիդը, որի մասին խոսեցինք ավելի վաղ։ Նա ավելացնում է. «Նրանք իրենց դռները բացեցին մեր առաջ և մեզ ընդունեցին այնպես, ինչպես կընդունեին իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին։ Ես գիտեի, որ մենք միջազգային եղբայրություն ենք։ Այդ մասին շատ անգամներ էի կարդացել մեր գրականության մեջ։ Բայց այս անգամ իմ աչքերով տեսա, թե ինչ է դա։ Նույնիսկ հպարտությամբ լցվեցի, որ Եհովայի վկա եմ, և Աստծուն շնորհակալություն հայտնեցի այդ հրաշալի առանձնաշնորհման համար»։

Կլեր (կենտրոնում)

«Անկախ նրանից՝ Դանիայից ենք, Ֆրանսիայից, Գերմանիայից, թե Թուրքիայից, մենք բոլորս մի ընտանիք ենք։ Աստված ասես մեծ ռետինով ջնջել էր ազգային բոլոր սահմանները»,— ասում է Կլերը, որը Ֆրանսիայից է։

Ստեֆանի (կենտրոնում)

Ստեֆանին, որը նույնպես Ֆրանսիայից է, ավելացնում է. «Հատուկ քարոզարշավը սովորեցրեց, որ մեզ միավորում է ոչ թե մշակույթը կամ լեզուն, այլ Եհովայի հանդեպ սերը»։

ՀԱՐԱՏԵՎ ՕԳՈՒՏ

Քարոզարշավի օտարերկրյա մասնակիցներից շատերը սկսեցին մտածել Թուրքիա տեղափոխվելու մասին, որպեսզի օգնեն այն հսկայական գործում, որ դեռ պետք է այնտեղ արվի։ Շատ քարոզիչներ արդեն տեղափոխվել են։ Նրանց ներդրումը, ինչ խոսք, մեծ է։

Օրինակ՝ մի տարածքում 25 քարոզչից կազմված փոքր մեկուսի խումբ կա, որտեղ տարիներ շարունակ միայն մեկ երեց է ծառայել։ Պատկերացրեք այդ քարոզիչների ուրախությունը, երբ 2015-ին Գերմանիայից և Նիդերլանդներից վեց հոգի տեղափոխվեցին՝ նրանց աջակցելու։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ «ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ»

Թուրքիա տեղափոխված քարոզիչները ի՞նչ են պատմում իրենց նոր կյանքի մասին։ Ճիշտ է, երբեմն նրանք դժվարություններ են կրում, բայցև օրհնվում են իրենց արած զոհողությունների համար։ Տեսնենք, թե ինչ են ասում նրանցից մի քանիսը։

Ֆեդերիկո

«Քանի որ նյութական շատ բաներ չունեմ, որ կապված լինեմ դրանց հետ, ինձ ազատ եմ զգում և միտքս կենտրոնացնում եմ ավելի կարևոր բաների վրա»,— ասում է Ֆեդերիկոն՝ 40-ն անց մի եղբայր, որը կնոջ հետ տեղափոխվել է Իսպանիայից։ Արդյո՞ք նա խորհուրդ է տալիս այսպիսի ծառայություն սկսել։ «Այո՛, իհարկե,— ասում է նա։— Երբ արտերկիր ես տեղափոխվում, որ մարդկանց օգնես ճանաչել Եհովային, դու քեզ նրա ձեռքն ես հանձնում։ Ավելի շատ ես զգում Եհովայի հոգատարությունը»։

Ռուդի

«Բավարարվածություն ես զգում, երբ ծառայում ես, այսպես ասած, «առաջին գծում» և ճշմարտության մասին պատմում ես այսքան շատ մարդկանց, ովքեր երբեք այն չեն լսել,— ասում է Նիդերլանդներից եկած Ռուդին՝ 50-ն անց մի ամուսնացած եղբայր։— Մեծ գոհունակությամբ ես լցվում՝ տեսնելով, թե ինչ ուրախություն են ստանում մարդիկ, երբ ընդունում են ճշմարտությունը»։

Սաշա

Սաշան՝ 40-ն անց մի ամուսնացած եղբայր, որը տեղափոխվել է Գերմանիայից, ասում է. «Ամեն անգամ ծառայության ժամանակ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, ովքեր ճշմարտությունը լսում են առաջին անգամ։ Մեծ ուրախություն եմ ստանում, երբ նրանց օգնում եմ ճանաչել Եհովային»։

Ացուկո

Ացուկոն ամուսնու հետ եկել է Ճապոնիայից։ Մոտ 35 տարեկան այս քույրը պատմում է. «Նախկինում միշտ ուզում էի, որ Արմագեդոնը շուտ գա։ Բայց Թուրքիա տեղափոխվելուց հետո շնորհակալություն հայտնեցի Եհովային, որ դեռ համբերատարություն է դրսևորում։ Տեսնելով, թե ինչպես է նա ամբողջ աշխարհում առաջնորդում քարոզչական գործը՝ ուզում եմ ավելի մտերմանալ նրա հետ»։

Ռուսաստանից տեղափոխված Ալիսան, որը 30-ն անց քույր է, ասում է. «Եհովային այս ձևով ծառայելը օգնում է ճաշակել ու տեսնել նրա բարությունը» (Սաղ. 34։8)։ Նա ավելացնում է. «Եհովան ոչ միայն իմ Հայրն է, այլև իմ մտերիմ Ընկերը, ում ավելի լավ եմ ճանաչում, երբ հայտնվում եմ տարբեր իրավիճակներում։ Իմ կյանքը լի է երջանիկ պահերով, հետաքրքիր դեպքերով և առատ օրհնություններով»։

«ՆԱՅԵՔ ԱՐՏԵՐԻՆ»

Թուրքիայում կազմակերպված հատուկ քարոզարշավի շնորհիվ բարի լուրը հասավ ավելի շատ մարդկանց։ Սակայն այնտեղ հսկայական տարածքներ կան, որոնք մնում են անմշակ։ Այլ երկրներից տեղափոխված քարոզիչները ամեն օր հանդիպում են մարդկանց, որոնք երբեք չեն լսել Եհովայի մասին։ Ցանկանո՞ւմ եք ծառայել այդպիսի տարածքում։ Եթե այո, ապա հորդորում ենք ձեզ. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35)։ Կարո՞ղ ես քո օգնությունը տրամադրել աշխարհի այն մասում, որտեղ արտերը «սպիտակել են հնձի համար»։ Եթե կարող ես, ապա հենց այսօր սկսիր գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի հասնես այդ նպատակին։ Մի բան հաստատ է. եթե ավելի շատ մասնակցես բարի լուրը «մինչև աշխարհի ծայրերը» հասցնելու գործին, առատ օրհնություններ կքաղես (Գործ. 1։8