Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ո՞վ է Եհովայի կողմը»

«Ո՞վ է Եհովայի կողմը»

«Վախեցիր քո Աստված Եհովայից։ Նրան ծառայիր, նրանից կառչիր» (2 ՕՐԵՆՔ 10։20

ԵՐԳ 28, 32

1, 2. ա) Եհովայի կողմը լինելն ինչո՞ւ է իմաստուն որոշում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ՄԵՆՔ խելամիտ քայլ ենք արել՝ որոշելով մտերիմ լինել Եհովայի հետ։ Չկա մեր Աստծուց ավելի հզոր, իմաստուն ու սիրառատ անձնավորություն։ Ո՞վ չի ցանկանա լինել նրա կողմը (Սաղ. 96։4–6)։ Այնուամենայնիվ, Աստծուն երկրպագող մարդկանցից ոմանք որոշ իրավիճակներում երկմտել են՝ նրա կողմը լինել, թե ոչ։

2 Այս հոդվածում կքննենք որոշ մարդկանց օրինակներ, որոնք կարծում էին, թե իրենք Եհովայի կողմն են, բայց այնպիսի բաներ արեցին, որ վիրավորեցին նրան։ Այն կարևոր դասերը, որ կքաղենք նրանց օրինակներից, կօգնեն մեզ լիովին նվիրված մնալ Եհովային։

ԵՀՈՎԱՆ ՔՆՆՈՒՄ Է ՍՐՏԵՐԸ

3. Կայենն ինչո՞ւ օգնության կարիք ուներ, և Եհովան ի՞նչ ասաց նրան։

3 Քննենք Կայենի օրինակը։ Նա, բացի Եհովայից, ուրիշ ոչ մի աստծու չէր երկրպագում։ Սակայն նրա երկրպագությունը Աստծու համար ընդունելի չէր։ Կայենի սրտի խորքում չարության սերմեր էին ծիլ տվել (1 Հովհ. 3։12)։ Ուստի փորձելով օգնել նրան՝ Եհովան ասաց. «Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա իմ աչքում։ Բայց եթե բարին չանես, մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է և քեզ է փափագում. բայց արդյո՞ք դու կիշխես նրա վրա» (Ծննդ. 4։6, 7)։ Եհովան, ըստ էության, Կայենին ասում էր. «Եթե զղջաս ու ամբողջ սրտով իմ կողմը լինես, ես էլ քո կողմը կլինեմ»։

4. Ի՞նչ արեց Կայենը, չնայած որ Եհովայի կողմը լինելու հնարավորություն ուներ։

4 Եթե Կայենը շտկեր իր մտածելակերպը, Եհովայի աչքում հավանություն կգտներ։ Սակայն Կայենը չլսեց Աստծու խորհուրդը։ Սխալ մտածելակերպն ու եսասիրական ցանկությունը նրան սխալ արարքների դրդեցին (Հակ. 1։14, 15)։ Ավելի վաղ տարիքում Կայենը հավանաբար չէր էլ պատկերացնում, որ մի օր Եհովայի դեմ դուրս կգա։ Սակայն տարիներ անց նա հենց այդպես վարվեց ու սպանեց իր հարազատ եղբորը։

5. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ կորցնենք Եհովայի հաճությունը։

5 Այսօր էլ Եհովային երկրպագող քրիստոնյան գուցե Կայենի պես սխալ ճանապարհ բռնի (Հուդա 11)։ Օրինակ՝ նա թերևս ակտիվ լինի ծառայության մեջ ու կանոնավորաբար մասնակցի ժողովի հանդիպումներին, բայց միևնույն ժամանակ թույլ տա, որ իր մտքում ու սրտում բույն դնեն անբարո ֆանտազիաները, ավելին ունենալու անհագ ցանկությունը կամ հավատակիցների հանդեպ ատելությունը (1 Հովհ. 2։15–17; 3։15)։ Դա կարող է նրան մեղքի տանել։ Մարդիկ գուցե չիմանան, թե նա ինչ է մտածում և անում, սակայն Եհովան ամեն բան տեսնում է և գիտի, թե արդյոք քրիստոնյան ամբողջ սրտով իր կողմն է (կարդա Երեմիա 17։9, 10

6. Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ իշխել մեր մեղսածին հակումների վրա։

6 Այնուամենայնիվ, Եհովան արագ ձեռք չի քաշում մեզանից։ Երբ մարդկանց քայլերը նրանց հեռացնում են Աստծուց, նա հետևյալ հորդորն է տալիս. «Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ» (Մաղ. 3։7)։ Եհովան ցանկանում է, որ հաստատապես մերժենք ամեն չարություն, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում ենք մեր թուլությունների դեմ (Ես. 55։7)։ Այդ դեպքում նա էլ մեր կողմը կլինի և մեզ հոգևոր, էմոցիոնալ ու ֆիզիկական ուժ կտա, որ կարողանանք իշխել մեր մեղսածին հակումների վրա (Ծննդ. 4։7

«ՄԻ՛ ՄՈԼՈՐՎԵՔ»

7. Սողոմոնն ինչպե՞ս կորցրեց Եհովայի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները։

7 Շատ բան կարող ենք սովորել նաև Սողոմոնի օրինակից։ Երիտասարդ տարիքում նա Եհովայից էր առաջնորդություն խնդրում։ Աստված նրան մեծ իմաստություն տվեց և վստահեց Երուսաղեմի տաճարի շինարարությունը։ Բայց Սողոմոնը կորցրեց Եհովայի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները (1 Թագ. 3։12; 11։1, 2)։ Աստծու Օրենքում հստակ գրված էր, որ թագավորը «իր կանանց թիվը չպետք է շատացնի, որպեսզի նրա սիրտը չապականվի» (2 Օրենք 17։17)։ Իսկ Սողոմոնը, խախտելով այս օրենքը, 700 կին առավ և 300 հարճ բերեց (1 Թագ. 11։3)։ Նրա կանանցից շատերը իսրայելացիներ չէին և կեղծ աստվածների էին պաշտում։ Փաստորեն, Սողոմոնը խախտեց նաև այն օրենքը, որն արգելում էր ամուսնանալ օտարազգի կանանց հետ (2 Օրենք 7։3, 4

8. Սողոմոնն ինչպե՞ս խիստ վիրավորեց Եհովային։

8 Սողոմոնը կամաց-կամաց հեռացավ Աստծուց ու նրա օրենքներից։ Դա հանգեցրեց այն բանին, որ նա լուրջ սխալներ գործեց։ Սողոմոնը զոհասեղան կանգնեցրեց Աստարտ աստվածուհու համար և առնվազն մեկ զոհասեղան էլ՝ Քամոսի համար։ Նա իր կանանց հետ այս կեղծ աստվածներին երկրպագություն մատուցեց։ Դեռ ավելին՝ այդ զոհասեղանները կանգնեցրեց այն լեռան վրա, որը Երուսաղեմի դիմացն էր՝ այն քաղաքի, որտեղ նա կառուցել էր Եհովայի տաճարը (1 Թագ. 11։5–8; 2 Թագ. 23։13)։ Հավանաբար, Սողոմոնն ինքն իրեն խաբում էր՝ մտածելով, որ քանի դեռ ինքը զոհեր է մատուցում Եհովայի տաճարում, Նա կանտեսի իր անհնազանդությունը։

9. Ի՞նչ եղավ Աստծու նախազգուշացումներն անտեսելու հետևանքը։

9 Սակայն Եհովան աչք չի փակում մարդկանց մեղքերի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի բարկությունը բորբոքվեց Սողոմոնի դեմ, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Եհովայից.... որը երկու անգամ հայտնվել էր նրան և պատվիրել, որ օտար աստվածների հետևից չգնա, բայց նա չպահեց Եհովայի պատվիրանը»։ Սողոմոնը կորցրեց Եհովայի հավանությունն ու աջակցությունը։ Նրանից հետո Իսրայելի թագավորությունը երկու մասի բաժանվեց, ու նրա սերունդները իշխեցին միայն մի մասի վրա։ Բացի այդ, իրենց իշխանության ընթացքում նրանք լուրջ խնդիրների բախվեցին (1 Թագ. 11։9–13

10. Ի՞նչը կարող է քայքայել Եհովայի հետ մեր լավ փոխհարաբերությունները։

10 Սողոմոնի օրինակից տեսնում ենք, որ Եհովայի չափանիշները չհասկացող ու չհարգող մարդկանց հետ մտերմությունը կարող է հոգևոր մեծ վնաս հասցնել։ Հնարավոր է՝ մտերմություն ենք անում նրանց հետ, ովքեր ժողովի մաս են կազմում, բայց հոգևորապես թույլ են։ Մեզ վրա վատ ազդեցություն կարող են թողնել նաև մեր այն ազգականները, հարևանները, աշխատակիցներն ու համադասարանցիները, որոնք Եհովային չեն երկրպագում։ Եթե մեր մտերիմ ընկերները խորապես չեն հարգում Աստծու չափանիշները, նրանց հետ շփումը կարող է ժամանակի ընթացքում քայքայել Եհովայի հետ մեր լավ փոխհարաբերությունները։

Ընկերներդ ինչպե՞ս են ազդում քո ու Եհովայի փոխհարաբերությունների վրա (տես պարբերություն 11)

11. Ի՞նչը կօգնի մեզ որոշել, թե արժե արդյոք տվյալ մարդու հետ ընկերություն անել։

11 Կարդա 1 Կորնթացիներ 15։33։ Գրեթե բոլոր մարդիկ էլ լավ հատկություններ ունեն։ Բացի այդ, Եհովային չերկրպագող մարդկանցից ոչ բոլորն են, որ ծայրաստիճան վատ վարք ունեն։ Հնարավոր է՝ քո ծանոթների մեջ էլ այդպիսի մարդիկ կան։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նրանց հետ մտերմությունը լավ ընկերակցություն է։ Հարցրու ինքդ քեզ. «Նրանց հետ շփումը ի՞նչ ազդեցություն կունենա իմ ու Եհովայի փոխհարաբերությունների վրա։ Ինձ ավելի՞ կմտերմացնի նրա հետ։ Ի՞նչ կա իմ ընկերների սրտում։ Օրինակ՝ ինչի՞ մասին են նրանք հիմնականում խոսում։ Արդյո՞ք նրանց խոսակցությունների թեման միայն նորաձևությունն է, փողը, էլեկտրոնային սարքերը, զվարճությունները կամ այլ նյութական բաներ։ Նրանք արհամարհանքո՞վ են խոսում ուրիշների մասին և անպարկեշտ կատակնե՞ր են անում»։ Հիշենք Հիսուսի խոսքերը. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12։34)։ Եթե գիտակցում ես, որ քո ընկերների հետ շփումը կարող է վնասել քո ու Եհովայի փոխհարաբերությունները, վճռական եղիր և սահմանափակիր այն, իսկ եթե անհրաժեշտ է, վերջ դիր այդ ընկերությանը (Առակ. 13։20

ԵՀՈՎԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

12. ա) Եհովան ի՞նչ հայտնեց իսրայելացիներին Սինա լեռան մոտ։ բ) Իսրայելացիներն ինչպե՞ս արձագանքեցին բացարձակ նվիրվածության վերաբերյալ Աստծու պահանջին։

12 Կարող ենք դասեր քաղել նաև այն դեպքից, որ տեղի ունեցավ Եգիպտոսից իսրայելացիների ազատագրվելուց կարճ ժամանակ անց։ Ժողովուրդը հավաքվել էր Սինա լեռան առաջ։ Այնտեղ Եհովան տեսանելի երևույթների միջոցով ցույց տվեց իր ներկայությունը։ Հրաշքով թանձր ամպ հայտնվեց։ Որոտներ ու կայծակներ եղան, ծուխ բարձրացավ, և եղջյուրի ուժգին ձայն լսվեց, որը գնալով ավելի էր ուժգնանում (Ելք 19։16–19)։ Եհովան իսրայելացիներին ներկայացավ որպես «բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված»։ Նա վստահեցրեց, որ ինքն էլ նվիրված կլինի նրանց, ովքեր կսիրեն իրեն ու կպահեն իր պատվիրանները (կարդա Ելք 20։1–6)։ Ըստ էության, Եհովան ասաց. «Եթե դուք իմ կողմը լինեք, ես էլ ձեր կողմը կլինեմ»։ Ինչպե՞ս կարձագանքեիր, եթե Եհովան նվիրվածության այսպիսի խոստում տար քեզ։ Անշուշտ կվարվեիր այնպես, ինչպես իսրայելացիները։ Նրանք միաձայն ասացին. «Եհովայի ասած բոլոր խոսքերը կանենք» (Ելք 24։3)։ Սակայն շատ չանցած՝ իսրայելացիների նվիրվածությունը անսպասելիորեն փորձվեց։

13. Ի՞նչ հանգամանքներում փորձվեց իսրայելացիների նվիրվածությունը։

13 Թանձր ամպը, կայծակները և ահ ներշնչող մյուս նշանները տեսնելով ու լսելով՝ իսրայելացիները սարսռացին։ Նրանց խնդրանքով Մովսեսը համաձայնվեց որպես ժողովրդի ներկայացուցիչ բարձրանալ Սինա լեռը և խոսել Եհովայի հետ (Ելք 20։18–21)։ Նա երկար ժամանակ մնաց լեռան վրա։ Ժողովրդին թվաց, թե այդ անապատում իրենք մնացել են առանց առաջնորդի։ Ըստ ամենայնի, նրանց հավատը պայմանավորված էր Մովսեսի ներկայությամբ։ Նրանք սկսեցին անհանգստանալ և Ահարոնին ասացին. «Մեզ համար մի աստվա՛ծ շինիր, որ մեր առջևից գնա, որովհետև մենք չգիտենք, թե ինչ է պատահել այս Մովսեսին՝ այն մարդուն, որը հանեց մեզ Եգիպտոսից» (Ելք 32։1, 2

14. Իսրայելացիներն ինչպե՞ս էին իրենք իրենց խաբում, և ինչպե՞ս արձագանքեց Եհովան։

14 Իսրայելացիները գիտեին, որ կռապաշտությունը լուրջ մեղք է Եհովայի դեմ (Ելք 20։3–5)։ Սակայն նրանք սկսեցին ոսկե հորթին երկրպագել։ Ինչպիսի՜ անհնազանդություն։ Իսրայելացիները իրենք իրենց խաբում էին՝ մտածելով, թե դեռ Եհովայի կողմն են։ Ահարոնը հորթի երկրպագությունը նույնիսկ կոչեց «Եհովայի պատվին» կազմակերպված տոն։ Այս ամենին ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա համարեց, որ ժողովուրդը դավաճանել է իրեն։ Աստված Մովսեսին ասաց, որ իսրայելացիները «կործանարար գործեր են անում»։ «Նրանք արագ շեղվեցին այն ճանապարհից, որով պատվիրեցի, որ գնան»,— ավելացրեց նա։ Եհովայի բարկությունը բորբոքվեց, և նա նույնիսկ մտածեց ոչնչացնել նորաստեղծ ազգը (Ելք 32։5–10

15, 16. Մովսեսն ու Ահարոնը ինչպե՞ս ցույց տվեցին, որ Եհովայի կողմն են (տես հոդվածի սկզբի նկարը)։

15 Սակայն Եհովան որոշեց ողորմություն դրսևորել ու չբնաջնջել իսրայելացիներին։ Նա իր հավատարիմ երկրպագուներին իր կողմը հաստատուն դիրք բռնելու հնարավորություն տվեց (Ելք 32։14)։ Լեռան վրայից իջնելով՝ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անկառավարելի է դարձել. մարդիկ բղավում էին, երգում ու պարում կուռքի առաջ։ Նա ջարդեց ոսկե հորթը և փոշու վերածեց այն, ապա բացականչեց. «Ո՞վ է Եհովայի կողմը։ Ինձ մո՛տ թող գա»։ Արձագանքելով այս կոչին՝ «Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ» (Ելք 32։17–20, 26

16 Թեև Ահարոնն էր պատրաստել ոսկե հորթը, նա զղջաց ու միացավ մյուս ղևտացիներին։ Այս հավատարիմները առանձնացան մեղսագործներից՝ ցույց տալով, որ իրենք Եհովայի կողմն են։ Դա իմաստուն քայլ էր, քանի որ այդ օրը հազարավոր մարդիկ մահացան ոսկե հորթին պաշտելու համար։ Իսկ նրանք, ովքեր Եհովայի կողմն էին, կենդանի մնացին, և նա խոստացավ օրհնել նրանց (Ելք 32։27–29

17. Ի՞նչ ենք սովորում Պողոսի խոսքերից։

17 Հիշելով այս դեպքը՝ Պողոս առաքյալը քրիստոնյաներին զգուշացրեց. «Այս ամենը մեզ համար օրինակ եղավ, որպեսզի.... չդառնաք կռապաշտներ, ինչպես որ նրանցից ոմանք դարձան.... Այս բաները.... գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում։ Հետևաբար ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։6, 7, 11, 12)։ Ինչպես նշեց Պողոսը, նույնիսկ ճշմարիտ երկրպագուները կարող են ներքաշվել սխալ գործերի մեջ։ Նրանք, ովքեր տրվում են գայթակղությանը, գուցե մտածեն, թե Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունեն։ Սակայն եթե մարդը միայն ցանկանում է Եհովայի ընկերը լինել կամ ասում է, որ հավատարիմ է նրան, դա դեռ չի նշանակում, որ նա Եհովայի հավանությունն ունի (1 Կորնթ. 10։1–5

18. Ի՞նչը կարող է մեզ հեռացնել Եհովայից, և դա ի՞նչ հետևանքներ կունենա։

18 Երբ Մովսեսը երկար ժամանակ մնաց Սինա լեռան վրա, իսրայելացիները անհանգստացան։ Նույն ձևով էլ այսօր ապրող քրիստոնյաները, հնարավոր է, անհանգստանան՝ մտածելով, թե Եհովայի օրն ուշանում է։ Նրանց գուցե թվա, թե նոր աշխարհը միայն հեռավոր ապագայում կհաստատվի, կամ նրանք գուցե դժվարանան հավատալ, որ Աստծու խոստումները մի օր իրականություն կդառնան։ Եթե նման մտածելակերպը չշտկենք, կկենտրոնանանք մարմնական ցանկությունների վրա և ոչ թե Եհովայի կամքը կատարելու։ Այդպես ժամանակի ընթացքում կհեռանանք նրանից և կսկսենք այնպիսի արարքներ գործել, որոնք նախկինում, երբ հոգևոր լավ վիճակում էինք, մեր մտքով անգամ չէին անցնի։

19. Ո՞ր հիմնարար ճշմարտությունը պետք է միշտ հիշենք և ինչո՞ւ։

19 Թող երբեք չմոռանանք, որ Եհովան բացարձակ նվիրվածություն է պահանջում և ուզում է, որ ամբողջ սրտով հնազանդվենք իրեն (Ելք 20։5)։ Եթե Եհովայի կամքը չկատարենք ու շեղվենք նրա ուղուց, Սատանայի կամքն ենք կատարելու, իսկ դա միայն կործանման է տանում։ Ուստի Պողոսը նշեց. «Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ դևերի սեղանից» (1 Կորնթ. 10։21

ԿԱՌՉԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

20. Եհովան ինչպե՞ս է մեզ օգնում, նույնիսկ երբ սխալ քայլ ենք անում։

20 Կայենի, Սողոմոնի և իսրայելացիների օրինակները ընդհանուր բան ունեն։ Այս մարդիկ հնարավորություն ունեին «զղջալու և դարձի գալու» (Գործ. 3։19)։ Եհովան արագ ձեռք չի քաշում նրանցից, ովքեր սխալ քայլ են անում։ Հիշենք, որ նա ներեց Ահարոնին։ Այսօր մենք Եհովայի նախազգուշացումները ստանում ենք աստվածաշնչյան պատմությունների, Սուրբ Գրքի վրա հիմնված հրատարակությունների կամ հավատակցի տված բարի խորհուրդների միջոցով։ Եթե ականջ դնենք այդ նախազգուշացումներին, կարող ենք վստահ լինել, որ Եհովան ողորմած կլինի մեր հանդեպ։

21. Ի՞նչ պետք է վճռենք անել, երբ փորձվում է Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը։

21 Եհովան անզուգական բարություն է դրսևորում մեր հանդեպ և դա նպատակով է անում (2 Կորնթ. 6։1)։ Այդ բարությունը մեզ հնարավորություն է տալիս «մերժելու ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները» (կարդա Տիտոս 2։11–14)։ Քանի դեռ ապրում ենք «այս աշխարհում», կբախվենք այնպիսի իրավիճակների, որոնցում կփորձվի Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը։ Ուստի թող հաստատուն դիրք բռնենք ու միշտ Եհովայի կողմը լինենք, որովհետև նրանից է, որ պետք է վախենանք, նրան պետք է ծառայենք ու նրան կառչենք (2 Օրենք 10։20