Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Ինչպես Թագավորության առաջին սերմերը ցանվեցին Պորտուգալիայում

Ինչպես Թագավորության առաջին սերմերը ցանվեցին Պորտուգալիայում

ՄԻՆՉ Ատլանտյան օվկիանոսի ալիքները զարկվում էին Եվրոպա ուղևորվող նավին, դրա ուղևորներից մեկը՝ Ջորջ Յանգը, բավարարվածության զգացումով լցված, խորհում էր այն մասին, թե Թագավորության գործն առաջ տանելու համար ինչ էր արել Բրազիլիայում։ * Սակայն մինչ նավը ճեղքում էր օվկիանոսի ջրերը, եղբայր Յանգը մտածում էր նաև իր նոր նշանակման մասին. նա քարոզելու էր Իսպանիայի և Պորտուգալիայի չմշակված լայնարձակ տարածքներում։ Այնտեղ նա պատրաստվում էր աստվածաշնչային դասախոսություններ կազմակերպել, որոնք կարդալու էր եղբայր Ռադերֆորդը, ինչպես նաև 300 000 թերթիկ բաժանել։

Ջորջ Յանգը նավով քարոզչական բազմաթիվ շրջագայություններ է կատարել

1925 թ. գարնանը եղբայր Յանգը հասավ Լիսաբոն։ Երկրում փոթորկալից ժամանակներ էին։ 1910 թ. հանրապետական հեղափոխությունը վերջ էր դրել միապետությանը, և կաթոլիկ եկեղեցին զրկվել էր իր առանձնաշնորհյալ դիրքից։ Բնակչությունը ավելի շատ ազատություններ էր ստացել, սակայն երկրում շարունակվում էին քաղաքացիական հուզումները։

Մինչ եղբայր Յանգը պատրաստություններ էր տեսնում եղբայր Ռադերֆորդի ելույթի համար, կառավարությունը պատերազմական դրություն հայտարարեց, քանի որ երկրում հեղաշրջման փորձ էր արվել։ Բրիտանական և արտասահմանյան աստվածաշնչային ընկերության քարտուղարը եղբայր Յանգին զգուշացրեց, որ նա մեծ հակառակության է բախվելու։ Չնայած դրան՝ եղբայր Յանգը թույլտվություն խնդրեց օգտագործելու Կամոենսի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և ստացավ այն։

Վերջապես եկավ մայիսի 13-ը՝ եղբայր Ռադերֆորդի դասախոսության օրը, որը լի էր մեծ ակնկալիքներով։ Շենքերին փակցված ազդագրերը և թերթերում տեղադրված գովազդները մարդկանց տեղեկացնում էին «Ինչպե՞ս է հնարավոր հավիտյան ապրել երկրի վրա» վերնագրով հանրային դասախոսության մասին։ Կրոնական հակառակորդները իրենց թերթում անմիջապես մի հոդված տպագրեցին՝ ընթերցողներին զգուշացնելով երկիր ժամանած «սուտ մարգարեների» մասին։ Բացի այդ, մարզադահլիճի մուտքի մոտ նրանք հազարավոր գրքույկներ բաժանեցին, որոնցում քննադատվում էին եղբայր Ռադերֆորդի քարոզած ուսմունքները։

Չնայած այդ ամենին՝ դահլիճում հավաքվեց մոտ 2 000 հոգի։ Դեռ նույնքան մարդ էլ ցանկանում էր ներս մտնել, բայց տեղ չկար։ Հռետորին տեսնելու համար որոշ մարդիկ բարձրացան դահլիճի պարանասանդուղքների ու մարզասարքերի վրա։

Հանդիպման ժամանակ ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ. հակառակորդները սկսեցին բղավել ու կոտրել աթոռները։ Սակայն եղբայր Ռադերֆորդը անվրդով մնաց և իր ձայնը լսելի դարձնելու համար կանգնեց սեղանին։ Ելույթն ավարտվեց գրեթե կեսգիշերին։ Ավելի քան 1 200 հետաքրքրվող անձինք թողեցին իրենց անուններն ու հասցեները, որպեսզի հետագայում աստվածաշնչյան գրականություն ստանան։ Հաջորդ օրը «Սեկուլու» թերթում եղբայր Ռադերֆորդի դասախոսության մասին մի հոդված տպագրվեց։

1925 թ. սեպտեմբերին Պորտուգալիայում սկսեց լույս տեսնել «Դիտարանի» պորտուգալերեն թողարկումը, որը մինչ այդ արդեն լույս էր տեսնում Բրազիլիայում։ Այդ ժամանակ էր, որ Բրազիլիայում ապրող մի Աստվածաշունչ ուսումնասիրող՝ Վիրժիլիու Ֆերգյուսոնը, մտածում էր Պորտուգալիա տեղափոխվելու մասին, որտեղ նա ցանկանում էր առաջ տանել Թագավորության գործը։ Ավելի վաղ նա եղբայր Յանգի հետ աշխատել էր Աստվածաշունչ ուսումնասիրողների բրազիլական մասնաճյուղում։ Շատ չանցած՝ Վիրժիլիուն իր կնոջ՝ Լիզիի հետ մեկնեց Պորտուգալիա՝ կրկին միանալու եղբայր Յանգին։ Եղբայր Ֆերգյուսոնը ճիշտ ժամանակին եկավ, քանի որ շուտով Ջորջ Յանգը քարոզելու նպատակով այլ վայրեր էր տեղափոխվելու, այդ թվում՝ Խորհրդային Միություն։

Լիզի և Վիրժիլիու Ֆերգյուսոնների կացության քարտերը (1928)

Երբ ռազմական հեղաշրջման հետևանքով Պորտուգալիայում բռնապետություն հաստատվեց, Թագավորության գործին խանգարող խոչընդոտները շատացան։ Սակայն եղբայր Ֆերգյուսոնը, քաջություն դրսևորելով, մնաց երկրում և քայլեր ձեռնարկեց Աստվածաշունչ ուսումնասիրողների փոքր խմբին պաշտպանելու համար, որպեսզի նրանք անվախորեն շարունակեն իրենց գործունեությունը։ Նա թույլտվություն խնդրեց, որ իր տանը կանոնավորաբար հանդիպումներ անցկացնի, և 1927 թ. հոկտեմբերին ստացավ այդ թույլտվությունը։

Բռնապետության հաստատման առաջին տարում Պորտուգալիայում մոտ 450 հոգի բաժանորդագրված էր «Դիտարան» ամսագրին։ Բացի այդ, թերթիկների ու գրքույկների միջոցով ճշմարտությունը տարածվեց Պորտուգալիայի հեռավոր գաղութներում՝ Ազորյան կղզիներում, Անգոլայում, Արևելյան Թիմորում, Գոայում, Կաբո Վերդեում, Մադեյրայում և Մոզամբիկում։

1920-ականների վերջերին Բրազիլիայից Լիսաբոն տեղափոխվեց պորտուգալացի մի այգեգործ, որի անունը Մանուել դա Սիլվա Ժորդան էր։ Բրազիլիայում այս խոնարհ մարդը լսել էր եղբայր Յանգի հանրային ելույթը։ Ընդունելով ճշմարտությունը՝ նա ցանկացավ քարոզչական գործում օգնել եղբայր Ֆերգյուսոնին։ Ուստի սկսեց ծառայել որպես գրքեր տարածող, ինչպես նախկինում կոչվում էին ռահվիրաները։ Լիսաբոնի նորաստեղծ ժողովը բարգավաճեց, քանի որ աստվածաշնչյան գրականություն տպագրելու ու տարածելու գործը այժմ արդեն լավ կազմակերպված էր։

1934 թ.-ին եղբայր և քույր Ֆերգյուսոնները ստիպված եղան վերադառնալ Բրազիլիա։ Սակայն Պորտուգալիայում ճշմարտության սերմերն արդեն ցանված էին։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Եվրոպայում խառնաշփոթ էր, Պորտուգալիայի հավատարիմ քրիստոնյաները կարողացան հոգևորապես կենդանի մնալ։ Որոշ ժամանակ նրանք նման էին մարմրող ածուխների, սակայն 1947 թ.-ին, երբ ժամանեց «Գաղաադ» դպրոցն ավարտած առաջին միսիոներ Ջոն Կուկը, նրանց եռանդը կրկին բոցավառվեց։ Դրանից հետո այլևս ոչինչ չկարողացավ կանգնեցնել Թագավորության քարոզիչների աճը։ Նույնիսկ երբ 1962 թ.-ին իշխանությունները արգելեցին Եհովայի վկաների գործունեությունը, քարոզիչների աճը շարունակվեց։ 1974 թ. դեկտեմբերին, երբ Պորտուգալիայում Եհովայի վկաները պետական գրանցում ստացան, երկրում ավելի քան 13 000 քարոզիչ կար։

Այսօր ավելի քան 50 000 քարոզիչներ Աստծու Թագավորության բարի լուրը տարածում են Պորտուգալիայում և մի քանի կղզիներում, որտեղ պորտուգալերեն են խոսում, այդ թվում՝ Ազորյան կղզիներում և Մադեյրայում։ Այս քարոզիչներից ոմանք այն մարդկանց թոռներն են, ովքեր 1925 թ.-ին ներկա են եղել եղբայր Ռադերֆորդի պատմական դասախոսությանը։

Մենք շնորհակալ ենք Եհովային և այն հավատարիմ եղբայրներին ու քույրերին, ովքեր «Քրիստոս Հիսուսի ծառա եղան.... ազգերի համար» ու քաջաբար առաջ տարան քարոզչական գործը (Հռոմ. 15։15, 16(Պորտուգալիայի մեր արխիվներից)

^ պարբ. 3 Տես «Հնձի գործում շատ բան կա անելու» հոդվածը «Դիտարանի» 2014 թ. մայիսի 15-ի համարում (էջ 31–32)։