ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովայի ներողամտությունը
«Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ,այդպես էլ դուք վարվեք» (ԿՈՂ. 3։13)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի ներենք մեզ վիրավորած մարդուն։
1-2. ա) Հատկապես ե՞րբ գուցե դժվարանանք ներել։ բ) Դենիզը ինչպե՞ս ներողամտություն դրսևորեց։
ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ ես ներել։ Շատերս ենք դժվարանում, հատկապես եթե ինչ-որ մեկը խոսքով կամ գործով մեծ ցավ է պատճառել մեզ։ Բայց վիրավորանքի զգացումը հնարավոր է հաղթահարել և ներել մարդուն։ Քննենք Դենիզ a անունով մի քրոջ օրինակը, ով արտառոց ներողամտություն է դրսևորել։ 2017թ.-ին Դենիզը ընտանիքով գնացել էր Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր շենքերում շրջայցի։ Երբ նրանք տուն էին վերադառնում, մի մարդ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվեց նրանց մեքենային։ Պատահարի ժամանակ Դենիզը կորցրեց գիտակցությունը։ Երբ ուշքի եկավ, իմացավ, որ իր երեխաները լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ ամուսինը՝ Բրայենը, մահացել է։ Հիշելով այդ պահը՝ նա ասում է. «Ես փշրված էի ու շփոթված»։ Հետագայում Դենիզն իմացավ, որ վարորդը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել, ոչ էլ վարելիս շեղվել է որևէ բանով։ Այնուամենայնիվ, դա չէր մեղմում քրոջ վիշտը։ Նա խնդրում էր Եհովային, որ մտքի խաղաղություն տա իրեն։
2 Այդ վարորդին ձերբակալեցին և սպանության հոդվածով մեղադրանք առաջադրեցին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ազատազրկում էր սպառնում։ Սակայն Դենիզը իմացավ, որ իր ցուցմունքից է կախված, թե ինչպիսին կլինի այդ մարդու դատավճիռը։ Նա ասում է. «Այնպիսի զգացում ունեի, ասես վերքս բացել ու աղ էին լցնում վրան։ Ես ստիպված էի խոսել կյանքիս ամենածանր պահերից մեկի մասին»։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո Դենիզը նստած էր դատարանում և պատրաստվում էր ցուցմունք տալ ու իր խոսքն ուղղել մի մարդու, ով անասելի ցավ էր պատճառել իր ընտանիքին։ Ի՞նչ ասաց նա։ Դենիզը խնդրեց դատարանին, որ ներեն այդ մարդուն։ b Երբ նա ավարտեց իր խոսքը, դատավորի աչքերից արցունքներ հոսեցին։ Նա ասաց. «Իմ պաշտոնավարման 25 տարիների ընթացքում երբեք նման բան չեմ լսել։ Երբևէ չեմ տեսել, որ տուժողի ընտանիքը ներում խնդրի մեղադրյալի համար»։
3. Դենիզին ի՞նչը մղեց ներել։
3 Դենիզին ի՞նչն օգնեց ներել։ Նա խորհրդածեց Եհովայի ներողամտության շուրջ (Միք. 7։18)։ Եթե երախտապարտ լինենք Եհովային մեր հանդեպ դրսևորած ներողամտության համար, կմղվենք ներելու ուրիշներին։
4. Եհովան ի՞նչ է ակնկալում մեզնից (Եփեսացիներ 4։32)։
4 Եհովան ցանկանում է, որ իր պես մենք էլ մեծահոգաբար ներենք (կարդա Եփեսացիներ 4։32)։ Նա ակնկալում է, որ պատրաստակամորեն ներենք մեզ վիրավորողներին (Սաղ. 86։5; Ղուկ. 17։4)։ Այս հոդվածում կքննենք երեք առաջարկ, որոնք կօգնեն մեզ ավելի ներողամիտ լինել։
ՄԻ՛ ԱՆՏԵՍԻՐ ԽՈՑՎԱԾ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԴ
5. Առակներ 12։18-ի համաձայն՝ ի՞նչ ենք թերևս զգում, երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ։
5 Մեզ գուցե խորապես վիրավորեն ուրիշների, հատկապես մեր ընկերների կամ ընտանիքի անդամների խոսքերն ու գործերը (Սաղ. 55։12-14)։ Երբեմն էմոցիոնալ ցավը կարող է այնքան խոր լինել, որ կարծես մեզ դանակով խոցած լինեն (կարդա Առակներ 12։18)։ Այդպիսի իրավիճակում գուցե փորձենք ճնշել կամ անտեսել մեր զգացմունքները։ Բայց դա նույնն է, ինչ վերքի մեջ թողնենք այն դանակը, որով մեզ խոցել են։ Ուստի մենք չենք կարող ակնկալել, որ մեր խոցված զգացմունքները կհանդարտվեն, եթե պարզապես անտեսենք դրանք։
6. Ինչպե՞ս գուցե արձագանքենք, եթե ինչ-որ մեկը վիրավորի մեզ։
6 Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, մեր բնական արձագանքը գուցե բարկանալը լինի։ Աստվածաշունչն ասում է, որ հնարավոր է՝ զայրանանք, բայց նաև զգուշացնում է, որ թույլ չտանք՝ մեր զգացմունքները իշխեն մեզ վրա, քանի որ դրանք հաճախ դրդում են մեզ գործերի (Սաղ. 4։4; Եփես. 4։26)։ Իսկ զայրույթը հազիվ թե լավ արդյունք բերի (Հակ. 1։20)։ Հիշենք, որ զայրանալը արձագանք է, բայց զայրացած մնալը՝ որոշում։
Զայրանալը արձագանք է, բայց զայրացած մնալը՝ որոշում
7. Ուրիշ ի՞նչ զգացումներ գուցե ունենանք, եթե մեզ վիրավորեն։
7 Երբ մեզ հետ վատ են վարվում, հնարավոր է՝ այլ ծանր զգացումներ էլ ունենանք։ Էն անունով մի քույր ասում է. «Երբ երեխա էի, հայրս թողեց մորս և ամուսնացավ իմ դայակի հետ։ Ես ինձ լքված էի զգում։ Իսկ երբ նրանք երեխաներ ունեցան, թվում էր, թե վերջիններս իմ տեղն են զբաղեցրել։ Ես մեծացել եմ ավելորդ լինելու զգացումով»։ Ժորժետ անունով մի քույր էլ նկարագրում է, թե ինչ է զգացել, երբ ամուսինը դավաճանել է իրեն. «Մենք փոքրուց ընկերներ ենք եղել, միասին ռահվիրայություն արել։ Նրա արարքը փշուր-փշուր արեց սիրտս»։ Իսկ Նաոմի անունով մի քույր ասում է. «Երբեք չեմ պատկերացրել, որ ամուսինս կարող է ցավ պատճառել ինձ։ Ուստի երբ նա խոստովանեց, որ պոռնկագրություն դիտելու սովորություն ունի, ինձ խաբված ու դավաճանված զգացի»։
8. ա) Նշիր պատճառներ, թե ինչու արժե ներել մեզ վիրավորողին։ բ) Ներելը ի՞նչ օգուտներ է բերում մեզ (տես « Ինչպե՞ս վարվել, եթե ինչ-որ մեկը խոր ցավ է պատճառել մեզ» շրջանակը)։
8 Մենք չենք կարող վերահսկել ուրիշների խոսքերն ու գործերը, բայց կարող ենք վերահսկել դրանց հանդեպ մեր արձագանքը։ Հաճախ լավագույն արձագանքը ներելն է։ Ինչո՞ւ։ Քանի որ սիրում ենք Եհովային, իսկ նա ուզում է, որ ներողամիտ լինենք։ Եթե զայրացած մնանք և չներենք դիմացինին, հնարավոր է՝ անմտածված գործենք և նույնիսկ վնասենք մեր առողջությունը (Առակ. 14։17, 29, 30)։ Տեսնենք, թե ինչ է ասում Քրիստին անունով մի քույր. «Երբ վիրավորանքի զգացումը խեղդում է ինձ, քիչ եմ ժպտում։ Սկսում եմ անառողջ սնունդ ուտել, բավականաչափ չեմ քնում և չեմ կարողանում վերահսկել զգացմունքներս։ Իսկ դա իր հերթին ազդում է ամուսնուս և ուրիշների հետ ունեցած իմ հարաբերությունների վրա»։
9. Ինչո՞ւ է կարևոր ազատվել վիրավորանքի զգացումից։
9 Նույնիսկ եթե մեզ վիրավորողը այդպես էլ ներողություն չի խնդրում իր արածի համար, մենք կարող ենք մեղմել մեզ հասցրած վիրավորանքի հետևանքները։ Ժորժետը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Ճիշտ է, ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, բայց ես կարողացա ազատվել նախկին ամուսնուս հանդեպ ունեցած բարկության և վիրավորանքի զգացումներից, ինչի արդյունքում ներսս խաղաղվեց»։ Երբ ազատվում ենք վիրավորանքի զգացումից, թույլ չենք տալիս, որ դառնության զգացումը բույն դնի մեր սրտում։ Այդպես վարվելը օգտակար է, քանի որ շարունակում ենք առաջ շարժվել և կրկին վայելել կյանքը (Առակ. 11։17)։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ դեռ պատրաստ չես ներելու։
ԱԶԱՏՎԻՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄԻՑ
10. Ինչո՞ւ է ժամանակ հարկավոր զգացապես ապաքինվելու համար (տես նաև նկարները)։
10 Հիշիր, որ ժամանակը կարող է բուժել վերքերը։ Դա վիրավորանքի զգացումից ազատվելու կերպերից մեկն է։ Ինչպես ֆիզիկական լուրջ վնասվածք ստացած մարդուն ժամանակ է պետք բուժում ստանալուց հետո ապաքինվելու համար, այնպես էլ զգացապես բուժվելու համար է ժամանակ պետք, որ պատրաստ լինենք սրտանց ներելու (Ժող. 3։3; 1 Պետ. 1։22)։
11. ա) Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ ներողամիտ լինել։ բ) Ներողամիտ լինելու վերաբերյալ ի՞նչ ես սովորում նշված տեսանյութերից։
11 Աղոթիր Եհովային, որ օգնի քեզ ներողամիտ լինել։ c Էնը, ում մասին արդեն նշեցինք, պատմում է, թե ինչպես է աղոթքն օգնել իրեն։ Նա ասում է. «Խնդրեցի Եհովային, որ ինձ և ընտանիքիս մյուս անդամներին ների մեր արած ու ասած սխալ բաների համար։ Այնուհետև նամակ գրեցի հորս և նրա կնոջը ու ասացի, որ ներում եմ նրանց»։ Էնը խոստովանում է, որ այդպես վարվելը հեշտ չէր, բայց նաև նշում է. «Այդպիսով ես ընդօրինակեցի Եհովայի ներողամտությունը և հուսով եմ, որ իմ այդ քայլը հորս ու նրա կնոջը կմղի ավելին իմանալու Եհովայի մասին»։
12. Ինչո՞ւ պետք է վստահենք Եհովային, ոչ թե մեր զգացմունքներին (Առակներ 3։5, 6)։
12 Վստահիր Եհովային, ոչ թե զգացմունքներիդ (կարդա Առակներ 3։5, 6)։ Եհովան միշտ գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար (Ես. 55։8, 9)։ Նա երբեք չի պատվիրի անել մի բան, ինչը կվնասի մեզ։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ ներելու վերաբերյալ Եհովայի հորդորին հնազանդվելը օգտակար կլինի մեզ համար (Սաղ. 40։4; Ես. 48։17, 18)։ Բայց եթե վստահենք մեր զգացմունքներին, գուցե երբեք էլ չկարողանանք ներել (Առակ. 14։12; Երեմ. 17։9)։ Նաոմին, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Սկզբում մտածում էի՝ ճիշտ եմ վարվում, որ ամուսնուս չեմ ներում պոռնկագրություն դիտելու համար։ Վախենում էի, որ եթե ներեմ, նա նորից ինձ ցավ կպատճառի և կմոռանա իր արարքի վատ հետևանքների մասին։ Ինքս ինձ արդարացնում էի՝ մտածելով, որ Եհովան հասկանում է իմ զգացմունքները։ Հետո գիտակցեցի, որ թեև Եհովան հասկանում է իմ զգացմունքները, սակայն դա չի նշանակում, որ համաձայն է ինձ հետ։ Իհարկե, նա գիտի, թե ինչ եմ զգում, և որ ժամանակ է պետք զգացապես ապաքինվելու համար, բայց նաև ուզում է, որ ներողամիտ լինեմ»։ d
ՓՈՐՁԻՐ ԼԱՎԸ ՏԵՍՆԵԼ
13. Հռոմեացիներ 12։18-21 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք։
13 Երբ ներում ենք մեկին, ով խոր ցավ է պատճառել մեզ, մեր նպատակը պետք է լինի ոչ միայն տեղի ունեցածի մասին չխոսելը, այլև դիմացինի հետ խաղաղություն հաստատելը, հատկապես եթե նա մեր հավատակիցն է (Մատթ. 5։23, 24)։ Մենք պետք է զայրույթը փոխարինենք գթասրտությամբ, իսկ վիրավորանքի զգացումը՝ ներողամտությամբ (կարդա Հռոմեացիներ 12։18-21; 1 Պետ. 3։9)։ Ի՞նչը կօգնի մեզ այդպես վարվել։
14. Ի՞նչ պետք է ձգտենք անել և ինչո՞ւ։
14 Եհովան միշտ լավն է փնտրում մարդկանց մեջ։ Մենք պետք է ձգտենք ընդօրինակել նրան և կենտրոնանանք մեզ վիրավորած անհատի լավ հատկությունների վրա (2 Տար. 16։9; Սաղ. 130։3)։ Սովորաբար մենք մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ փնտրում ենք՝ լինի դա լավը, թե վատը։ Եթե լավը փնտրենք ուրիշների մեջ, ավելի հեշտությամբ կներենք նրանց։ Ջարեդ անունով մի եղբայր ասում է. «Ինձ համար ավելի հեշտ է ներել հավատակցիս, երբ կենտրոնանում եմ ոչ թե նրա արածի, այլ նրա բազմաթիվ լավ հատկությունների վրա»։
15. Ինչո՞ւ գուցե օգտակար լինի մեզ վիրավորողին ասել, որ ներել ենք նրան։
15 Կարևոր քայլերից մեկն էլ այն է, որ քեզ վիրավորողին ասես, որ ներում ես նրան։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Նաոմին. «Ամուսինս հարցրեց. «Դու ինձ ներե՞լ ես»։ Երբ ուզում էի ասել՝ ներել եմ, զգացի, որ խեղդվում եմ, ու չկարողացա արտաբերել այդ խոսքերը։ Հասկացա, որ սրտիս խորքում չեմ ներել նրան։ Բայց ժամանակի ընթացքում ինձ հաջողվեց նրան ասել այդ չորս բառը՝ «Ես ներում եմ քեզ»։ Դա լսելով՝ ամուսինս մեծ թեթևացում զգաց, և նրա աչքերը արցունքով լցվեցին։ Չէի պատկերացնում, որ այդ խոսքերը նման ազդեցություն կթողնեն նրա վրա, և որ սիրտս այդքան կխաղաղվի։ Ես սկսեցի նորից վստահել ամուսնուս, և այժմ մենք առաջվա պես մտերիմ ընկերներ ենք»։
16. Ի՞նչ սովորեցինք ներողամտության մասին։
16 Եհովան ուզում է, որ ներողամիտ լինենք (Կող. 3։13)։ Այնուամենայնիվ, ներելը գուցե դժվար լինի։ Մեզ կհաջողվի ներել, եթե չանտեսենք մեր խոցված զգացմունքները, ջանքեր ներդնենք դրանցից ազատվելու համար, ինչպես նաև փորձենք լավը տեսնել մեզ վիրավորողի մեջ (տես « Երեք քայլ, որոնք կօգնեն ներել» շրջանակը)։
ՄՏԱԾԻՐ ՆԵՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
17. Որո՞նք են ներելու օգուտները։
17 Ներելու շատ պատճառներ կան։ Ուշադրություն դարձնենք դրանցից մի քանիսին։ Առաջին՝ ներելով ընդօրինակում ենք մեր գթասիրտ Հորը՝ Եհովային (Ղուկ. 6։36)։ Երկրորդ՝ ցույց ենք տալիս, որ գնահատում ենք մեր հանդեպ Եհովայի դրսևորած ներողամտությունը (Մատթ. 6։12)։ Երրորդ՝ չենք վնասում մեր առողջությունը և ամուր ենք պահում մեր ընկերական կապերը։
18-19. Ի՞նչ արդյունքներ կարող է բերել ներելը։
18 Ներելու շնորհիվ անսպասելի օրհնություններ կարող ենք ունենալ։ Այդպես եղավ Դենիզի պարագայում։ Թեև այդ ժամանակ Դենիզը չգիտեր, բայց պատահարի պատճառ դարձած տղամարդը որոշել էր դատավարությունից հետո վերջ տալ կյանքին։ Սակայն Դենիզի ներողամտությունից տպավորված՝ նա սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։
19 Երբեմն գուցե թվա, թե ներելը կյանքում ամենադժվար բաներից մեկն է։ Բայց դժվար լինելու հետ մեկտեղ այն կարող է նաև շատ օրհնություններ բերել (Մատթ. 5։7)։ Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի ընդօրինակենք Եհովայի ներողամտությունը։
ԵՐԳ 125 «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են»
a Որոշ անուններ փոխված են։
b Նման իրավիճակում ներել-չներելը յուրաքանչյուր քրիստոնյայի անձնական գործն է։
c jw.org կայքում տես «Ներենք իրար», «Ներեմ ողջ սրտով իմ» և «Նրան նորից ընկեր լինեմ» թեմատիկ երգերը։
d Թեև պոռնկագրություն դիտելը մեղք է և ցավ է պատճառում անմեղ կողակցին, բայց դա ամուսնալուծության համար սուրբգրային հիմք չէ։