Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

Ինչպես է Աստված մխիթարում

Ինչպես է Աստված մխիթարում

Պողոս առաքյալը Եհովայի * մասին խոսեց որպես «ամենայն մխիթարության Աստծու, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ չկա մեկը, որին Աստված չկարողանա օգնել, և չկա այնպիսի դժվարություն, որի ժամանակ մեր երկնային Հայրը չկարողանա մխիթարություն տալ։

Ինչ խոսք, եթե ցանկանում ենք մխիթարություն ստանալ Աստծուց, պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք։ Ինչպե՞ս կարող է բժիշկն օգնել հիվանդին, եթե վերջինս չգնա նրա մոտ։ Ուստի Սուրբ Գիրքը հորդորում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

Իսկ ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված կմոտենա մեզ։ Նախ այն պատճառով, որ նա բազմիցս ասել է, որ ցանկանում է օգնել մեզ (տես այս հոդվածի  շրջանակը)։ Բացի այդ, մենք ունենք թե՛ մեր ժամանակներում, թե՛ անցյալում ապրած բազում մարդկանց օրինակներ, ում Աստված մխիթարել է։

Ինչպես որ այսօր ապրող բազմաթիվ մարդիկ են դժվարությունների ժամանակ Աստծուց օգնություն խնդրում, այնպես էլ Դավիթ թագավորն է իր կյանքի ծանր պահերին Աստծուն դիմել օգնության համար։ Մի անգամ նա աղոթեց Եհովային. «Լսի՛ր իմ աղաչանքների ձայնը, երբ քեզանից օգնություն եմ աղերսում»։ Աստված լսե՞ց նրան։ Դավիթն ասում է. «Ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է» (Սաղմոս 28։2, 7

ՀԻՍՈՒՍԸ ԵԿԱՎ, ՈՐ «ՄԽԻԹԱՐԻ ԲՈԼՈՐ ՍԳԱՎՈՐՆԵՐԻՆ»

Աստծու նպատակի համաձայն՝ Հիսուսը կարևոր դեր էր ունենալու մարդկանց մխիթարելու հարցում։ Աստված հանձնարարել էր Հիսուսին, որ «կոտրված սրտերին վիրակապ դնի» և «մխիթարի բոլոր սգավորներին» (Եսայիա 61։1, 2)։ Հիսուսը այդպես էլ վարվեց. նա հատուկ ուշադրություն էր դարձնում այն մարդկանց, ովքեր «հոգնած ու բեռնավորված» էին (Մատթեոս 11։28–30

Հիսուսը մարդկանց մխիթարում էր՝ տալով իմաստուն խորհուրդներ, բարյացակամ վերաբերմունք դրսևորելով և անգամ բուժելով նրանց հիվանդությունները։ Մի օր բորոտությամբ տառապող մի մարդ աղաչեց Հիսուսին. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Նա էլ խղճահարվեց և ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» (Մարկոս 1։40, 41)։ Եվ բորոտը բուժվեց։

Այսօր Աստծու Որդին երկրի վրա չէ, որ անձամբ մխիթարի մեզ։ Բայց նրա Հայրը՝ Եհովան, ով «ամենայն մխիթարության Աստվածն» է, շարունակում է օգնել բոլոր նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն (2 Կորնթացիներ 1։3)։ Քննենք չորս հիմնական կերպեր, որոնցով Աստված մխիթարում է մարդկանց։

  • Աստվածաշունչը։ «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4

  • Աստծու սուրբ ոգին։ Հիսուսի մահից շատ չանցած ողջ քրիստոնեական ժողովի համար խաղաղ ժամանակներ սկսվեցին։ Ինչի՞ շնորհիվ։ «Քանի որ [քրիստոնյաները] ապրում էին Եհովայի հանդեպ վախով ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ» (Գործեր 9։31)։ Սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը, շատ զորեղ է։ Աստված կարող է դրա միջոցով մխիթարել ցանկացած մարդու ցանկացած իրավիճակում։

  • Աղոթքը։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք»։ Այնտեղ նաև ասվում է, թե մտահոգվելու փոխարեն ինչ կարող ենք անել. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7

  • Հավատակիցները։ Դժվարությունների ժամանակ մեր հավատակիցները, որպես իսկական ընկերներ, կարող են մխիթարության մեծ աղբյուր լինել մեզ համար։ Պողոս առաքյալը իր համագործակիցների մասին գրեց, որ նրանք «զորավիգ եղան» իրեն «կարիքի ու նեղությունների մեջ» (Կողոսացիներ 4։11; 1 Թեսաղոնիկեցիներ 3։7

Բայց գուցե մտածեք, թե ինչպես է Աստված այս միջոցներով գործնականում մխիթարում մեզ։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստված մխիթարել տարբեր մարդկանց, ովքեր բախվել են այն դժվարություններին, որոնց մասին խոսվեց այս հոդվածաշարի սկզբում։ Նրանց պես՝ դուք էլ կարող եք համոզվել, որ Աստված շարունակում է կատարել սիրտ ջերմացնող իր հետևյալ խոստումը. «Ինչպես որ մարդուն իր մայրն է մխիթարում, այնպես էլ ես կմխիթարեմ ձեզ» (Եսայիա 66։13

^ պարբ. 3 Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։