Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ինչպես կանոններ սահմանել պատանիների համար

Ինչպես կանոններ սահմանել պատանիների համար

ԽՆԴԻՐ

Պատանի երեխադ ասում է, որ դու շատ խիստ ես։ Բայց ծնողական բնազդը հակառակն է քեզ թելադրում։ «Եթե խիստ կանոններ չդնեմ,— գուցե մտածես,— նա խնդիրների մեջ կընկնի»։

Դու կարող ես խելամիտ կանոններ սահմանել երեխայիդ համար։ Բայց նախևառաջ պետք է հասկանաս, թե ինչը կարող է նրան զայրացնել և դրդել ըմբոստանալու քո դրած կանոնների դեմ։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Կարծիք։ Բոլոր պատանիներն էլ ըմբոստանում են կանոնների դեմ. դա բնորոշ է այդ տարիքի երեխաներին։

Փաստ։ Հավանականությունը քիչ է, որ պատանին կըմբոստանա, եթե ծնողները խելամիտ կանոններ դնեն և քննարկեն դրանք նրա հետ։

Թեև ըմբոստության պատճառը կարող են մի շարք գործոններ լինել, ծնողները գուցե անզգուշորեն նպաստեն դրան, եթե իրենց դրած կանոնները ճկուն չեն կամ այլևս տեղին չեն։ Նկատի առ հետևյալը։

  • Անդյուրաթեք։ Երբ ծնողները օրենքներ են սահմանում, որոնք քննարկման ենթակա չեն, շատ հավանական է, որ դրանք կդառնան զսպաշապիկի պես, որը ճնշում է պատանուն, ոչ թե ամրագոտու պես, որը պաշտպանում է նրան։ Արդյունքում նա գուցե գաղտնի գործեր անի, որոնք ծնողները արգելում են։
  • Համապատասխան չեն տարիքին։ «Որովհետև ե՛ս եմ այդպես ասում» պատասխանը գուցե բավարար բացատրություն լինի փոքր երեխայի համար, բայց ոչ պատանու։ Դրանից բացի, մոտ ապագայում քո պատանին գուցե ինքնուրույն ապրի և կարևոր որոշումներ կայացնի։ Շատ ավելի լավ կլինի, որ նա հասկանա պատճառը և ճիշտ որոշումներ կայացնի հիմա, քանի դեռ քո հսկողության տակ է։

Բայց ի՞նչ կարող ես անել, եթե քո դրած կանոնները շարունակ զայրացնում են երեխայիդ։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Նախ հասկացիր, որ պատանիները առաջնորդության կարիք ունեն և սրտի խորքում անգամ ուզում են սահմաններ ունենալ։ Ուստի սահմանիր կանոններ, բայցև հավաստիացիր, որ երեխադ հասկանում է դրանց կարևորությունը։ «Երբ պատանիների առաջ հստակ սահմաններ են դնում, և ծնողական վերահսկողությունը խելամտորեն է դրսևորվում, հավանականությունն ավելի քիչ է, որ նրանք վատ վարք կդրսևորեն»,— ասվում է մի գրքում (Letting Go With Love and Confidence)։ Եվ հակառակը՝ ծնողները, որոնք իրենց երեխաներին չափից շատ ազատություն են տալիս, իրականում հոգ չեն տանում նրանց մասին։ Դա կարող է ըմբոստության տանել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։15։

Ինչպե՞ս կարող ես հավասարակշռություն պահպանել։ Թույլ տուր, որ երեխադ արտահայտի իր կարծիքը ընտանիքում դրված կանոնների մասին։ Օրինակ՝ եթե նա խնդրում է, որ փոխես տուն վերադառնալու ժամը, լսիր, թե ինչ պատճառներ է բերում։ Եթե պատանի երեխադ գիտի, որ իրեն կլսեն, հավանականությունն ավելի մեծ է, որ կհարգի ու կենթարկվի քո որոշմանը, նույնիսկ եթե համամիտ չէ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 1։19։

Նախքան որոշում կայացնելը հիշիր, որ թեև պատանիները հակված են ավելի շատ ազատություն ուզելու, քան պետք է ունենան, բայց ծնողները հակված են քիչ ազատություն տալու, քան կարող են տալ։ Ուստի լրջորեն վերաբերվիր քո պատանու խնդրանքին։ Նա ցույց տվե՞լ է, որ պատասխանատվության զգացում ունի։ Հանգամանքները պահանջո՞ւմ են լինել դյուրաթեք։ Պատրաստակամ եղիր ընդառաջելու, եթե դա հնարավոր է։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ծննդոց 19։17–22։

Բացի երեխայիդ լսելուց, երբ արտահայտում է իր զգացմունքները, ասա նրան քո մտահոգությունները։ Այդպես անելով՝ կսովորեցնես նրան հաշվի առնել ոչ միայն իր ցանկությունները, այլև ուրիշների զգացմունքները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 10։24։

Որոշում կայացրու և բացատրիր, թե ինչու ես այդպես որոշել։ Նույնիսկ եթե նա համաձայն չէ քո որոշմանը, հավանաբար ուրախ կլինի, որ ունի ծնող, որը լսում է իրեն։ Հիշիր, որ պատանուն սովորեցնում ես դառնալ հասուն մարդ։ Խելամիտ կանոններ սահմանելով և դրանք երեխայիդ հետ քննարկելով՝ կօգնես, որ մեծանա որպես պատասխանատվության զգացում ունեցող մարդ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 22։6։