Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը

Ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը

ԽՆԴԻՐ

«Ես երկու ընկերուհի ունեի, որոնք ամեն ինչ միասին էին անում և ինձ անտեսում էին։ Նրանք միշտ իրար հետ լավ ժամանակ էին անցկացնում։ Մի անգամ զանգեցի ընկերուհուս տուն, և այդ ժամանակ մյուս ընկերուհիս էլ էր այնտեղ։ Լսափողը վերցրեց ուրիշ մարդ, և ես լսեցի, թե ինչպես էին ընկերուհիներս իրար հետ խոսում ու ծիծաղում։ Իմանալով, որ նրանք առանց ինձ ուրախ ժամանակ են անցկացնում, ավելի տխրեցի ու ինձ միայնակ զգացի (Մարիա)։ *

Իսկ դու քեզ երբևէ միայնակ կամ անտեսված զգացե՞լ ես։ Եթե այո, Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել քեզ։ Բայց նախևառաջ քննենք որոշ կարևոր մտքեր։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Գրեթե բոլորն էլ երբեմն միայնակ են զգում իրենց։ Սա վերաբերում է անգամ, այսպես ասած, ճանաչված մարդկանց։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդը իրեն միայնակ կզգա, թե ոչ, հաճախ կախված է ոչ թե նրանից, թե որքան ընկերներ ունի, այլ թե ինչպիսի ընկերներ ունի։ Ճանաչված մարդը գուցե անընդհատ շրջապատված լինի մարդկանցով, բայց չունենա իսկական ընկերներ և արդյունքում իրեն միայնակ զգա։

Միայնությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Վերլուծելով 148 տարբեր ուսումնասիրությունների արդյունքներ՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ մարդկանց հետ շփման պակասը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան։ Որպես առողջությանը սպառնացող գործոն՝ շփման պակասը «երկու անգամ ավելի վտանգավոր է, քան ճարպակալությունը» և «նույնքան վտանգավոր է, որքան օրական 15 գլանակ ծխախոտ ծխելը»։

Միայնությունը կարող է խոցելի դարձնել քեզ։ Միայնությունը կարող է պատճառ լինել, որ դու ճարահատյալ ընկերանաս ցանկացած մեկի հետ։ Ալան անունով մի երիտասարդ ասում է. «Երբ քեզ միայնակ ես զգում, գուցե ամեն կերպ ձգտես ուշադրության արժանանալ։ Նաև հնարավոր է՝ սկսես մտածել, թե կարևոր չէ՝ ում կողմից ես ուշադրության արժանանում, կարևորն այն է, որ ինչ-որ ուշադրության արժանանաս։ Այդպիսի մտածելակերպը կարող է մարդուն լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել»։

Տեխնիկան չի «բուժում» միայնության զգացումը։ Նատալի անունով մի աղջիկ ասում է. «Անգամ եթե օրվա մեջ հարյուր մարդու հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ գրեմ, միևնույնն է, ինձ միայնակ կզգամ»։ Իսկ Թայլեր անունով մի պատանի ասում է. «Հաղորդագրություն գրելը նման է ոտքի վրա մի բան ուտելուն, իսկ մարդու հետ երես առ երես զրուցելը նման է տեղը տեղին ճաշելուն։ Ճիշտ է, թեթև մի բան ուտելը վատ չէ, բայց լավ կշտանալու համար անհրաժեշտ է կարգին ճաշել»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Դրական մտավիճակ ունեցիր։ Ենթադրենք ինտերնետում ընկերներիդ տեղադրած լուսանկարները աչքի անցկացնելիս տեսնում ես, որ նրանք մասնակցել են ինչ-որ հավաքույթի, որին քեզ չեն հրավիրել։ Նման իրավիճակում դու երկու տարբերակ ունես. կամ կարող ես մտածել, թե քեզ դիտմամբ անտեսել են, կամ էլ կարող ես դրական մտավիճակ պահպանել։ Քանի որ քեզ հայտնի չեն բոլոր հանգամանքները, պետք չէ բացասական բաներ մտածել։ Դրա փոխարեն՝ ավելի լավ է դրական բացատրություն գտնել։ Հաճախ միայնության զգացումը առաջանում է ոչ թե ինչ-որ իրավիճակի, այլ մարդու մտավիճակի պատճառով։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 15։15։

Մի՛ ընդհանրացրու։ Երբ քեզ միայնակ ես զգում, գուցե այսպիսի մտքեր ունենաս. «Ինձ երբեք ոչ մի տեղ չեն հրավիրում։ Մարդիկ միշտ խուսափում են ինձնից»։ Սակայն նման մտքերը գուցե քեզ ավելի խորը ընկղմեն միայնության ճահճի մեջ։ Նաև այդպիսի մտքերի պատճառով հնարավոր է՝ ստեղծվի մի փակ շրջան. դու քեզ անտեսված ես զգում, սկսում ես մեկուսանալ, դրա հետևանքով մնում ես մենակ ու արդյունքում քեզ անտեսված ես զգում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 18։1։

Ընկերացիր քեզանից տարիքով մեծ մարդկանց հետ։ Աստվածաշնչում գրված է Դավիթ անունով մի մարդու մասին։ Նա հավանաբար դեռ պատանի էր, երբ հանդիպեց Հովնաթանին, որը 30 տարով մեծ էր իրենից։ Չնայած տարիքային տարբերությանը՝ Դավիթն ու Հովնաթանը դարձան մտերիմ ընկերներ (1 Սամուել 18։1)։ Դու նույնպես կարող ես տարիքով մեծ ընկերներ ունենալ։ Քսանմեկամյա Քիարան ասում է. «Ես հասկացել եմ, թե որքան լավ է տարիքով մեծ ընկերներ ունենալը։ Ես ունեմ մի քանի մտերիմ ընկերներ, որոնք բավականին մեծ են ինձնից։ Ինձ շատ է դուր գալիս տարբեր հարցերի վերաբերյալ նրանց հասուն մտածելակերպը, ինչպես նաև այն, որ նրանք կայուն անձնավորություններ են»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հոբ 12։12։

Գնահատիր մենության պահերը։ Որոշ մարդիկ միայնության զգացում են ունենում, երբ նրանց կողքին, թեկուզ մի պահ, ոչ ոք չի լինում։ Բայց մենակ մնալը պատճառ չէ, որ քեզ միայնակ զգաս։ Օրինակ՝ Հիսուսը շատ շփվող մարդ էր, սակայն նա կարևոր էր համարում մենության պահերը (Մատթեոս 14։23; Մարկոս 1։35)։ Դու նույնպես կարող ես այդպիսի վերաբերմունք ունենալ։ Մենության պահերն օգտագործիր քո ստացած օրհնությունների մասին խորհելու և գնահատանքդ խորացնելու համար։ Այդպես դու ավելի լավ ընկեր կդառնաս ուրիշների համար (Առակներ 13։20

^ պարբ. 4 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։