Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԽԱՂԱՂ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Ինչպես նպաստել ընտանիքի խաղաղությանը

Ինչպես նպաստել ընտանիքի խաղաղությանը

Ի՞ՆՉ ես կարծում, կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել, որ ընտանիքում խաղաղություն պահպանվի։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է վերցրել որոշ մարդկանցից, ովքեր պատմում են, թե ինչն է իրենց համար օգտակար եղել։ Համեմատիր Աստվածաշնչի խորհուրդները նրանց ասածների հետ և մտածիր, թե որ մտքերը կարող են օգնել քեզ խուսափելու կոնֆլիկտներից, պահպանելու խաղաղություն և ամրապնդելու ընտանեկան կապերը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

ԴՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ

«Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։3, 4

«Մենք հասկացել ենք, որ լավ է, երբ կողակցիդ քեզնից և ուրիշներից կարևոր ես համարում» (Չ. Փ., 19 տարվա ամուսնացած)։

ԼՍԵՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ

«Շարունակիր հիշեցնել նրանց, որ.... չլինեն կռվարար, այլ լինեն խոհեմ, ամենայն մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց» (Տիտոս 3։1, 2

«Վեճից կարելի է խուսափել, եթե կռվարար տոնով չպատասխանես կողակցիդ։ Կարևոր է լսել առանց կանխակալ կարծիքի և հարգել նրա տեսակետը, նույնիսկ եթե համաձայն չես դրա հետ» (Փ. Փ., 20 տարվա ամուսնացած)։

ԶԱՐԳԱՑՐԵՔ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

«Համբերությամբ ղեկավարին կարելի է համոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել» (Առակներ 25։15

«Կոնֆլիկտներ կլինեն։ Բայց թե ինչ հետևանք կունենան դրանք, կախված է մեր ցուցաբերած ոգուց։ Մենք համբերատար լինելու իրոք կարիք ունենք։ Երբ այդպես ենք վարվում, տեսնում ենք, որ խնդիրները լուծվում են» (Գ. Ա., 27 տարվա ամուսնացած)։

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԴԻՄԻՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ, ԹԵԿՈՒԶ ԽՈՍՔՈՎ

«Բայց հիմա հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսքեր դուրս չգան ձեր բերանից» (Կողոսացիներ 3։8

«Հիանում եմ ամուսնուս ինքնատիրապետմամբ։ Նա միշտ հանգիստ է պահում իրեն, երբեք չի բղավում վրաս և չի վիրավորում ինձ» (Բ. Դ., 20 տարվա ամուսնացած)։

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱԳՈՐԵՆ ՀԱՐԹԵԼՈՒ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13

«Երբ սթրեսի մեջ ես, միշտ չէ, որ հեշտ է հանդարտություն պահպանել։ Հնարավոր է՝ անմիջապես ասես կամ անես բաներ, որոնք ցավ կպատճառեն կողակցիդ։ Նման դեպքերում լավ կլինի ներել իրար։ Առանց ներողամտության հնարավոր չէ լավ ամուսնություն ունենալ» (Ա. Բ., 34 տարվա ամուսնացած)։

ԱՆԵՍԱՍԻՐԱԲԱՐ ՏԱԼԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐՈՒ

«Տվեք, և մարդիկ կտան ձեզ.... ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Ղուկաս 6։38

«Ամուսինս գիտի, թե ինչեր եմ սիրում, և միշտ անակնկալներ է անում ինձ համար։ Ես էլ հաճախ մտածում եմ, թե ինչ կարող եմ անել, որ նրան ուրախացնեմ։ Արդյունքում, մեր կյանքը ուրախ է անցնում» (Հ. Կ., 44 տարվա ամուսնացած)։

ՄԻՇՏ ՆՊԱՍՏԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

«Արթնացե՛ք»-ին հարցազրույց տված այս մարդիկ միայն մի քանիսն են այն միլիոնավորներից, որոնց Աստվածաշունչը օգնել է զարգացնելու այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են անդորրավետ ընտանեկան մթնոլորտին։ * Այս մարդիկ համոզվել են, որ եթե նույնիսկ ընտանիքի անդամներից ոմանք, թվում է, ոչինչ չեն անում հանուն խաղաղության, միևնույնն է արժե, որ իրենք ջանքեր ներդնեն, քանի որ Աստվածաշունչը խոստանում է. «Խաղաղությանը նպաստողները ուրախություն ունեն» (Առակներ 12։20

^ պարբ. 24 Ընտանեկան կյանքը երջանիկ դարձնելու վերաբերյալ ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 14-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և մատչելի է www.ps8318.com/hy կայքում։ Տե՛ս նաև ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ բաժինը։