Աստծու Թագավորությունը գերազանց է ամեն առումով
ՀԻՍՈՒՍ Քրիստոսը սովորեցրեց իր հետևորդներին. «Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։ Այս աղոթքը, որը շատերին հայտնի է որպես «Հայր մեր», կամ՝ «Տերունական աղոթք», բացատրում է Աստծու Թագավորության նպատակը։
Այս Թագավորության միջոցով Աստծու անունը կսրբացվի։ Այն կմաքրվի բոլոր նախատինքներից, որ հասցվել են Սատանայի և մարդու ապստամբության հետևանքով։ Սա կարևոր է։ Բանական էակների երջանկությունը կախված է Աստծու անունը սուրբ պահելուց և իշխելու նրա իրավունքը պատրաստակամորեն ընդունելուց (Յայտնութիւն 4։11)։
Բացի այդ, Թագավորությունը հաստատվել է, որպեսզի ‘[Աստծու] կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա’։ Իսկ ո՞րն է այդ կամքը. վերականգնել Աստծու և մարդկանց միջև փոխհարաբերությունները, որ կորցրել էր Ադամը։ Թագավորությունը նաև կծառայի Տիեզերքի Գերիշխան Եհովայի նպատակին՝ վերածելու երկիրը դրախտի, որտեղ բարի մարդիկ հավիտյան կվայելեն կյանքը։ Այո՛, Աստծու Թագավորությունը կվերացնի մեղքի պատճառած բոլոր վնասները և երկրի նկատմամբ Աստծու ունեցած սիրառատ նպատակը իրականություն կդարձնի (Ա Յովհաննէս 3։8)։ Փաստորեն Աստվածաշնչի հիմնական թեման Թագավորությունն է և այն, թե ինչ է այդ կառավարությունը իրականացնելու։
Ի՞նչ կերպերով է գերազանց
Աստծու Թագավորությունը իրական հզոր կառավարություն է։ Դանիել մարգարեն օգնում է մեզ հասկանալ, թե որքան զորեղ է այդ Թագավորությունը։ Դարեր առաջ նա կանխագուշակեց. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու.... նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդկային] թագաւորութիւնները»։ Ավելին, ի տարբերություն մարդկային կառավարությունների, որոնք պատմության ընթացքում գալիս ու գնում են՝ Աստծու Թագավորությունը «յաւիտեանս չի աւերուիլ» (Դանիէլ 2։44)։ Բայց սա ամենը չէ։ Այս Թագավորությունը բոլոր առումներով գերազանցում է ցանկացած մարդկային կառավարության։
Աստծու Թագավորությունը բացառիկ կարողություններով օժտված Թագավոր ունի։
Տեսնենք, թե ով է այդ Թագավորը։ Իրեն տրված ‘երազում և տեսիլքներում’ Դանիել մարգարեն տեսավ Աստծու Թագավորության Թագավորին, որը «մարդի որդիի նման» էր։ Նա բերվեց Ամենակարող Աստծու առջև ու ստացավ «իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն» (Դանիէլ 7։1, 13, 14)։ Մարդու որդին ոչ այլ ոք է, եթե ոչ Հիսուս Քրիստոսը՝ Մեսիան (Մատթէոս 16։13–17)։ Եհովա Աստված նշանակել է իր Որդուն՝ Հիսուսին՝ լինելու Իր Թագավորության Թագավորը։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ասաց չար փարիսեցիներին. «Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է»՝ նկատի ունենալով, որ ինքը՝ որպես այդ Թագավորության Թագավոր, նրանց միջև էր (Ղուկաս 17։21)։
Եհովան Հիսուս Քրիստոսին նշանակել է իր Թագավորության Թագավոր
Մարդկային կառավարիչներից ո՞վ կարող է իր արժանիքներով հավասարվել Թագավոր Հիսուսին։ Հիսուսն արդեն իսկ փաստել է, որ արդար, վստահելի և կարեկից Ղեկավար է։ Ավետարանները նրան ներկայացնում են որպես գործունյա անձնավորության, որը նաև մեղմ է, ջերմ և խորը զգացմունքներ ունի (Մատթէոս 4։23; Մարկոս 1։40, 41; 6։31–34; Ղուկաս 7։11–17)։ Բացի այդ, մահը և մարդկային այլ սահմանափակումներ իշխանություն չունեն հարություն առած Հիսուսի վրա (Եսայիա 9։6, 7)։
Հիսուսը և նրա թագավորակիցները կառավարում են ավելի բարձր դիրքից։
Իր երազ–
Գառը Հիսուս Քրիստոսն է իր թագավորական դիրքում (Յովհաննէս 1։29; Յայտնութիւն 22։3)։ Սիոն սարը խորհրդանշում է երկինքը * (Եբրայեցիս 12։22)։ Հիսուսն ու իր 144 000 թագավորակիցները կառավարում են երկնքից։ Ինչպիսի՜ բարձր դիրք։ Լինելով երկնքում՝ նրանք ավելի լայն տեսահորիզոն ունեն։ Քանի որ ‘Աստծու արքայությունը’ երկնքում է, այն նաև կոչվում է ‘երկնքի արքայություն’ (Ղուկաս 8։10; Մատթէոս 13։11)։ Ոչ մի զենք, նույնիսկ միջուկային չի կարող սպառնալ այդ երկնային կառավարությանը և կործանել այն։ Այդ Թագավորությունն անհաղթելի է և կիրականացնի Եհովայի նպատակը (Եբրայեցիս 12։28)։
Աստծու Թագավորությունը ունի վստահելի ներկայացուցիչներ երկրի վրա։
Որտեղի՞ց գիտենք։ Սաղմոս 45։16–ում ասվում է. «[«Դու», ՆԱ] իշխաններ կ’դնես .... ամեն երկրի վերայ»։ Մարգարեության մեջ «դու»–ն վերաբերում է Աստծու Որդուն (Սաղմոս 45։6, 7; Եբրայեցիս 1։7, 8)։ Հիսուս Քրիստոսը ինքը կնշանակի Թագավորության ներկայացուցիչներին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նրանք հավատարմորեն կհետևեն Հիսուսի առաջնորդությանը։ Նույնիսկ այսօր այն փորձառու տղամարդիկ, որոնք քրիստոնեական ժողովներում ծառայում են որպես երեցներ, հորդոր են ստանում չիշխել իրենց հավատակիցների վրա, այլ պաշտպանել, թարմացնել և մխիթարել նրանց (Մատթէոս 20։25–28; Եսայիա 32։2)։
Թագավորությունն ունի արդար հպատակներ։
Նրանք անբիծ ու արդար են Աստծու աչքում (Առակաց 2։21, 22)։ Աստվածաշունչն ասում է. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ Թագավորության հպատակները խոնարհ մարդիկ են, որոնք պատրաստ են սովորել, հեզ են և մեղմ։ Նրանց կյանքում հոգևորը առաջին տեղում է (Մատթէոս 5։3)։ Նրանք ուզում են անել այն, ինչ ճիշտ է, և հետևում են Աստծու տված առաջնորդությանը։
Աստծու Թագավորությունը ղեկավարվում է գերազանց օրենքներով։
Թագավորության օրենքներն ու սկզբունքները սկիզբ են առնում հենց Եհովա Աստծուց։ Նրանք ոչ թե անարդարացիորեն սահմանափակում են մեզ, այլ օգուտներ են տալիս (Սաղմոս 19։7–11)։ Շատ մարդիկ այսօր իսկ օգուտներ են քաղում՝ ապրելով Եհովայի արդար չափանիշներով։ Օրինակ՝ ամուսիններին, կանանց և երեխաներին տրված աստվածաշնչյան խորհուրդներին հետևելը բարելավում է ընտանեկան կյանքը (Եփեսացիս 5։33–6։3)։ Երբ մենք հնազանդվում ենք «հագէք սէրը» պատվերին, մեր փոխհարաբերությունները ուրիշների հետ լավանում են (Կողոսացիս 3։13, 14)։ Ապրելով սուրբգրային սկզբունքներով՝ մենք նաև զարգացնում ենք լավ սովորություններ, որոնք օգնում են բարեխղճորեն կատարել մեր աշխատանքը և ունենալ հավասարակշռված տեսակետ դրամի վերաբերյալ (Առակաց 13։4; Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Հարբեցողությամբ, անբարոյությամբ, թմրամոլությամբ չզբաղվելը և ծխախոտ չծխելը օգնում է մեզ պահպանել մեր առողջությունը (Առակաց 7։21–23; 23։29, 30; Բ Կորնթացիս 7։1)։
Թագավորությունը Աստծու կողմից հաստատված կառավարություն է։ Նրա Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, և բոլոր թագավորակիցները պատասխանատու են Աստծու առաջ նրա արդար օրենքները և սիրառատ սկզբունքները պահելու հարցում։ Թագավորության հպատակները, այդ թվում նաև նրա երկնային ներկայացուցիչները, ուրախությամբ ապրում են Աստծու օրենքների համաձայն։ Այսպիսով Աստված առաջնային դեր է խաղում թագավորակիցների և Թագավորության հպատակների կյանքում։ Ուստի Թագավորությունը իսկական աստվածապետություն է, որը ղեկավարվում է Աստծու կողմից։ Այդ թագավորությունը անպայման կիրականացնի այն նպատակը, որի համար հիմնվել է։ Սակայն ե՞րբ է Աստծու Թագավորությունը, որը հայտնի է նաև Մեսիական Թագավորություն անվամբ, սկսել կառավարել։
Թագավորությունը սկսում է կառավարել
Այն, թե երբ է սկսել կառավարել Թագավորությունը, կարող ենք իմանալ Հիսուսի խոսքերից։ Նա ասաց. «Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին» (Ղուկաս 21։24)։ Երուսաղեմը երկրի վրա գտնվող միակ քաղաքն էր, որը ուղղակիորեն կապված էր Աստծու անվան հետ (Գ Թագաւորաց 11։36; Մատթէոս 5։35)։ Դա Աստծու երկրային թագավորության մայրաքաղաքն էր, որին նա հավանություն էր տվել։ Քաղաքը ազգերի կողմից ոտնակոխ էր արվելու այն իմաստով, որ իր ժողովրդի վրա Աստծու ունեցած իշխանությունը ընդհատվելու էր մարդկային կառավարությունների կողմից։ Ե՞րբ էր դա սկսվելու։
Երուսաղեմում Եհովայի աթոռին նստող վերջին թագավորին ասվել էր. «Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը..... սա էլ պիտի չ’լինի մինչեւ որ իրաւունք ունեցողը գայ. նորան եմ տուել» (Եզեկիէլ 21։25–27)։ Թագը վերցվելու էր թագավորի գլխից և իր ժողովրդի վրա Աստծու ունեցած իշխանությունը ընդհատվելու էր։ Սա տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին, երբ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը։ ‘Հեթանոսների ժամանակների’ ընթացքում Աստված երկրի վրա չէր ունենալու մի կառավարություն, որը կներկայացներ իր իշխանությունը։ Միայն այդ ժամանակների վերջում է, որ Եհովան իշխելու զորություն էր տալու նրան, ով «իրաւունք» ուներ, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին։ Որքա՞ն էր տևելու այդ ժամանակահատվածը։
Աստվածաշնչի մի մարգարեության մեջ, որն արձանագրված է «Դանիէլ» գրքում, ասվում է. «Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի .... մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ» (Դանիէլ 4։23)։ Ինչպես կտեսնենք, այստեղ հիշատակված «եօթը ժամանակ[ը]» հավասար է «հեթանոսների ժամանակներ[ին]»։
Աստվածաշնչում մարդիկ, թագավորները և թագավորությունները երբեմն ներկայացվում են որպես ծառեր (Սաղմոս 1։3; Երեմիա 17։7, 8; Եզեկիել 31 գլուխ)։ Վերոհիշյալ խորհրդանշական ծառը «տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրը» (Դանիէլ 4։11)։ Ծառի տեսքով ներկայացվող թագավորությունը, որը պետք է կտրվեր և կապվեր, և որը «հասավ երկրի ծայրը», ներառում է մարդկային բոլոր կառավարությունները (Դանիէլ 4։17, 20, 22)։ Ուստի ծառը ներկայացնում է Աստծու գերիշխանությունը մասնավորապես երկրի առնչությամբ։ Այդ թագավորությունը որոշ ժամանակ ներկայացվում էր Իսրայելի թագավորությամբ։ Խորհրդանշական ծառը կտրվեց և արմատը կապվեց պղնձե ու երկաթե կապերով, որպեսզի չաճեր։ Դա ցույց է տալիս, որ երկրի վրա Աստծու իշխանությունը պետք է դադարեր, ինչպես որ տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին, սակայն այն այդպես չէր մնալու։ Ծառը կապված մնալու էր, մինչև «եօթը ժամանակ անց կենան»։ Այդ ժամանակահատվածի վերջում Եհովան իշխանությունը տալու էր օրինական ժառանգորդին՝ Հիսուս Քրիստոսին։ Հստակ է, որ «եօթը ժամանակ[ը]» և «հեթանոսների ժամանակները» վերաբերում են նույն ժամանակահատվածին։
Աստվածաշունչը օգնում է մեզ հաշվել, թե որքան է տևում «եօթը ժամանակ[ը]»։ 1 260 օրը կազմում է «մի ժամանակ, եւ ժամանակներ [երկու ժամանակ, հոգնակի] եւ կէս ժամանակ», ընդամենը երեք ու կես ժամանակ (Յայտնութիւն 12։6, 14)։ Սա նշանակում է, որ այդ թվի կրկնակին յոթը ժամանակն է, կամ՝ 2 520 օրը։
Եթե մ.թ.ա. 607 թ.–ից բառացի հաշվենք 2 520 օր, ապա դա մեզ բերում է մինչև մ.թ.ա. 600 թ.–ը։ Սակայն յոթ ժամանակները շատ ավելի երկար տևեցին։ Դրանք դեռ ընթացքի մեջ էին, երբ Հիսուսը խոսեց «հեթանոսների ժամանակներ[ի]» մասին։ Ուստի յոթ ժամանակները մարգարեական նշանակություն ունեին։ Այստեղ կիրառելի է հետևյալ սուրբգրային կանոնը. «Ամեն մէկ օրուայ տեղ մէկ տարի» (Թուոց 14։34; Եզեկիէլ 4։6)։ Այսպիսով՝ առանց Աստծու միջամտության՝ երկրի վրա եղած իշխանությունը տևեց յոթ ժամանակներ, որը հավասար է 2 520 տարիների։ Մ.թ.ա. 607 թ.–ից հաշվելով 2 520 տարի՝ հասնում ենք մ.թ. 1914 թ.–ը։ Դա հենց այն տարին է, երբ «հեթանոսների ժամանակները», կամ՝ յոթ ժամանակները ավարտվեցին։ Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը որպես Աստծու Թագավորության Թագավոր սկսել է իշխել 1914 թ.–ին։
«Գայ քո արքայութիւնը»
Քանի որ Մեսիական Թագավորությունը հաստատվել է երկնքում, արդյոք մենք պե՞տք է շարունակենք աղոթել, որ այն գա, ինչպես սովորեցրեց Հիսուսը տիպար աղոթքում (Մատթէոս 6։9, 10)։ Այո՛։ Այդ խնդրանքը տեղին է և լի է իմաստով։ Աստծու Թագավորությունը շուտով պետք է ամբողջությամբ հաստատի իր իշխանությունը երկրի վրա։
Ի՜նչ օրհնություններ կունենան հավատարիմ մարդիկ, երբ դա տեղի ունենա։ Աստվածաշնչում ասվում է. «Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։ Այդ ժամանակ «այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Նրանք, ովքեր հաճեցնում են Աստծուն, կվայելեն հավիտենական կյանքը (Յովհաննէս 17։3)։ Մինչ սպասում ենք աստվածաշնչյան այս և ուրիշ հրաշալի մարգարեությունների կատարմանը, եկեք «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրե[նք]» (Մատթէոս 6։33)։
^ պարբ. 10 Հին Իսրայելի Դավիթ թագավորը զավթեց Սիոն սարը հեբուսացիներից և այնտեղ կառուցեց իր մայրաքաղաքը (Բ Թագաւորաց 5։6, 7, 9)։ Նա նաև սուրբ տապանակը տեղափոխեց այդտեղ (Բ Թագաւորաց 6։17)։ Քանի որ տապանակը ցույց էր տալիս Եհովայի ներկայությունը, Սիոնը համարվում էր Աստծու բնակության վայրը և հետևաբար կարող էր խորհրդանշել երկինքը (Ելից 25։22; Ղեւտացոց 16։2; Սաղմոս 9։11; Յայտնութիւն 11։19)։