Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լիարժեք օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից

Լիարժեք օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից

«Ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից» (ՀՌՈՄ. 7։22

1–3. Ի՞նչ օգուտներ է տալիս Աստվածաշնչի ընթերցանությունը և սովորածը կիրառելը։

ՄԻ ՏԱՐԵՑ քույր ասում է. «Ամեն առավոտ շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ օգնում է ինձ հասկանալու Աստվածաշունչը»։ Նա Աստվածաշունչը ամբողջությամբ ընթերցել է ավելի քան 40 անգամ և շարունակում է ընթերցել։ Իսկ մի երիտասարդ քույր գրում է, որ Աստվածաշնչի ընթերցանությունն օգնել է իրեն հասկանալու, որ Եհովան իրական անձնավորություն է։ Դրա շնորհիվ նա ավելի է մտերմացել իր երկնային Հոր հետ։ «Ես անչափ երջանիկ եմ»,— ասում է քույրը։

2 Պետրոս առաքյալը բոլորին հորդորեց «փափագ զարգացնել անխարդախ կաթի հանդեպ, որն Աստծու խոսքից է բխում» (1 Պետ. 2։2)։ Նրանք, ովքեր ուսումնասիրում են Աստծու Խոսքը և կիրառում են սովորածը, մաքուր խիղճ են ունենում, և նրանց կյանքը իմաստալից է լինում։ Նրանք ամուր փոխհարաբերություններ են զարգացնում այն մարդկանց հետ, ովքեր սիրում և ծառայում են ճշմարիտ Աստծուն։ Նրանք «հաճույք են ստանում Աստծու օրենքից» (Հռոմ. 7։22)։ Բայց օգուտներն այսքանով չեն սահմանափակվում։

3 Որքան շատ սովորես Եհովայի ու նրա Որդու մասին, այնքան քո սերը նրանց և մարդկանց հանդեպ կմեծանա։ Սուրբգրային ճշգրիտ գիտելիքները կօգնեն քեզ տեսնելու, թե ինչպես է Աստված ազատելու հնազանդ մարդկանց այս մեռնող աշխարհից։ Ծառայության ժամանակ դու քարոզում ես բարի լուրը և մարդկանց սովորեցնում ես այն, ինչ ինքդ ես սովորում Աստծու Խոսքից։ Եհովան, անկասկած, կօրհնի ջանքերդ։

ԸՆԹԵՐՑԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ

4. Ի՞նչ է նշանակում Աստվածաշունչը «կիսաձայն կարդալ»։

4 Եհովան չի ուզում, որ իր Խոսքը արագ-արագ կարդանք ու անցնենք առաջ։ Աստված Հեսուին ասաց. «Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա [«կիսաձայն կարդա», ծնթ.]» (Հեսու 1։8; Սաղ. 1։2)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ամբողջ Աստվածաշունչը՝ «Ծննդոց»-ից մինչև «Հայտնություն»,  պետք է բառի բուն իմաստով ցածրաձայն կարդանք։ Ո՛չ։ Դա նշանակում է կարդալ այն արագությամբ, որը հնարավորություն կտա խորհրդածելու։ Երբ Աստվածաշունչը կարդում ենք «կիսաձայն», դա օգնում է կենտրոնանալու այն համարների, արտահայտությունների կամ պատմությունների վրա, որոնք տվյալ պահին օգտակար և քաջալերական կարող են լինել մեզ համար։ Ընթերցանության ժամանակ նման հատվածների հանդիպելիս ավելի դանդաղ կարդա և նույնիսկ գուցե արտաբերես բառերը։ Երբ սուրբգրային համարները խորությամբ ենք հասկանում, դրանք դաջվում են մեր սրտում։ Սա կարևոր է, որովհետև երբ լավ ենք հասկանում Աստծու խորհուրդը, մղվում ենք այն կիրառելու։

5–7. Օրինակով ցույց տուր, թե Աստծու Խոսքը կիսաձայն կարդալն ինչպես կարող է օգնել՝ ա) բարոյապես մաքուր մնալու, բ) մարդկանց հանդեպ բարի և համբերատար լինելու, գ) դժվար ժամանակներում Եհովային վստահելու։

5 Հատկապես կարևոր է կիսաձայն կարդալ Աստվածաշնչի այն գրքերը, որոնք մեզ համար դժվարհասկանալի են։ Քննենք երեք օրինակ։ Առաջին՝ երիտասարդ եղբայրը Աստվածաշնչի ընթերցանության ծրագրով հասել է Օսեեի մարգարեությանը։ Նա կարդում է 4-րդ գլուխը։ 11–13-րդ համարները կիսաձայն կարդալուց հետո եղբայրը կանգ է առնում (կարդա՛ Օսեե 4։11–13)։ Այս համարները գրավում են նրա ուշադրությունը, որովհետև դպրոցում նա անբարոյություն գործելու ճնշման է ենթարկվում։ Եղբայրը խորհրդածում է այդ համարների շուրջ և ինքն իրեն ասում. «Եհովան տեսնում է այն բոլոր վատ բաները, որ մարդիկ անում են, նույնիսկ այն բաները, որ նրանք թաքուն են անում։ Ես չեմ ուզում Եհովային վիրավորել»։ Նա վճռում է բարոյապես մաքուր մնալ Աստծու աչքում։

6 Երկրորդ՝ քույրը ընթերցում է Հովելի մարգարեությունը և հասել է 2-րդ գլխի 13-րդ համարին (կարդա՛ Հովել 2։13)։ Այս համարը նա կարդում է կիսաձայն և մտածում, թե ինչպես կարող է ընդօրինակել Եհովային, որը «գթառատ ու ողորմած է, չի շտապում բարկանալ և լի է սիրառատ բարությամբ»։ Նա վճռում է այլևս կծու հեգնական և բարկացկոտ խոսքեր չօգտագործել, որոնք երբեմն ասում էր ամուսնու և ուրիշների հետ խոսելիս։

7 Երրորդ՝ քրիստոնյա հայրը կորցրել է աշխատանքը և անհանգստացած է կնոջ ու երեխաների բարօրությամբ։ Նաում 1։7-ում նա կիսաձայն կարդում է, որ Եհովան «գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ», և պաշտպանում է նրանց, ինչպես մի «ամրոց նեղության օրը»։ Այս միտքը մխիթարում է նրան։ Եղբայրը զգում է Եհովայի սիրառատ հոգատարությունը և այլևս չափից շատ չի անհանգստանում։ Հետո կիսաձայն կարդում է 15-րդ համարը (կարդա՛ Նաում 1։15)։ Նա հասկանում է, որ դժվար ժամանակներում բարի լուրը քարոզելով՝ ցույց է տալիս, որ իսկապես Եհովային համարում է իր ամրոցը։ Աշխատանք փնտրելու հետ մեկտեղ եղբայրը որոշում է ժողովի քարոզչական գործունեությանը մասնակցել նաև ոչ հանգստյան օրերին։

8. Հակիրճ պատմիր, թե հոգևոր ինչ ադամանդ ես գտել Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ։

8 Այս օրինակները ցույց են տալիս, որ կարո՛ղ ենք օգուտներ քաղել Աստվածաշնչի այն գրքերից, որոնք ոմանց համար գուցե դժվարհասկանալի լինեն։ Ուստի եթե «Օսեե», «Հովել» և «Նաում» գրքերի շուրջ խորհրդածես, ապա քաջալերական մտքեր կգտնես և, անշուշտ, կցանկանաս շարունակել դրանց ընթերցանությունը։ Անկասկած, այս մարգարեների գրքերը կարող են մեծապես մխիթարել մեզ և իմաստություն տալ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի մնացած գրքերի մասին։ Աստծու Խոսքը նման է ադամանդի հարուստ հանքի։ Խորը փորիր այդ հանքում, այլ խոսքով՝ կարդա Աստվածաշունչը՝ նպատակ ունենալով գտնել ադամանդներ, այսինքն՝ Աստծու առաջնորդությունն ու հավաստիացումները։

ՁԳՏԻՐ ՀԱՍԿԱՆԱԼ

9. Ինչպե՞ս կարող ենք ավելացնել ճշմարտության վերաբերյալ մեր հասկացողությունը։

9 Թեև կարևոր է ամեն օր Աստվածաշունչը կարդալ, բայց կարևոր է նաև ընթերցածը հասկանալ։ Ուստի օգտվիր Եհովայի կազմակերպության  հրատարակություններից և մանրամասն տեղեկություններ ստացիր այն մարդկանց, վայրերի և իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին կարդում ես։ Կամ եթե չգիտես, թե ընթերցածդ ինչպես է վերաբերում քեզ, օգնություն խնդրիր ժողովի երեցներից կամ մեկ այլ հասուն քրիստոնյայից։ Քննենք առաջին դարի քրիստոնյաներից մեկի՝ Ապողոսի օրինակը և տեսնենք, թե որքան կարևոր է խորացնել ճշմարտության վերաբերյալ մեր հասկացողությունը։

10, 11. ա) Ի՞նչ օգնություն ստացավ Ապողոսը, որպեսզի բարելավի իր ծառայությունը։ բ) Ի՞նչ ենք սովորում Ապողոսի օրինակից (տե՛ս «Այն, ինչ սովորեցնում ես, չի՞ հնացել» շրջանակը)։

10 Ապողոսը հրեա քրիստոնյա էր։ Նա «լավատեղյակ էր Սուրբ Գրքերից» ու «բոցավառվում էր ոգով»։ «Գործեր» գրքում ասվում է, որ Ապողոսը «ճշգրտությամբ խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին, սակայն միայն Հովհաննեսի մկրտությանն էր ծանոթ»։ Առանց գիտակցելու՝ նա ուսուցանում էր մկրտության վերաբերյալ արդեն հնացած հասկացողություն։ Պրիսկիղան և Ակյուղասը, լսելով, թե ինչ է նա սովորեցնում, «Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին» (Գործ. 18։24–26)։ Ինչպե՞ս դա օգնեց Ապողոսին։

11 Եփեսոսում քարոզելուց հետո Ապողոսը գնաց Աքայիա։ «Երբ նա այնտեղ հասավ, մեծ օգնություն եղավ նրանց համար, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացել էին, որովհետև նա բուռն կերպով և հրապարակորեն հիմնովին ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ Սուրբ Գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը» (Գործ. 18։27, 28)։ Այդ ժամանակ արդեն Ապողոսը ճիշտ էր բացատրում քրիստոնեական մկրտության իմաստը։ Ունենալով ավելի խոր հասկացողություն՝ նա «մեծ օգնություն եղավ» նորեկների հոգևոր առաջադիմության համար։ Ի՞նչ ենք սովորում աստվածաշնչյան այս դրվագից։ Ապողոսի պես՝ եկեք ձգտենք հասկանալ այն, ինչ կարդում ենք Աստվածաշնչից, և երբ փորձառու հավատակիցը խորհուրդ է տալիս, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ կերպով ուսուցանել,  խոնարհությամբ ընդունենք առաջարկը և երախտապարտ լինենք։ Վարվելով այսպես՝ կբարելավենք մեր ծառայության որակը։

ՍՈՎՈՐԻՐ ԵՎ ՕԳՆԻՐ

12, 13. Օրինակով բացատրիր, թե ինչպես կարող ենք Աստվածաշնչի միջոցով նրբանկատորեն օգնել ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմելու։

12 Պրիսկիղայի, Ակյուղասի և Ապողոսի նման՝ մենք կարող ենք օրհնություն լինել ուրիշների համար։ Ի՞նչ ես զգում, երբ քո քաջալերական խոսքերը օգնում են ուսումնասիրողին հաղթահարելու խոչընդոտները և հոգևորապես առաջադիմելու։ Իսկ եթե երեց ես, ի՞նչ ես զգում, երբ հավատակիցդ շնորհակալություն է հայտնում սուրբգրային այն խորհրդի համար, որն օգնել է իրեն դժվար պահին։ Անկասկած, մեծ բավականություն և ուրախություն ենք ստանում, երբ Աստծու Խոսքի միջոցով օգնում ենք մարդկանց բարելավելու իրենց կյանքը *։

13 Ահա երկու օրինակ, թե կոնկրետ ինչպես կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին։ Առաջին՝ Եղիայի օրերում շատ իսրայելացիներ տատանվում էին՝ ճշմարի՞տ երկրպագության կողմը բռնեն, թե՞ կեղծ։ Այն, ինչ մարգարեն ասաց նրանց, կարող է օգնել նաև այն ուսումնասիրողին, որը տատանվում է հոգևոր քայլեր անել (կարդա՛ 1 Թագավորներ 18։21)։ Մյուս օրինակը։ Եթե ուսումնասիրողը վախենում է ընկերների կամ ընտանիքի անդամների բացասական արձագանքից, կարող ենք ամրացնել Եհովային երկրպագելու նրա վճռականությունը՝ տրամաբանելով Եսայիա 51։12, 13 համարների շուրջ (կարդա՛

14. Ի՞նչը կօգնի քեզ մտաբերելու աստվածաշնչյան այն համարները, որոնք անհրաժեշտ կլինեն, երբ ցանկանաս օգնել ուրիշներին։

14 Պարզ է, որ Աստվածաշնչում կան բազմաթիվ խոսքեր, որոնք կարող են հորդորել, ուղղել և զորացնել ընթերցողին։ Բայց գուցե հարցնես. «Անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կարող եմ մտաբերել այս կամ այն սուրբգրային համարը»։ Ամեն օր կարդա Աստվածաշունչը և խորհրդածիր Աստծու մտքերի շուրջ։ Այդպես կկուտակես աստվածաշնչյան խոսքերի մեծ պաշար, և երբ հարկ լինի, Եհովայի սուրբ ոգին կօգնի քեզ հիշելու անհրաժեշտ համարները * (Մարկ. 13։11; կարդա՛ Հովհաննես 14։26

15. Ինչպե՞ս կարող ես ավելի խորը հասկանալ Աստծու Խոսքը։

15 Սողոմոն թագավորի պես՝ Եհովայից իմաստություն խնդրիր աստվածապետական պարտականություններդ կատարելու համար (2 Տար. 1։7–10)։ Անցյալում ապրած մարգարեների նման՝ «ջանադիր փնտրտուքներ ու մանրամասն հետազոտություններ» արա Աստծու Խոսքում, որպեսզի ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերես Եհովայի և նրա կամքի մասին (1 Պետ. 1։10–12)։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց սնվել «հավատի խոսքերով և հրաշալի ուսմունքով» (1 Տիմոթ. 4։6)։ Այսպես անելով՝ կկարողանաս հոգևորապես օգնել ուրիշներին, միևնույն ժամանակ կկերտես քո հավատը։

ԱՄՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

16. ա) Բերիացիները ի՞նչ օգուտներ ստացան՝ «ամեն օր ուշադիր քննելով Սուրբ Գրքերը»։ բ) Ինչո՞ւ է կարևոր ամեն օր կարդալ Աստվածաշունչը։

16 Մակեդոնիայի Բերիա քաղաքի հրեաները սովորություն ունեին «ամեն օր ուշադիր քննելու Սուրբ Գրքերը»։ Երբ Պողոսը բարի լուրը հայտնեց նրանց, վերջիններս առաքյալի խոսքերը համեմատեցին իրենց սուրբգրային գիտելիքների հետ։ Արդյունքում շատերը համոզվեցին, որ Պողոսը ճշմարտությունն է սովորեցնում, և «հավատացյալներ դարձան» (Գործ. 17։10–12)։ Սա ցույց է տալիս, որ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը ամրացնում է  հավատը Եհովայի հանդեպ։ Ամուր հավատը, որը «լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան», անչափ կարևոր է փրկության համար (Եբր. 11։1

17, 18. ա) Ինչպե՞ս է ամուր հավատն ու սերը պաշտպանում քրիստոնյայի փոխաբերական սիրտը։ բ) Ինչպե՞ս է հույսը պաշտպանում վտանգից։

17 Պողոսը գրեց. «Մենք, որ ցերեկվան ենք պատկանում, եկեք պահպանենք մեր զգոնությունը, կրենք հավատի ու սիրո զրահը և իբրև սաղավարտ՝ փրկության հույսը» (1 Թեսաղ. 5։8)։ Ինչպես որ զինվորը պետք է պաշտպաներ իր սիրտը թշնամու նետերից, այնպես էլ քրիստոնյան պետք է պաշտպանի իր փոխաբերական սիրտը մեղքի խայթոցներից։ Եթե Եհովայի ծառան ամուր հավատ ունի Աստծու խոստումների հանդեպ, սիրում է նրան ու մարդկանց, ուրեմն կրում է ամենաբարձր որակի հոգևոր զրահը։ Անհավանական է, որ նա այնպիսի բան անի, ինչի պատճառով կկորցնի Աստծու բարեհաճությունը։

18 Պողոսը խոսեց նաև սաղավարտի՝ «փրկության հույսի» մասին։ Եթե զինվորը մարտի ժամանակ չպաշտպաներ իր գլուխը, հեշտությամբ կարող էր կորցնել կյանքը։ Բայց եթե նա ամուր սաղավարտ ունենար, կփրկեր իր գլուխը լուրջ վնասվածքներից։ Երբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը, ավելի մեծ հույսով ենք լցվում, որ Եհովան կփրկի մեզ։ Ամուր հույսը օգնում է մերժելու հավատուրացներին և նրանց փտախտային «դատարկ զրույցները» (2 Տիմոթ. 2։16–19)։ Մեր հույսը նաև ուժ է տալիս «ոչ» ասելու նրանց, ովքեր փորձում են դրդել մեզ այնպիսի արարքի, որը Եհովան դատապարտում է։

ՓՐԿՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

19, 20. Ինչո՞ւ ենք բարձր գնահատում Աստծու Խոսքը և ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր երախտագիտությունը դրա համար (տե՛ս «Եհովան ինձ տալիս է հենց այն, ինչի կարիքն ունեմ» շրջանակը)։

19 Որքան ավելի է մոտենում վախճանը, այնքան ավելի պետք է ապավինենք Աստծու Խոսքին։ Աստվածաշնչյան խորհուրդները կարող են օգնել մեզ արմատախիլ անելու վատ սովորությունները և վերահսկելու մեղավոր հակումները։ Աստծու Խոսքի տված քաջալերանքն ու մխիթարությունը կօգնեն մեզ հաղթահարելու Սատանայի և նրա աշխարհի կողմից եկող փորձությունները։ Եհովայի Խոսքից ստացած առաջնորդությամբ մենք կմնանք կյանքի ճանապարհին։

20 Եկեք միշտ հիշենք, որ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ» փրկվեն։ «Ամեն տեսակ մարդկանց» մեջ են մտնում Եհովայի ծառաները, ինչպես նաև նրանք, ում կարող ենք օգնել՝ քարոզելով բարի լուրը և ուսուցանելով Աստծու Խոսքը։ Բայց բոլոր նրանք, ովքեր ուզում են փրկվել, պետք է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ձեռք բերեն (1 Տիմոթ. 2։4)։ Այո՛, այս համակարգի կործանումից վերապրելը մեծապես կախված է Աստվածաշունչը ամեն օր կարդալուց և նրա առաջնորդությանը հետևելուց։ Ամեն օր կարդալով Աստվածաշունչը՝ ցույց ենք տալիս, որ շատ բարձր ենք գնահատում Եհովայի թանկագին Խոսքը՝ ճշմարտությունը (Հովհ. 17։17

^ պարբ. 12 Իհարկե, չպետք է Աստվածաշնչի միջոցով ճնշում բանեցնենք ուրիշների վրա կամ քննադատենք նրանց։ Ինչպես որ Եհովան է մեր հանդեպ համբերատար ու բարի, այնպես էլ մենք պետք է Աստվածաշունչ ուսումնասիրողի հանդեպ լինենք համբերատար ու բարի (Սաղ. 103։8

^ պարբ. 14 Ի՞նչ կարող ես անել, եթե հիշում ես սուրբգրային խոսքի գլխավոր բառը կամ բառերը, բայց չես հիշում գիրքը, գլուխը և համարը։ Այդ համարը կարող ես գտնել Աստվածաշնչի բառացանկի և ««Դիտարանի» գրադարանի» միջոցով։