Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապավինիր Եհովային և օրհնվիր

Ապավինիր Եհովային և օրհնվիր

Կյանքը երբեմն անկանխատեսելի է լինում, անորոշ, երբեմն չես իմանում՝ ինչպես վարվել։ Բայց Եհովան օրհնում է նրանց, ովքեր ապավինում են իրեն և ոչ թե իրենց հասկացողությանը։ Իմ ու կնոջս երկար ու բովանդակալից կյանքի ընթացքում մենք դա ենք հասկացել։ Մի փոքր պատմեմ մեր կյանքից։

ՀԱՅՐՍ ու մայրս իրար հանդիպեցին 1919-ին Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների համաժողովում (Սիդար Փոյնթ, Օհայո, ԱՄՆ)։ Այդ նույն տարի նրանք ամուսնացան։ Ես ծնվեցի 1922-ին, իսկ եղբայրս՝ Փոլը, երկու տարի անց։ Կինս՝ Գրեյսը, ծնվել է 1930-ին։ Նրա ծնողները՝ Ռոյ և Ռութ Հաուելները, մեծացել էին Աստվածաշունչ ուսումնասիրողների ընտանիքում և իրենք էլ դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Գրեյսի տատերն ու պապերը եղբայր Ռասելի ընկերներից էին։

Գրեյսի հետ ծանոթացա 1947-ին։ 1949-ի հուլիսի 16-ին ամուսնացանք։ Նախքան ամուսնությունը մենք անկեղծորեն խոսեցինք մեր ապագայի մասին. որոշեցինք լիաժամ ծառայություն սկսել և երեխաներ չունենալ։ 1950-ի հոկտեմբերի 1-ին սկսեցինք ռահվիրա ծառայել։ Իսկ 1952-ին հրավիրվեցինք շրջանային ծառայության։

ՇՐՋԱԳԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԳԱՂԱԱԴ»

Երկուսս էլ զգում էինք, որ օգնության կարիք ունենք մեր նոր նշանակման մեջ։ Ես սովորում էի փորձառու եղբայրներից, բայց ուզում էի, որ Գրեյսն էլ որևէ օգնություն ստանա։ Ուստի մոտեցա Մարվին Հոլինին, որը մեր հին ընկերն էր ու շրջագայող վերակացու էր ծառայել, և ասացի. «Գրեյսը երիտասարդ է և փորձ չունի։ Կա՞ մի այնպիսի քույր, որը կարող է օգնել նրան ծառայության մեջ»։ Նա պատասխանեց. «Այո՛։ Էդնա Ուինքլը փորձառու ռահվիրա է, նա կարող է օգնել»։ Հետագայում Գրեյսը Էդնայի մասին ասաց. «Նա ինձ օգնեց, որ չկաշկանդվեմ տնետան ժամանակ։ Էդնան գիտեր, թե ինչպես պատասխանել առարկություններին, և ինձ սովորեցրեց լսել բնակչին, որպեսզի կարողանայի կողմնորոշվել, թե ինչի մասին խոսել։ Ես հենց նրա օգնության կարիքն ունեի»։

Ձախից աջ՝ Նաթան Նոր, Մալկոլմ Ալեն, Ֆրեդ Ռասկ, Լայլ Ռուշ, Էնդրյու Վագներ

Ես ու Գրեյսը ծառայեցինք երկու շրջանում, որոնք ընդգրկում էին տարածքներ Այովա, Մինեսոտա ու Դակոտա նահանգներից։ Հետագայում մեզ նշանակեցին ծառայելու Նյու Յորքի Բրուքլին և Քուինս շրջաններում։ Մենք երբեք չենք մոռանա, թե որքան անփորձ էինք զգում այս ծառայության մեջ։ Մեր շրջանի մեջ էր մտնում «Բրուքլին Հայթս» ժողովը, որն իր հանդիպումներն  անցկացնում էր Բեթելի Թագավորության սրահում։ Այդ ժողովում բազմաթիվ փորձառու բեթելցիներ կային։ Իմ առաջին ծառայողական ելույթից հետո եղբայր Նաթան Նորը մոտեցավ ինձ ու մոտավորապես այսպես ասաց. «Մա՛լկոլմ, այսօր դու մեզ մի քանի խորհուրդ տվեցիր, որոնց վրա մենք պետք է աշխատենք, և դա տեղին էր։ Հիշի՛ր, եթե մեզ չօգնես քո լավ խորհուրդներով, էական օգուտ չես տա կազմակերպությանը։ Այդպես շարունակիր»։ Ժողովի հանդիպումից հետո այս մասին պատմեցի Գրեյսին։ Մենք բարձրացանք Բեթելի մեր սենյակ։ Անհանգստությունից և լարվածությունից այնպես էինք ուժասպառ եղել, որ սկսեցինք լաց լինել։

«Եթե մեզ չօգնես քո լավ խորհուրդներով, էական օգուտ չես տա կազմակերպությանը։ Այդպես շարունակիր»

Մի քանի ամիս հետո նամակ ստացանք. մեզ հրավիրում էին սովորելու «Գաղաադ» դպրոցի 24-րդ դասարանում։ Դասընթացն ավարտելու էինք 1955-ի փետրվարին։ Մեզ նախապես տեղեկացրին, որ դպրոցն ավարտելուց հետո գուցե միսիոներ չծառայենք։ Դպրոցն օգնելու էր մեզ ավելի լավ կատարելու մեր շրջագայական ծառայությունը։ «Գաղաադում» սովորելը հրաշալի էր։ Այստեղ մենք խոնարհություն սովորեցինք։

Ես ու Գրեյսը Ֆերն և Ջորջ Քաուչների հետ «Գաղաադում», 1954թ.

Դպրոցն ավարտելուց հետո ինձ նշանակեցին մարզային վերակացու։ Մեր մարզի մեջ էին մտնում Ինդիանա, Միչիգան և Օհայո նահանգները։ 1955-ի դեկտեմբերին, ի զարմանս մեզ, եղբայր Նորից մի նամակ ստացանք։ Այնտեղ ասվում էր. «Միանգամայն անկեղծ եղեք և ազնվորեն պատասխանեք։ Եթե պատրաստ եք գալու և մնալու Բեթելում.... կամ մի որոշ ժամանակ Բեթելում ծառայելուց հետո օտարերկրյա նշանակում ստանալ, ինձ տեղյակ պահեք։ Եթե նախընտրում եք մարզային և շրջանային ծառայությունը, այդ մասին էլ գրեք»։ Մենք պատասխանեցինք, որ ուրախ կլինենք ընդունելու ցանկացած նշանակում։ Մեզ անմիջապես հրավիրեցին Բեթել։

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՏԱՐԻՆԵՐ ԲԵԹԵԼՈՒՄ

Բեթելում ծառայելու տարիներին իմ պատասխանատվության մեջ էր մտնում նաև ելույթներ ներկայացնելը Միացյալ Նահանգների տարբեր ժողովներում ու համաժողովներում։ Ես օգնել և ուսուցանել եմ բազմաթիվ երիտասարդ եղբայրների, որոնք հետագայում մեծ պատասխանատվություններ ստանձնեցին Եհովայի կազմակերպությունում։ Հետագայում դարձա եղբայր Նորի քարտուղարներից մեկը այն գրասենյակում, որը կազմակերպում էր համաշխարհային քարոզչական գործը։

Ծառայողական բաժնում, 1956թ.

Ինձ համար հատկապես հաճելի էին ծառայողական բաժնում անցկացրած տարիները։ Այստեղ շատ բան եմ սովորել եղբայրներից։ Օրինակ՝ աշխատել եմ Թ. Ջ. (Բադ) Սալիվանի հետ, որը երկար տարիներ եղել էր ծառայողական բաժնի վերակացուն։ Այդ եղբայրներից էր նաև Ֆրեդ Ռասկը։ Նրան նշանակել էին, որ ինձ սովորեցներ իմ գործը։ Հիշում եմ՝ մի օր նրան հարցրի. «Ֆրե՛դ, ինչո՞ւ  ես այդքան շատ փոփոխություններ անում իմ գրած նամակներում»։ Նա ծիծաղեց, հետո լրջորեն ասաց. «Մա՛լկոլմ, երբ որևէ միտք բանավոր ես ասում, այն կարող ես հետո բացատրել, բայց երբ նամակ ես գրում, այն պետք է հնարավորին չափ ողջամիտ և ճշգրիտ լինի, հատկապես երբ մեր բաժնից է»։ Հետո մեղմությամբ ասաց. «Քիթդ մի՛ կախիր։ Դու ամեն ինչ լավ ես անում, իսկ ժամանակի ընթացքում ավելի լավ կանես»։

Տարիների ընթացքում Գրեյսը տարբեր նշանակումներ ունեցավ Բեթելում, օրինակ՝ ծառայեց սպասուհի. նա պահպանում էր բեթելցիների սենյակների մաքրությունը։ Գրեյսը սիրում էր իր գործը։ Ամեն անգամ, երբ հանդիպում ենք այն եղբայրներին, որոնք այդ տարիներին երիտասարդ բեթելցիներ էին, նրանք ժպտալով Գրեյսին ասում են. «Գրե՛յս, մայրս շատ գոհ էր, որ ինձ անկողին հավաքել սովորեցրիր»։ Գրեյսը սիրով աշխատել է նաև պարբերագրերի, նամակագրության և ձայնագրության կրկնօրինակման բաժիններում։ Տարբեր նշանակումներում ծառայելը օգնեց նրան հասկանալու, որ Եհովայի կազմակերպությունում ինչ էլ որ անենք կամ որտեղ էլ որ ծառայենք, դա առանձնաշնորհում և օրհնություն է։ Մինչև օրս նա այդպես է մտածում։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1970-ականների կեսերին մեր տարեց ծնողները ավելի շատ ուշադրության կարիք ունեցան։ Վերջիվերջո, ես ու Գրեյսը դժվար որոշման առաջ կանգնեցինք. մենք չէինք ուզում թողնել Բեթելը և մեր ծառայակիցներին, որոնց շատ էինք սիրում։ Բայց գիտեի, որ պարտավոր եմ հոգ տանել մեր ծնողներին։ Ժամանակի ընթացքում թողեցինք Բեթելը՝ սրտի խորքում հույս փայփայելով, որ երբ մեր հանգամանքները փոխվեն, կվերադառնանք։

Մեր կարիքները հոգալու համար ես սկսեցի ապահովագրական պոլիսներ վաճառել։ Միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասաց դասավանդող մենեջերներից մեկը. «Այս գործում հաջողության հասնելու համար պետք է մարդկանց այցելես երեկոյան ժամերին։ Դա նրանց հանդիպելու ամենահարմար ժամն է։ Ոչինչ այնքան կարևոր չէ, որքան երեկոյան այցելությունները»։ Ես նրան պատասխանեցի. «Վստահ եմ՝ դուք դա ձեր փորձից եք ասում, և ես հարգում եմ ձեր տեսակետը։ Բայց ես նաև հոգևոր բնույթի պատասխանատվություններ ունեմ, որոնք երբեք չեմ անտեսել ու մտադիր չեմ անտեսելու։ Իհարկե, երեկոյան այցեր կանեմ, բայց երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան ես շատ կարևոր հանդիպումներ ունեմ»։ Եհովան օրհնեց ինձ այն բանի համար, որ բաց չթողեցի ժողովի հանդիպումները։

Մենք մորս անկողնու կողքին էինք, երբ նա 1987-ի հուլիսին ծերանոցում մահացավ։ Ավագ բուժքույրը Գրեյսին ասաց. «Տիկի՛ն Ալեն, գնացեք տուն և հանգստացեք։ Բոլորը գիտեն, որ դուք ամեն ժամանակ այստեղ էիք՝ ձեր սկեսրոջ կողքին։ Դուք ամեն ինչ արել եք նրա համար»։

1987-ի դեկտեմբերին դիմում լրացրինք, որ նորից ծառայենք Բեթելում՝ մեր սիրած վայրում։ Բայց ընդամենը մի քանի օր անց Գրեյսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ հայտնաբերվեց։ Վիրահատությունից  և ապաքինումից հետո բժիշկներն ասացին, որ նա այլևս քաղցկեղ չունի։ Հենց այդ ժամանակ Բեթելից նամակ ստացանք. եղբայրները մեզ հորդորում էին շարունակել ծառայել տեղի ժողովի հետ։ Մենք վճռեցինք շարունակել ակտիվորեն աջակցել Թագավորության գործին։

Որոշ ժամանակ անց ինձ համար աշխատելու հնարավորություն բացվեց Տեխաս նահանգում։ Մենք մտածեցինք, որ այնտեղի տաք կլիման դրականորեն կազդի մեր առողջության վրա, և այդպես էլ եղավ։ Մոտ 25 տարի է, ինչ այստեղ՝ Տեխասում, վայելում ենք մեր հոգատար եղբայրների ու քույրերի ընկերակցությունը, որոնց հետ շատ ենք մտերմացել։

ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ

Գրեյսը պայքարել է հաստ աղիքի և վահանագեղձի քաղցկեղի դեմ, իսկ վերջերս նաև կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Բայց նա երբեք չի դժգոհել իր կյանքից ու երբեք չի թերացել գլխավորությունը հարգելու և ինձ հետ համագործակցելու հարցում։ Նրան հաճախ են հարցնում. «Ո՞րն է ձեր հաջող ամուսնական կյանքի գաղտնիքը, և ի՞նչ եք անում, որ միշտ ուրախությունից շողում եք»։ Նա չորս պատճառ է նշում. «Մենք լավագույն ընկերներ ենք միմյանց համար։ Ամեն օր հաղորդակցվում ենք։ Սիրում ենք միասին ժամանակ անցկացնել։ Եթե իրար վրա բարկացած ենք լինում, երբեք, առանց հաշտվելու, չենք պառկում քնելու»։ Ինչ խոսք, երբեմն իրար նեղացնում ենք, բայց ներում ենք ու մոռանում։ Նման մոտեցումը իրոք օգնում է։

«Միշտ ապավինիր Եհովային և ընդունիր այն, ինչ նա թույլ է տալիս»

Մեր փորձություններից մենք կարևոր բաներ ենք սովորել.

  1. Միշտ ապավինիր Եհովային և ընդունիր այն, ինչ նա թույլ է տալիս։ Երբեք մի՛ վստահիր քո սեփական հասկացողությանը (Առակ. 3։5, 6; Երեմ. 17։7

  2. Անկախ նրանից, թե ինչ հարցի առաջ ես կանգնած՝ առաջնորդության համար միշտ դիմիր Աստծու Խոսքին։ Շատ կարևոր է հնազանդվել Եհովային և նրա օրենքներին։ Դու կա՛մ հնազանդ ես, կա՛մ հնազանդ չես. երրորդ տարբերակ չկա (Հռոմ. 6։16; Եբր. 4։12

  3. Կյանքում ամենից կարևոր բանը Եհովայի մոտ բարի անուն ունենալն է։ Առաջին տեղում դիր Աստծու շահերը և ոչ թե նյութականը (Առակ. 28։20; Ժող. 7։1; Մատթ. 6։33, 34

  4. Աղոթիր, որ ծառայության մեջ, որքան հնարավոր է, լինես արդյունավետ և ակտիվ։ Կենտրոնացիր այն բանի վրա, ինչը կարող ես անել, և ոչ թե այն բանի վրա, ինչը չես կարող անել (Մատթ. 22։37; 2 Տիմոթ. 4։2

  5. Հիշիր, որ չկա որևէ այլ կազմակերպություն, որն ունի Եհովայի հավանությունն ու օրհնությունը (Հովհ. 6։68

Ես ու Գրեյսը Եհովային ծառայել ենք ավելի քան 75 տարի, որից մոտ 65-ը՝ միասին։ Մենք հրաշալի կյանք ենք ունեցել՝ միասին տասնամյակներ ծառայելով Եհովային։ Աղոթում ենք, որ մեր բոլոր քույր-եղբայրներն էլ ապավինեն Եհովային և ունենան օրհնություններով լի կյանք։