Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոգ տանենք տարեցների մասին

Հոգ տանենք տարեցների մասին

«Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 ՀՈՎՀ. 3։18

1, 2. ա) Ի՞նչ դժվարությունների են շատ ընտանիքներ բախվում, և ի՞նչ հարց է առաջանում։ բ) Ինչպե՞ս կարող են զավակներն ու ծնողները հաղթահարել առաջացած խնդիրները։

ՍԻՐՏԴ ուղղակի ճմլվում է, երբ տեսնում ես՝ ծնողներդ, որ մի ժամանակ ուժեղ էին և կարողանում էին իրենց մասին հոգ տանել, հիմա ի վիճակի չեն դա անելու։ Գուցե հայրդ կամ մայրդ ընկել է, կոտրել ազդրը կամ չի կարողանում կողմնորոշվել տարածության մեջ, կամ էլ բժիշկն ասել է, որ նա առողջական լուրջ խնդիր ունի։ Տարեցները գուցե չկարողանան հաշտվել այն մտքի հետ, որ առողջության կամ հանգամանքների փոփոխության պատճառով իրենց ազատությունը սահմանափակվել է (Հոբ 14։1)։ Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել նրանց մասին։

2 Տարեցների խնամքի վերաբերյալ մի հոդվածում ասվում է. «Ճիշտ է, ծանր է խոսել ծերության հետ կապված խնդիրների մասին, բայց այն ընտանիքները, որոնք նախօրոք դա անում են և պայմանավորվում են, թե ինչ են անելու այս կամ այն դեպքում, հետագայում, ինչ խնդիր էլ առաջանա, շատ ավելի լավ կկարողանան այն լուծել»։ Մենք պետք է գիտակցենք, որ տարիքի հետ կապված դժվարություններն անխուսափելի են։ Ուստի կարևոր է նախօրոք պատրաստվել և որոշումներ կայացնել։ Եկեք տեսնենք, թե ընտանիքը ինչպես կարող է համագործակցել այս հարցում և նախօրոք մտածել, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ դժվարությունները։

 ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ «ԱՂԵՏԱԲԵՐ ՕՐԵՐԸ»

3. Ի՞նչ կարող է անել ընտանիքը, երբ տարեց ծնողն այլևս ի վիճակի չէ ինքնուրույն հոգալու իր կարիքները (տե՛ս 25-րդ էջի նկարը)։

3 Գալիս է մի ժամանակ, երբ տարեց մարդն այլևս ի վիճակի չի լինում ինքնուրույն հոգալու իր կարիքները (կարդա՛  Ժողովող 12։1–7)։ Այդ դեպքում հարկավոր է հավաքվել ընտանիքով և խորհրդակցել, թե ինչ կարիքներ կան, ինչպես են համագործակցելու, ինչ պետք է արվի և ինչպես։ Բոլորը, հատկապես ծնողները պետք է անկաշկանդ արտահայտվեն և իրատես լինեն։ Նրանք կարող են քննարկել, թե արդյոք լրացուցիչ օգնությունը բավարար կլինի, որպեսզի ծնողը կարողանա ինքնուրույն և անվտանգ ապրել իր տանը *։ Հարկավոր է նաև խոսել այն մասին, թե յուրաքանչյուրի հնարավորություններն ինչպես կարելի է օգտագործել (Առակ. 24։6)։ Օրինակ՝ մի քանիսը գուցե կարողանան ծնողին խնամել ամեն օր, իսկ մյուսները օգնեն ֆինանսապես։ Յուրաքանչյուրը պետք է իմանա իր անելիքը։ Սակայն նրանք պետք է հիշեն, որ ժամանակի ընթացքում իրենց պարտականությունները կարող են փոխվել, բացի այդ, գուցե հարկ լինի դրանք հերթով անել։

4. Ո՞ւմ կարող է դիմել ընտանիքը օգնության համար։

4 Հնարավորին չափ շատ բան իմացիր ծնողիդ առողջական վիճակի մասին։ Օրինակ՝ եթե նա զարգացող հիվանդություն ունի, իմացիր, թե հետագայում ինչ կարող է լինել (Առակ. 1։5)։ Կապ հաստատիր պետական հիմնարկների հետ, որոնք ծառայություններ են տրամադրում տարեցներին։ Պարզիր, թե ինչ ծրագրեր կան նրանց համար, որոնք կարող են հեշտացնել խնամքը։ Այն փոփոխությունները, որ կլինեն ձեր ընտանիքում, գուցե քո մեջ առաջացնեն կորստի զգացում, շփոթմունք, ծանր ապրումներ։ Զրուցիր վստահելի ընկերոջ հետ և, ամենակարևորը, սիրտդ բացիր Եհովայի առաջ։ Նա քեզ կտա մտքի խաղաղություն, որպեսզի կարողանաս ճիշտ վարվել ստեղծված իրավիճակում (Սաղ. 55։22; Առակ. 24։10; Փիլիպ. 4։6, 7

5. Ինչո՞ւ է իմաստուն տարեցի խնամքի հետ կապված տեղեկություններ փնտրել նախօրոք։

5 Որոշ տարեցներ և նրանց ընտանիքի անդամները, իմաստություն դրսևորելով, նախօրոք փնտրում են խնամքի հետ կապված տեղեկություններ, օրինակ՝ որքանով է գործնական, որ ծնողը ապրի որդու կամ աղջկա հետ, ինչպես օգտվել տարեցներին աջակցություն ցույց տվող կազմակերպությունների ծառայություններից կամ տվյալ վայրում առկա ուրիշ հնարավորություններից։ Այսպես ընտանիքը կարող է պատրաստ լինել ապագայում սպասվող «նեղությանն ու տառապանքին» (Սաղ. 90։10)։ Բազմաթիվ ընտանիքներ այսպես չեն անում, և երբ ծայրահեղ իրավիճակ է առաջանում, նրանք ստիպված են լինում հապճեպորեն լուրջ որոշումներ կայացնել։ Ինչպես ասում է մի մասնագետ, դա «գրեթե միշտ ամենավատ ժամանակն է [լուրջ] որոշում կայացնելու»։ Նման մթնոլորտում ընտանիքի անդամները գուցե լարված լինեն, և կոնֆլիկտներ առաջանան։ Մինչդեռ ամեն ինչի մասին նախօրոք մտածելը կնպաստի, որ ապագայում սպասվող փոփոխությունները պակաս ցավոտ լինեն (Առակ. 20։18

Ընտանիքը կարող է հավաքվել ու քննարկել, թե ինչպես են հոգալու տարեց ծնողի կարիքները (տե՛ս պարբերություն 6–8)

6. Ինչո՞ւ լավ կլինի տարեց ծնողների հետ զրուցել նրանց ապրելու տեղի մասին։

6 Գուցե անհարմար զգաս ծնողներիդ հետ խոսել նրանց տան մեջ փոփոխություններ անելու կամ հետագայում նրանց ուրիշ տուն տեղափոխելու մասին։ Բայց շատերն են ասում, որ մտերմիկ և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում տեղի ունեցած զրույցները իրենց շատ են օգնել։ Այդպես նրանք գործնական ծրագրեր են կազմել։ Նրանք անձամբ են համոզվել, որ ջերմ մթնոլորտում կարծիքներ փոխանակելը հեշտացնում է ապագայում որոշումներ կայացնելը։ Նույնիսկ եթե տարեց ծնողը ուզում է և կարող է ինքնուրույն ապրել, անշուշտ, օգտակար կլինի, եթե նա զավակների հետ քննարկի, թե ինչ օգնություն կցանկանա  ստանալ անհրաժեշտության դեպքում։

7, 8. Լավ կլինի, որ ընտանիքը ի՞նչ հարցեր քննարկի և ինչո՞ւ։

7 Սիրելի՛ տարեցներ, այդ զրույցների ժամանակ ձեր ընտանիքի անդամներին տեղեկացրեք ձեր ցանկությունների և ֆինանսական միջոցների մասին։ Դրա շնորհիվ նրանք կկարողանան համապատասխան որոշումներ կայացնել, եթե դուք ի վիճակի չլինեք դա անելու։ Նրանք ավելի տրամադրված կլինեն հաշվի առնելու ձեր ցանկությունները և հնարավորության սահմաններում կձգտեն այնպես անել, որ չկորցնեք ձեր ինքնուրույնությունը (Եփես. 6։2–4)։ Օրինակ՝ գուցե ցանկանաք, որ ձեր երեխաներից մեկը հրավիրի ձեզ իր հետ ապրելու։ Իրատես եղեք և հիշեք, որ զավակների տեսակետը կարող է տարբերվել ձեր տեսակետից, և թե՛ ձեզ, թե՛ նրանց ժամանակ է պետք փոխելու այն։

8 Պլանավորելու և լավ հաղորդակցության շնորհիվ կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից (Առակ. 15։22)։ Մասնավորապես հարկավոր է քննարկել բուժօգնության հետ կապված հարցերը և նախընտրելի տարբերակները, օրինակ՝ տարեցի արյան և դրա մանր բաղադրամասերի գործածումը, ինչպես նաև նրա կյանքը արհեստականորեն պահպանելու կամ չպահպանելու հետ կապված հարցերը։ Նա իրավունք ունի տեղեկացված լինելու և ընդունելու կամ մերժելու բուժման այս կամ այն մեթոդը։ Այս առնչությամբ ծնողը կազմում է մի փաստաթուղթ, որում ներկայացնում է իր ցանկությունները։ Նա նշանակում է իր առողջական հարցերով ներկայացուցիչ (եթե դա իրավաբանական ուժ ունի և ընդունելի է), որն անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան որոշումներ կայացնել։ Լավ կլինի՝ բոլոր ներգրավված մարդիկ ունենան փաստաթղթերի պատճենները։ Որոշ տարեցներ այդ պատճենները պահում են իրենց կտակի և այլ կարևոր փաստաթղթերի հետ, որոնք վերաբերում են ապահովագրության, պետական հիմնարկների, բանկային հաշիվների և այլ բաների։

ԵՐԲ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

9, 10. Ո՞ր դեպքերում գուցե հարկ լինի, որ զավակներն ավելի շատ օգնեն տարեց ծնողին։

9 Շատ դեպքերում ընտանիքը նախընտրում է, որ տարեց ծնողը հնարավորինս անկախ լինի։ Նա գուցե կարողանա առանց դժվարության կերակուր պատրաստել, մաքրություն անել, դեղորայք ընդունել և հաղորդակցվել։ Եթե այդպես է, գուցե կարիք չլինի, որ զավակները ամեն հարցում վերահսկեն նրա կյանքը։ Ժամանակի ընթացքում, սակայն, եթե ծնողը պակաս շարժունակ դառնա, և, օրինակ, չկարողանա գնումներ անել կամ էլ հիշողության խանգարումներ ունենա, զավակները, անշուշտ, կցանկանան ավելի շատ օգնել։

10 Տարեց ծնողը հնարավոր է՝ ունենա այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են տարածության և ժամանակի մեջ չկողմնորոշվելը, դեպրեսիան, բնական կարիքները ինքնուրույն հոգալ չկարողանալը, լսողության, տեսողության և հիշողության վատացումը, և չդիմի բժշկի։ Նման դեպքերում զավակներն իրենք պետք է դիմեն բժշկի. շատ հնարավոր է՝ որոշ առողջական  խնդիրներ բավական արդյունավետ կերպով լուծվեն։ Գուցե հարկ լինի, որ զավակները սկսեն ավելի շատ զբաղվել այն գործերով, որոնք ծնողը մինչ այդ ինքնուրույն էր անում։ Որպեսզի նա ստանա լավագույն օգնությունը, գուցե անհրաժեշտ լինի, որ զավակները դառնան նրա «փաստաբանը», «քարտուղարը», «վարորդը» և այլն (Առակ. 3։27

11. Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ծնողը հեշտությամբ հարմարվի փոփոխություններին։

11 Երբ տարեց ծնողի խնդիրները հնարավոր չէ լուծել, գուցե հարկ լինի որոշ փոփոխություններ անելու նրան խնամելու կամ նրա մնալու տեղի հետ կապված։ Որքան քիչ լինեն փոփոխությունները, այնքան նրա համար, հավանաբար, ավելի հեշտ կլինի հարմարվելը։ Օրինակ՝ եթե հեռու ես ապրում քո ծնողից, գուցե բավարար լինի, որ մոտակայքում ապրող որևէ Վկա կամ հարևանը պարբերաբար կարճատև այցեր անի նրան և հետո քեզ տեղյակ պահի նրա որպիսության մասին։ Գուցե ծնողդ օգնության կարիք ունի միայն ուտելիք պատրաստելու և մաքրություն անելու հարցում։ Եթե տանը փոքր փոփոխություններ արվեն, ապա հնարավոր է՝ նրա համար ավելի հեշտ ու անվտանգ լինի տեղաշարժվելը, լոգանք ընդունելը և այլն։ Հնարավոր է՝ ինքնուրույն ապրելու համար ծնողիդ անհրաժեշտ է ընդամենը տնային խնամակալ։ Սակայն եթե ինքնուրույն ապրելը վտանգավոր է, ուրեմն նա մշտական խնամքի կարիք ունի։ Անկախ իրավիճակից՝ տեղեկացիր, թե տարեցների խնամքի հետ կապված ինչ ծառայություններ կան ձեր բնակավայրում * (կարդա՛  Առակներ 21։5

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12, 13. Ինչպե՞ս կարող են ծնողներից հեռու ապրող զավակները պատվել նրանց և հոգ տանել նրանց մասին։

12 Զավակները, անշուշտ, ուզում են, որ ծնողներն իրենց լավ զգան։ Նրանք հանգիստ են լինում, երբ ծնողների կարիքները բավարարված են լինում։ Ոմանք, ովքեր հեռու են ապրում ծնողներից, արձակուրդին այցելում են նրանց և հոգ են տանում նրանց մասին. անում են տան հետ կապված այն գործերը, որոնք ծնողներն այլևս ի վիճակի չեն անելու։ Պարբերաբար զանգահարելը, եթե հնարավոր է՝ ամեն օր, նամակ կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելը կվստահեցնեն ծնողներիդ, որ սիրում ես նրանց (Առակ. 23։24, 25

13 Անկախ նրանից, ծնողներիցդ հեռու ես ապրում, թե մոտիկ, պետք է պարզես, թե նրանք ամենօրյա ինչ կարիքներ ունեն։ Եթե նրանց կողքին չես, և նրանք Վկաներ են, կարող ես խորհրդակցել նրանց ժողովի երեցների հետ։ Նաև մի՛ մոռացիր աղոթել ծնողներիդ մասին (կարդա՛  Առակներ 11։14)։ Նույնիսկ եթե նրանք Վկաներ չեն, անշուշտ, կցանկանաս «պատվել քո հորն ու մորը» (Ելք 20։12; Առակ. 23։22)։ Իհարկե, ամեն ընտանիք իր որոշումն է կայացնում։ Ոմանք որոշում են, որ տարեց ծնողն ապրի իրենց հետ կամ իրենց տանը մոտ։ Բայց միշտ չէ, որ դա հնարավոր է։ Որոշ ծնողներ չեն ուզում ապրել զավակների և նրանց ընտանիքների հետ. նրանք ուզում են անկախ լինել կամ չեն ուզում բեռ լինել։ Որոշ ծնողներ էլ միջոցներ ունեն և նախընտրում են խնամակալ ունենալ ու ապրել առանձին (Ժող. 7։12

14. Ի՞նչ դժվարություններ գուցե ունենա խնամակալ զավակը։

14 Շատ ընտանիքներում խնամելու գործի մեծ մասն ընկած է զավակներից մեկի ուսերին, նրա, ով ամենամոտն է ապրում ծնողներին։ Բայց նա պարտականություններ ունի նաև իր ընտանիքի առնչությամբ։ Ինչ խոսք, յուրաքանչյուր խնամակալի ժամանակը և ուժերը սահմանափակ են։ Բացի այդ, խնամակալ զավակի հանգամանքները կարող են փոխվել, և կարիք առաջանա վերանայելու տարեց ծնողին հոգ տանելու հարցը։ Գուցե խնամելու հետ կապված ընտանիքի անդամներից մեկը չափազանց շատ պարտականություններ ունի, և մյուսները պետք է ավելի շատ մասնակցեն խնամելու գործին, օրինակ՝ ծնողին խնամեն հերթով։

15. Ի՞նչ կարող է անել խնամակալը, որպեսզի ուժասպառ չլինի։

 15 Եթե տարեց ծնողը մշտական խնամքի կարիք է ունենում, խնամակալը կարող է ուժասպառ լինել (Ժող. 4։6)։ Ճիշտ է, զավակներն ուզում են ամեն բան անել իրենց ծնողների համար, բայց անդադար լարված խնամք տանելը կարող է քամել խնամակալի ուժերը։ Ուստի նա պետք է իրատես լինի և գուցե որոշի օգնություն խնդրել։ Խնամակալին պարբերաբար ցույց տրվող օգնությունը կարող է բավարար լինել, որ կարիք չառաջանա տարեց ծնողին ծերանոց տանելու։

16, 17. Ի՞նչ դժվարությունների գուցե բախվեն զավակները տարեց ծնողներին հոգ տանելիս, և ինչպե՞ս կարող են հաղթահարել դրանք (տե՛ս նաև «Երախտագետ խնամակալ» շրջանակը)։

16 Անշուշտ, ցավ ես ապրում՝ տեսնելով, թե ինչպես են սիրելի ծնողներդ տառապում ծերության հետևանքներից։ Շատ խնամակալ զավակներ զգում են տխրություն, անհանգստություն, անզորություն, բարկություն, մեղավորություն, վրդովմունք։ Երբեմն տարեց ծնողը գուցե ասի տհաճ բաներ կամ լինի անշնորհակալ։ Մի՛ շտապիր վիրավորվել։ Մի հոգեբան ասում է, որ տհաճ զգացումների դեմ պայքարելու համար նախ պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ մեր մեջ կան այդպիսի զգացումներ, հետո ջանանք մեզ չմեղադրել այդ զգացումների համար։ Զրուցիր կողակցիդ, ընտանիքիդ մեկ ուրիշ անդամի կամ էլ վստահելի ընկերոջ հետ։ Այդ զրույցները կօգնեն քեզ հասկանալու զգացումներդ և հավասարակշռելու դրանք։

17 Հնարավոր է՝ գա մի ժամանակ, որ ընտանիքը միջոցներ և համապատասխան գիտելիքներ չունենա ծնողին տանը հոգ տանելու համար և մտածի, որ անհրաժեշտ է նրան ծերանոց տանել։ Մի քույր համարյա ամեն օր այցելում էր ծերանոցում գտնվող իր մորը։ Նա ասում է. «Մենք չէինք կարողանում օրը 24 ժամ հոգ տանել մամայի մասին։ Մեզ համար հեշտ չէր նրան ծերանոց տանելու որոշումը կայացնել։ Շատ դժվար էր։ Այնուամենայնիվ, դա լավագույն որոշումն էր մամայի կյանքի վերջին մի քանի ամիսների համար, և նա համաձայն էր մեզ հետ»։

18. Ինչո՞ւմ կարող են խնամակալ զավակները վստահ լինել։

18 Տարեց ծնողներին խնամելը կարող է բարդ և զգացական առումով ծանր լինել։ Չկան միանշանակ ճիշտ լուծումներ այս հարցում։ Սակայն լավ մտածված ծրագրերի, համագործակցության, հաղորդակցության և, ամենակարևորը, ջերմեռանդ աղոթքների շնորհիվ կկարողանաս կատարել ծնողիդ հանդեպ ունեցած պարտականություններդ և այդպիսով պատվել նրան։ Դու բավարարված կլինես այն բանի գիտակցումից, որ նա ստանում է անհրաժեշտ խնամք և ուշադրություն (կարդա՛  1 Կորնթացիներ 13։4–8)։ Իսկ որ ամենակարևորն է, կունենաս Եհովայի հավանությունը։ Դու կզգաս հոգեկան անդորր, որն Աստված տալիս է բոլոր նրանց, ովքեր պատվում են իրենց ծնողներին (Փիլիպ. 4։7

^ պարբ. 3 Այն, թե ինչ որոշում կկայացնեն ծնողներն ու զավակները, կարող է կախված լինել տեղի սովորություններից։ Որոշ վայրերում սովորական բան է և նույնիսկ նախընտրելի է, երբ ընտանիքի մի քանի սերունդներ ապրում են նույն հարկի տակ կամ իրար հետ հաճախ են շփվում։

^ պարբ. 11 Եթե ծնողդ իր տանն է ապրում, հավաստիացիր, որ խնամակալներն ունեն տան բանալիները, որպեսզի, եթե մի բան պատահի, օգնության հասնեն (նրանք, իհարկե, վստահելի մարդիկ պետք է լինեն)։