Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Աշխարհում ոչինչ չպետք է կանգնեցնի ձեզ»

«Աշխարհում ոչինչ չպետք է կանգնեցնի ձեզ»

1931 ԹՎԱԿԱՆԻ գարունն էր։ Դեպի Ֆրանսիայի հայտնի Փլեյլ համերգասրահ էին հորդում 23 երկրից եկած պատվիրակները։ Մեծ տաքսիները համերգասրահի մոտ իջեցնում էին գեղեցիկ հագնված ուղևորներին։ Շուտով գլխավոր դահլիճը լցվեց։ Մոտ 3000 մարդ էր եկել, բայց ոչ թե համերգ լսելու, այլ ունկնդրելու Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդին, որն այդ ժամանակ առաջնորդում էր մեր քարոզչական գործը։ Նրա ազդեցիկ ելույթները թարգմանվում էին ֆրանսերեն, գերմաներեն և լեհերեն։ Եղբայր Ռադերֆորդի բամփ ձայնը թնդում էր ողջ դահլիճով։

Փարիզի համաժողովը շրջադարձային եղավ Ֆրանսիայում Թագավորության բարի լուրի տարածման համար։ Եղբայր Ռադերֆորդը կոչ արեց միջազգային լսարանին, հատկապես երիտասարդներին Ֆրանսիայում ծառայել որպես գրքեր տարածողներ։ Ջոն Քուկը, որը պատանի պատվիրակ էր Անգլիայից, երբեք չմոռացավ այս հուզիչ հորդորը. «Աշխարհում ոչինչ չպետք է կանգնեցնի ձե՛զ, երիտասարդնե՛ր, որ ծառայեք որպես գրքեր տարածողներ»։ *

Բացի Ջոն Քուկից, որը հետագայում դարձավ միսիոներ, շատերը արձագանքեցին «մակեդոնացիների կանչին» (Գործ. 16։9, 10)։ Փաստն այն է, որ գրքեր տարածողների թիվը 1930թ.-ին 27 էր, իսկ 1931-ին հասավ 104-ի. բացառիկ աճ մեկ տարում։ Բայց քանի որ վաղ ռահվիրաների մեծ մասը չէր խոսում ֆրանսերեն, ապա ինչպե՞ս էին հաղթահարելու լեզվական խոչընդոտը, վատ կենսապայմանները և մեկուսացած լինելու հանգամանքը։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ

Օտարերկրացի գրքեր տարածողները վկայության քարտերի միջոցով էին քարոզում Թագավորության հույսի մասին։ Գերմանախոս մի եղբայր, որը համարձակորեն քարոզում էր Փարիզում, հիշում է. «Մենք գիտեինք, որ մեր Աստվածը զորավոր է։ Եթե մեր սրտերը բաբախում էին ծառայության ժամանակ, պատճառն այն չէր, որ վախենում էինք մարդկանցից, այլ որ վախենում էինք, թե կմոռանանք այս կարճ նախադասությունը. «Voulez-vous lire cette carte, s’il vous plaît?» [Կկարդա՞ք այս քարտը]։ Մենք համոզված էինք, որ մեր գործն իսկապես կարևոր է։

Գրքեր տարածողները հեծանիվներով և մոտոցիկլետներով տարածում էին բարի լուրը Ֆրանսիայում

Երբ գրքեր տարածողները քարոզում էին բնակելի շենքերում, հսկիչները հաճախ վռնդում էին նրանց։ Մի օր երկու անգլիացի քույր, որոնք շատ քիչ գիտեին ֆրանսերեն, հանդիպեցին ագրեսիվ հսկիչի, որը հարցրեց նրանց, թե ում են ուզում տեսնել։ Մինչ փորձում էին հանգստացնել զայրացած տղամարդուն, քույրերից մեկը նկատեց, որ դռան վրա էմալապատ թիթեղ էր փակցված, որի վրա գրված էր. «Tournez le bouton» [Սեղմեք զանգը]։ Կարծելով, թե դա տան տիրոջ անունն է՝ նա հարգալից կերպով պատասխանեց. «Մենք եկել ենք տիկին «Tournez le bouton»-ի մոտ»։ Հումորի զգացումը մեծապես օգնում էր եռանդորեն ծառայող այս գրքեր տարածողներին։

ՎԱՏ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԼԻՆԵԼԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ ՆՐԱՆՑ

1930-ականներին Ֆրանսիայում մարդկանց մեծ մասը ստիպված էր հարմարվել վատ պայմաններին, և օտարերկրացի գրքեր տարածողները բացառություն չէին։ Անգլիախոս քույր Մոնա Բժոսկան պատմում է, թե ինչ պայմաններում են ապրել ինքն ու իր ռահվիրա համագործակիցը. «Մեր բնակարանները ընդհանուր առմամբ շատ հասարակ էին, և մեծ խնդիրներից մեկը ջեռուցումն էր ձմռան ամիսներին։ Հաճախ ստիպված էինք հարմարվել շատ ցուրտ սենյակին, որտեղ ամեն առավոտ պետք է կոտրեինք սափորի ջրի սառույցը, որպեսզի կարողանայինք լվացվել»։ Արդյոք վաղ ռահվիրաները վհատվո՞ւմ էին անհարմարությունների պատճառով։ Ամենևի՛ն։ Նրանցից մեկն արտահայտեց բոլորի զգացումները՝ ասելով. «Մենք ոչինչ չունեինք, բայց ոչ մի բանի պակաս էլ չունեինք» (Մատթ. 6։33

Հինգ անգլիացի ռահվիրաներ, որոնք ներկա են եղել 1931 թ. համաժողովին Փարիզում (Ֆրանսիա)

Այս քաջ գրքեր տարածողները պետք է նաև հաղթահարեին մեկուսացած լինելու հետ կապված դժվարությունները։ 1930-ականների սկզբներին Թագավորության քարոզիչների թիվը Ֆրանսիայում չէր գերազանցում 700-ը, և նրանց մեծ մասը ցրված էր երկրով մեկ։ Ի՞նչն օգնեց գրքեր տարածողներին չկորցնելու իրենց ուրախությունը։ Մոնան, որը իր ռահվիրա համագործակցի հետ բախվել է այս դժվարությանը, բացատրում է. «Մենք պայքարում էինք մեկուսացած վիճակի դեմ՝ միասին կանոնավորաբար ուսումնասիրելով կազմակերպության հրատարակությունները։ Եվ քանի որ այդ օրերին [վերայցելություններ չէինք անում և չէինք անցկացնում Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ], երեկոները ժամանակ էինք ունենում նամակներ գրելու մեր ընտանիքի անդամներին և հատկապես մյուս ռահվիրաներին, որպեսզի պատմեինք նրանց մեզ հետ պատահած դեպքերը և քաջալերեինք իրար» (1 Թեսաղ. 5։11

Չնայած դժվարություններին՝ այս անձնազոհ գրքեր տարածողները դրական տրամադրվածություն էին պահպանում։ Սա երևում է մասնաճյուղ ուղարկած նրանց նամակներից, որոնցից մի քանիսը ուղարկել են Ֆրանսիայում ռահվիրայություն անելուց տասնամյակներ անց։ Հետ նայելով այդ տարիներին՝ Էնի Կրեգին՝ օծյալ մի քույր, որը 1931–1935թթ. ամուսնու հետ ճանապարհորդել է Ֆրանսիայով մեկ, գրեց. «Մենք ուրախ և իրադարձություններով լի կյանք ենք ունեցել։ Ռահվիրաներով շատ մտերիմ էինք և սերտորեն համագործակցում էինք։ Ինչպես Պողոսն ասաց. «Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված է, որ աճեցրեց»։ Այս խոսքերի կատարումը տեսնելը տպավորիչ է մեզնից նրանց համար, ովքեր հնարավորություն են ունեցել այդքան երկար տարիներ առաջ օգնելու մարդկանց» (1 Կորնթ. 3։6

Այո՛, այս ռահվիրաները տոկունության և եռանդի հիանալի օրինակ են նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց ծառայությունը։ Այսօր Ֆրանսիայում մոտ 14000 ռահվիրա կա։ Շատերը ծառայում են օտարախոս խմբերում կամ ժողովներում։ * Իրենցից առաջ ապրած ռահվիրաների նման՝ նրանք թույլ չեն տալիս, որ աշխարհում որևէ բան կանգնեցնի իրենց։ Ֆրանսիայի մեր արխիվներից։

^ պարբ. 4 Ֆրանսիայում լեհ ներգաղթյալների կատարած աշխատանքի մասին տե՛ս «Եհովան ձեզ Ֆրանսիա է բերել, որպեսզի իմանաք ճշմարտությունը» հոդվածը «Դիտարանի» 2015թ. օգոստոսի 15-ի համարում։

^ պարբ. 13 2014թ.-ին ավելի քան 900 օտարախոս ժողովներ և խմբեր էին գործում Ֆրանսիայի մասնաճյուղի հսկողության ներքո՝ 70 տարբեր լեզուներով օգնելով ճշմարտությունը փնտրող անկեղծ մարդկանց։