Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր լեզուն օգտագործենք ի բարին

Մեր լեզուն օգտագործենք ի բարին

«Թող բերանիս խոսքերը.... հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա» (ՍԱՂ. 19:14

ԵՐԳ 82, 77

1, 2. Ինչո՞ւ է տեղին լեզուն համեմատել կրակի հետ։

1871 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերին ԱՄՆ-ի պատմության մեջ գրանցվեց ամենամեծ հրդեհը։ Կրակի մոլեգնած բոցերը լափեցին Վիսքոնսին նահանգի հյուսիս-արևելյան անտառները։ Կրակն ու տաքությունը սպանեցին ավելի քան 1200 մարդու և այրեցին 2 միլիարդ ծառ։ Հրդեհը հավանաբար բռնկվել էր այնտեղով անցնող գնացքի միջից թռած կրակի կայծերի պատճառով։ Իսկապես որ ճշմարիտ են Հակոբոս 3։5-ում գրված խոսքերը. «Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի»։ Ինչո՞ւ Հակոբոսը գրեց այս խոսքերը։

2 6-րդ համարը հստակ ցույց է տալիս, թե ինչու էր Հակոբոսը բերում այս օրինակը։ Կարդում ենք. «Լեզուն կրակ է»։ Լեզուն ներկայացնում է խոսելու մեր ունակությունը։ Մեր խոսքը կարող է կրակի պես մեծ վնաս պատճառել։ Աստվածաշունչը նույնիսկ ասում է, որ «մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են» (Առակ. 18:21)։ Ինչ խոսք, զուտ այն պատճառով, որ հնարավոր է մեր խոսքով վնասենք ուրիշներին, չենք հրաժարվում խոսելուց, ինչպես որ չենք հրաժարվում կրակ օգտագործելուց։ Սակայն հարկավոր է ուշադիր լինել, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն։ Օրինակ՝ եթե կրակը ճիշտ օգտագործենք, կարող ենք ճաշ պատրաստել, տաքանալ, մթության մեջ լուսավորել տարածքը։ Ուստի եթե հսկենք մեր լեզուն, կկարողանանք դրա զորությունն այնպես օգտագործել, որ փառք բերենք Աստծուն և օգուտ տանք ուրիշներին (Սաղ. 19:14

3. Ի՞նչ երեք կարևոր հարց ենք քննելու այս հոդվածում։

3 Անկախ նրանից, մենք խոսում ենք ձայն արտաբերելով, թե ժեստերի միջոցով՝ մեր մտքերն ու զգացմունքները արտահայտելու այս ունակությունը հրաշալի պարգև է Աստծու կողմից։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս պարգևը, որպեսզի կերտենք ուրիշներին, ոչ թե վնասենք (կարդա՛  Հակոբոս 3:9, 10)։ Այս հոդվածում կքննենք երեք կարևոր հարց. ե՞րբ խոսել, ի՞նչ խոսել և ինչպե՞ս խոսել։

ԵՐԲ ԽՈՍԵԼ

4. Բեր օրինակներ, թե երբ է հարկավոր լռել։

4 Խոսքը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Սակայն դա չի նշանակում, որ միշտ պետք է խոսենք։ Աստվածաշունչն ասում է, որ կա նաև «լռելու ժամանակ» (Ժող. 3:7)։ Օրինակ՝ երբ ուրիշները խոսում են, լռելով ցույց կտանք, որ հարգում ենք նրանց (Հոբ 6:24)։ Իսկ երբ հսկում ենք մեր լեզուն, որ չասենք բաներ, որոնք պետք է գաղտնի պահվեն, խոհեմություն ու խորաթափանցություն ենք դրսևորում (Առակ. 20:19)։ Երբ մեզ բարկացնում են, իմաստնորեն կվարվենք, եթե զսպենք մեր լեզուն (Սաղ. 4:4

5. Ինչպե՞ս կարող ենք Եհովային ցույց տալ, որ գնահատում ենք իր տված պարգևը։

5 Աստվածաշունչը նաև ասում է, որ կա «խոսելու ժամանակ» (Ժող. 3:7)։ Եթե ընկերդ քեզ գեղեցիկ նվեր տա, հավանաբար չես պահի այն փակ դարակում, այլ ճիշտ ձևով կօգտագործես՝ դրանով իսկ ցույց տալով, որ գնահատում ես նվերը։ Մենք Եհովային ցույց ենք տալիս, որ գնահատում ենք նրա տված նվերը՝ խոսքի պարգևը, երբ իմաստությամբ ենք օգտագործում այն։ Դա կարող է ներառել մեր զգացմունքներն արտահայտելը, մեր կարիքների մասին խոսելը, միմյանց քաջալերելը և Աստծուն գովաբանելը (Սաղ. 51:15)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք որոշել, թե երբ է խոսելու ճիշտ ժամանակը։

6. Ինչպե՞ս է Աստվածաշունչն ընդգծում խոսելու համար ճիշտ ժամանակ ընտրելու կարևորությունը։

6 Առակներ 25:11-ը ցույց է տալիս, թե որքան կարևոր է խոսելու համար ճիշտ ժամանակ ընտրել. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են»։ Ոսկե խնձորներն ինքնին գեղեցիկ են։ Սակայն փորագրված արծաթե ամանի մեջ դրանք է՛լ ավելի գեղեցիկ են դառնում։ Այդպես էլ խոսելու համար ընտրված հարմար ժամանակը կարող է մեր խոսքը ավելի հաճելի և ազդեցիկ դարձնել։ Ինչպե՞ս։

7, 8. Ինչպե՞ս են Ճապոնիայում մեր եղբայրները հետևել Հիսուսի օրինակին՝ որոշելու համար, թե երբ ճիշտ կլինի խոսել հարության մասին։

7 Ինչ որ պետք է ասենք, հնարավոր է՝ հենց այն է, ինչի կարիքը տվյալ անհատն ունի։ Սակայն, եթե ճիշտ ժամանակ չենք ընտրել դրա համար, մեր ասածը գուցե կորցնի իր արժեքը (կարդա՛  Առակներ 15:23)։ Օրինակ՝ 2011թ. մարտին երկրաշարժն ու ցունամին ավերեցին Ճապոնիայի արևելքում գտնվող քաղաքները։ Ավելի քան 15000 հոգի կորցրեց իր կյանքը։ Թեպետ Եհովայի վկաները նույնպես տուժել էին, սակայն ամեն առիթ օգտագործում էին Աստվածաշնչի միջոցով մխիթարելու մարդկանց։ Բայց քանի որ այնտեղի ժողովուրդը բուդդայական է և հիմնականում ծանոթ չէ Աստվածաշնչի ուսմունքներին, մեր եղբայրները հասկացան, որ ճիշտ չի լինի ցունամիից անմիջապես հետո հարազատ կորցրած մարդկանց հետ խոսել հարության մասին։ Փոխարենը՝ նրանք իրենց խոսքի պարգևն օգտագործեցին՝ էմոցիոնալ աջակցություն ցույց տալով և Աստվածաշնչից բացատրելով, թե ինչու են անմեղ մարդկանց հետ նման սարսափելի բաներ տեղի ունենում։

8 Հիսուսը գիտեր՝ երբ լռեր, բայց գիտեր նաև, թե երբ է խոսելու ճիշտ ժամանակը (Հովհ. 18:33–37; 19:8–11)։ Մի անգամ նա ասաց իր աշակերտներին. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու» (Հովհ. 16:12)։ Ճապոնիայում Եհովայի վկաները հետևեցին Հիսուսի օրինակին։ Ցունամիից երկուսուկես տարի հետո նրանք, մասնակցելով համաշխարհային քարոզարշավի, տարածեցին «Թագավորության լուրը» № 38 թերթիկը, որի վերնագիրն է «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել»։ Այդ ժամանակ շատերն արդեն պատրաստ էին ընդունելու հարության հույսից եկող մխիթարությունը, և շատ-շատերը վերցրին այդ թերթիկից։ Ժողովուրդների մշակույթներն ու կրոնները, ինչ խոսք, շատ տարբեր են, ուստի լավ է՝ խոհեմ լինենք և խոսելու համար ընտրենք ճիշտ ժամանակը։

9. Ո՞ր դեպքերում ճիշտ ժամանակ ընտրելը մեր խոսքն ավելի ազդեցիկ կդարձնի։

9 Կան այլ դեպքեր էլ, երբ պետք է ընտրենք խոսելու ճիշտ ժամանակը։ Օրինակ՝ ինչ-որ մեկը, թեպետև լավ մղումներով, գուցե ասի մի բան, ինչը կվիրավորի մեզ։ Իմաստուն կլինի, եթե ժամանակ տրամադրենք և մտածենք, թե արդյոք դա այնքան լուրջ է, որ արժե նրա հետ այդ մասին խոսել։ Եվ եթե պետք է խոսենք, ապա խելամիտ չի լինի մոտենալ նրան, երբ դեռ զայրացած ենք, քանի որ գուցե անմտածված բաներ ասենք (կարդա՛  Առակներ 15:28)։ Խոհեմություն է պետք նաև, երբ ճշմարտությունը հայտնում ենք մեր բարեկամներին։ Մենք ուզում ենք, որ նրանք ճանաչեն Եհովային, բայց պետք է լինենք խորաթափանց և համբերատար։ Ճիշտ ժամանակին ասված ճիշտ խոսքը կօգնի, որ ճշմարտությունը հասնի նրանց սրտին։

ԻՆՉ ԽՈՍԵԼ

10. ա) Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում։ բ) Ինչպիսի՞ խոսքը կարող է վիրավորական լինել։

10 Խոսքը զորություն ունի թե՛ վիրավորելու, թե՛ բուժելու (կարդա՛  Առակներ 12:18)։ Սատանայի աշխարհում սովորական բան է խոսքով ցավ պատճառելը։ Մեդիան մարդկանց խրախուսում է «սրի պես սրել իրենց լեզուն» և «պատրաստել իրենց նետը՝ դառը խոսքը» (Սաղ. 64:3)։ Քրիստոնյան պետք է խուսափի դրանից։ «Դառը խոսքի» օրինակ են սարկազմը և խայթող հեգնանքը, որոնցով նվաստացնում կամ կշտամբում են մարդկանց։ Սարկազմը սովորաբար համարվում է հումորի տեսակ, բայց այն կարող է շատ արագ փոխվել անհարգալից խոսքի։ Սուր սարկազմը վիրավորական խոսքի տեսակ է, որը պետք է «հեռացվի» քրիստոնյայից։ Ճիշտ է, հումորը կարող է համ ու հոտ տալ խոսքին, բայց պետք է զգույշ լինենք, որ չփորձենք ծիծաղեցնել մարդկանց կծու և խայթող ծաղրի միջոցով՝ ուրիշներին նվաստացնելով։ Աստվածաշունչը հորդորում է. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփես. 4:29, 31

11. Ի՞նչ կապ կա մեր սրտի և բառերի ընտրության միջև։

11 Հիսուսն ասաց, որ «սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12:34)։ Հետևաբար, այն, թե ինչ բառեր կընտրենք, կախված է նրանից, թե ինչ կա մեր սրտում։ Մեր խոսքերը սովորաբար ցույց են տալիս, թե իրականում ինչ ենք զգում մյուսների հանդեպ։ Եթե մեր սիրտը լի է սիրով և կարեկցանքով, ապա մեր խոսքը կլինի դրական, կերտիչ։

12. Ի՞նչը կօգնի, որ ճիշտ բառեր ընտրենք։

12 Ճիշտ բառեր ընտրելու համար հարկավոր է գործի դնել մտային ունակություններն ու դատողությունը։ Նույնիսկ իմաստուն Սողոմոն թագավորը «խորհում էր և ամեն ինչ մանրակրկիտ քննում», որպեսզի «հաճելի խոսքեր գտներ և ճշմարտության ճշգրիտ խոսքեր գրեր» (Ժող. 12:9, 10)։ Քեզ համար դժվա՞ր է «հաճելի խոսքեր» գտնել։ Եթե այո, ապա ձգտիր հարստացնել բառապաշարդ։ Կարող ես, օրինակ, ուշադրություն դարձնել, թե ինչ բառեր են օգտագործվում Աստվածաշնչում և մեր հրատարակություններում։ Սովորիր անծանոթ բառերը։ Եվ որ ամենակարևորն է, սովորիր, թե ինչպես օգտագործես դրանք ուրիշներին օգնելու համար։ Եհովայի և իր անդրանիկ Որդու մասին կարդում ենք. «Եհովան ինձ ուսուցանվողների լեզու է տվել, որ իմանամ՝ ինչպես խոսքով մխիթարել հոգնածին» (Ես. 50:4)։ Եթե ժամանակ տրամադրենք և մտածենք, թե ինչ ենք ասելու, դա կօգնի, որ ճիշտ բառեր ընտրենք (Հակ. 1:19)։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Այս խոսքերը փոխանցո՞ւմ են այն, ինչ ուզում եմ ասել։ Իմ ընտրած բառերը ի՞նչ ազդեցություն կունենան ինձ լսողի վրա»։

13. Ինչո՞ւ է կարևոր, որ խոսքը լինի պարզ ու հասկանալի։

13 Հին Իսրայելում փողի ձայնը ծառայում էր որպես ազդանշան։ Փող էին փչում, երբ պետք էր ազդարարել, որ ժողովուրդը մեկտեղ հավաքվի, ճամբարները ճանապարհ ընկնեն, և զորքը մարտի դուրս գա։ Աստվածաշունչը փողի ձայնը բերում է որպես օրինակ՝ ընդգծելու այն միտքը, թե որքան կարևոր է, որ խոսքը հասկանալի լինի։ Եթե փողի ձայնն անորոշ լիներ, դա մարտի դուրս եկող զորքի համար աղետաբեր կլիներ։ Նույն ձևով էլ, եթե մեր խոսքը կոնկրետ չէ կամ անհասկանալի է, դա կարող է շփոթեցնել լսողին։ Ուստի պետք է ջանք թափենք, որ մեր խոսքը լինի պարզ ու կոնկրետ, բայց միևնույն ժամանակ զգույշ լինենք, որ այն չլինի կտրուկ և աննրբանկատ (կարդա՛  1 Կորնթացիներ 14:8, 9

14. Բեր օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Հիսուսը խոսում էր պարզ ու հասկանալի։

14 Բառերի ընտրության հարցում Հիսուսը հրաշալի օրինակ է թողել մեզ։ Ուշադրություն դարձրու Մատթեոս 5–7-րդ գլուխներում գրված նրա քարոզին, որը թեև կարճ է, բայց շատ ազդեցիկ։ Նա չի օգտագործել վերամբարձ կամ երկիմաստ բառեր ու արտահայտություններ, և ոչ էլ կոպիտ կամ վիրավորական լեզու։ Ընդհակառակը՝ խոսել է պարզ ու հասկանալի, որպեսզի հասնի իրեն լսողների սրտին։ Օրինակ՝ օգնելու համար, որ մարդիկ չափից շատ չմտահոգվեն ուտելիքի մասին, նա ցույց տվեց, թե ինչպես է Եհովան հոգ տանում երկնքի թռչուններին։ Հետո, համեմատելով իր ունկնդիրներին թռչունների հետ, ասաց. «Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք» (Մատթ. 6:26)։ Ինչպիսի՜ սրտառուչ խոսքեր՝ ասված պարզ ու հասկանալի բառերով։ Այժմ քննենք երրորդ հարցը՝ ինչպես խոսել։

ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ

15. Ինչո՞ւ պետք է մեր խոսքը լինի վայելուչ։

15 Այն, թե ինչպես ենք խոսում, պակաս կարևոր չէ նրանից, թե ինչ ենք խոսում։ Երբ Նազարեթ քաղաքի ժողովարանում Հիսուսը խոսեց հավաքվածների առաջ, նրանք հիացան «այն շնորհալի խոսքերով, որ դուրս էին գալիս նրա բերանից» (Ղուկ. 4:22)։ Շնորհալի և վայելուչ խոսքը չի թուլացնում մեր լեզվի զորությունը, ընդհակառակը՝ գրավում է մարդու սիրտը։ Իրականում այն նույնիսկ ավելի համոզիչ է դարձնում մեր ասելիքը (Առակ. 25:15)։ Մենք կընդօրինակենք Հիսուսին, եթե լինենք բարի, քաղաքավարի և հաշվի առնենք դիմացինի զգացմունքները։ Հիսուսը, տեսնելով մարդկանց բազմությունը, ովքեր երկար ճանապարհ էին անցել, որ գան ու լսեն իրեն, խղճաց նրանց ու «սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6:34)։ Նույնիսկ երբ չարախոսում էին Հիսուսին, նա նույն ձևով չէր պատասխանում (1 Պետ. 2:23

16, 17. ա) Երբ խոսում ենք ընտանիքի անդամի կամ մոտիկ ընկերոջ հետ, ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին (տե՛ս 18-րդ էջի նկարը)։ բ) Պատմիր օրինակ, թե ինչ դրական արդյունք է բերում վայելուչ խոսքը։

16 Հնարավոր է՝ դժվար լինի խոսել մեղմ ու նրբանկատ, եթե մեզ լսողին շատ լավ ենք ճանաչում, օրինակ՝ եթե նա մեր ընտանիքի անդամն է կամ մոտիկ ընկերը։ Այդ դեպքում թերևս մեզ թույլ տանք ավելի անմիջական լինել նրա հետ։ Արդյոք Հիսուսը մտածե՞ց, որ մտերիմ լինելով իր աշակերտներին՝ կարող է կոպիտ խոսել նրանց հետ։ Բոլորովի՛ն։ Երբ նրա ամենամոտիկ աշակերտները շարունակեցին վիճել, թե ով է իրենցից ավելի մեծ, Հիսուսը մեղմ խոսքերով փորձեց ուղղել նրանց մտածելակերպը՝ բերելով երեխայի օրինակը (Մարկ. 9:33–37)։ Երեցները կարող են ընդօրինակել Հիսուսին՝ խորհուրդ տալով «մեղմության ոգով» (Գաղ. 6:1

17 Նույնիսկ երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, և մենք վայելուչ խոսքերով ենք արձագանքում, դա կարող է դրական արդյունքներ բերել (Առակ. 15:1)։ Տեսնենք մի օրինակ։ Մի միայնակ մոր դեռահաս տղան երկակի կյանքով էր ապրում։ Ժողովից մի քույր լավ մղումներով ասաց տղայի մորը. «Ափսոս, որ քեզ մոտ չի ստացվում տղայիդ դաստիարակել»։ Մայրը մի պահ մտածեց ու մեղմությամբ պատասխանեց. «Ճիշտ է, հիմա նա այնպես չի վարվում, ինչպես որ պետք է, բայց ես նրանից ձեռք չեմ քաշել։ Արմագեդոնից հետո ամեն ինչ պարզ կլինի»։ Նրա պատասխանը օգնեց, որ իր և այդ քրոջ միջև խաղաղություն լինի։ Բացի այդ, տղան, որ լսեց այս խոսակցությունը, հասկացավ, որ իր մայրը հույսը չի կտրել իրենից։ Դա մղեց նրան, որ թողնի վատ շրջապատը։ Որոշ ժամանակ անց նա մկրտվեց, իսկ հետագայում ծառայեց Բեթելում։ Անկախ այն բանից, մեր հավատակիցների հետ ենք խոսում, ընտանիքի անդամի թե անծանոթ մարդու՝ մեր խոսքը պետք է միշտ «վայելուչ լինի, աղով համեմված» (Կող. 4:6

18. Հիսուսի օրինակին հետևելը ինչպե՞ս կօգնի, որ մեր լեզուն օգտագործենք ի բարին։

18 Մեր մտքերն ու զգացմունքները բառերով արտահայտելու կարողությունը իսկապես որ հրաշալի պարգև է։ Թող որ հետևելով Հիսուսի օրինակին՝ ընտրենք խոսելու ճիշտ ժամանակը, գտնենք հաճելի խոսքեր և ձգտենք վայելուչ կերպով խոսել։ Այդ ժամանակ մեր լեզուն կբուժի մեզ լսողներին և հաճելի կլինի Եհովային՝ այդ անգին պարգևը Տվողին։