«Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. վերահրատարակությունը
ՏԱՐԻՆԵՐԻ ընթացքում անգլերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը մի քանի անգամ վերահրատարակվել է, սակայն 2013 թ. հրատարակության մեջ ամենաշատ փոփոխություններն են արվել։ Օրինակ՝ այս հրատարակության մեջ մոտ 10 տոկոսով ավելի քիչ բառ է օգտագործվել։ Նաև վերանայվել են աստվածաշնչյան որոշ տերմիններ։ Որոշ գլուխների տեքստեր փոխվել են բանաստեղծական կառույցի, ինչպես նաև ավելացվել են միտքը հստակեցնող ծանոթագրություններ։ Ճիշտ է, հնարավոր չէ այս հոդվածում քննարկել բոլոր փոփոխությունները, սակայն ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել հիմնական փոփոխություններից մի քանիսը։
Աստվածաշնչյան ի՞նչ կարևոր տերմիններ են փոխվել։ Ինչպես արդեն նշվեց նախորդ հոդվածում, վերանայվել է «շեոլ», «հադես» և «հոգի» բառերի թարգմանությունը։ Սակայն միայն այս տերմինները չէ, որ փոխվել են։
Օրինակ՝ «ցցից կախել»-ը փոխարինվել է «մահապատժի ենթարկել ցցի վրա» և «ցցին գամել» արտահայտություններով, որպեսզի սխալ պատկեր չստեղծվի, թե ինչպես են Հիսուսին մահապատժի ենթարկել (Մատթ. 20:19; 27:31)։ «Անառակ վարքը» գրվել է «լկտի վարք», որը ցույց է տալիս հունարեն բառի մեջ պարփակված արհամարհական, հանդուգն վերաբերմունքը։ «Խրախճանքներ» բառը փոխարինվել է ավելի հասկանալի արտահայտությամբ՝ «անզուսպ խնջույքներ» (Գաղ. 5:19–22)։ «Սիրառատ բարություն» թարգմանված բառը ճշգրտորեն թարգմանվել է «նվիրված սեր», որն ունի նաև հավատարմության իմաստ, որը հաճախ այս արտահայտությանը զուգահեռաբար է օգտագործվում (Սաղ. 36:5; 89:1)։
Որոշ տերմիններ, որոնք հետևողականորեն թարգմանվել էին նույն բառով կամ արտահայտությամբ, այժմ թարգմանվել են ըստ համատեքստի։ Օրինակ՝ եբրայերեն «օհլամ» բառը, որ նախկինում թարգմանվել էր «անորոշ ժամանակ», կարող է նշանակել «հավիտյան»։ Ուշադրություն դարձրեք այս բառի թարգմանության իմաստային տարբերությանը Սաղմոս 90։2 և Միքիա 5:2 համարներում։
«Սերմ» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը հաճախ Աստվածաշնչում օգտագործվում են և՛ հողագործական իմաստով (ցանելու սերմ), և՛ փոխաբերական՝ «սերունդ» իմաստով։ «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում հետևողականորեն օգտագործվել է «սերմ» Ծննդոց 3։15-ում։ Սակայն այս բառը անգլերենում այլևս չունի «սերունդ» իմաստը, ուստի վերջին վերահրատարակության մեջ Ծննդոց 3։15-ում, ինչպես նաև դրան առնչվող մյուս համարներում թարգմանվել է «սերունդ» (Ծննդ. 22:17, 18; Հայտն. 12:17)։ Մյուս տեղերում այդ բառերը թարգմանվել են ըստ համատեքստի (Ծննդ. 1:11; Սաղ. 22:30; Ես. 57:3)։
բառը, օրինակ՝Ինչո՞ւ են բառացի թարգմանված շատ հատվածներ փոխվել։ 2013 թ. վերահրատարակության մեջ Հավելված A1-ում ասվում է, որ Աստվածաշնչի լավ թարգմանությունն այն է, որը փոխանցում է բառերի կամ արտահայտությունների ճիշտ իմաստը, որոնք բառացի թարգմանելու դեպքում կաղավաղվեր կամ անհասկանալի կդառնար բնագրի իմաստը։ Բնագրում օգտագործված դարձվածքները թարգմանվում են բառացի, եթե դրանք նույն նշանակությունն ունեն։ Օրինակ՝ Հայտնություն 2։23-ում «սրտերը քննել» արտահայտությունը կարող է նույն իմաստն ունենալ նաև շատ լեզուներում։ Բայց այդ նույն համարում «երիկամները քննել» արտահայտությունը հնարավոր է ճիշտ չհասկացվի, ուստի «երիկամներ» բառը թարգմանվել է «ամենախոր մտքեր», որպեսզի արտացոլի բնագրի ճիշտ իմաստը։ 2 Օրենք 32։14-ում «ցորենի երիկամների ճարպը» թարգմանվել է ավելի հասկանալի ձևով՝ «ընտիր ցորեն»։ Ելք 6։12-ում «շուրթերով անթլփատ եմ» արտահայտությունը շատ լեզուներում այնքան հասկանալի չէ, որքան «ես դժվարությամբ եմ խոսում» արտահայտությունը։
Ինչո՞ւ են «Իսրայելի որդիներ» և «անհայր տղաներ» արտահայտությունները թարգմանվել «իսրայելացիներ» և «անհայր երեխաներ»։ Եբրայերենի քերականության մեջ արական սեռի բառերը սովորաբար օգտագործվում են տղամարդկանց համար, իսկ իգական սեռի բառերը՝ կանանց համար։ Սակայն արական սեռի որոշ բառեր կարող են վերաբերել և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Օրինակ՝ որոշ համարների համատեքստից երևում է, որ «Իսրայելի որդիներ» արտահայտությունը վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Հետևաբար այդ համարներում այս արտահայտությունը այժմ թարգմանվել է «իսրայելացիներ» (Ելք 1:7; 35:29; 2 Թագ. 8:12)։
Ծննդոց 3։16-ում օգտագործված արական սեռի եբրայերեն բառը, որ նշանակում է «որդիներ», «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում թարգմանվել է «երեխաներ»։ Սակայն Ելք 22։24-ում այդ նույն բառը գրվել էր «որդիներ»։ Այժմ այն հետևյալ կերպ է թարգմանվել. «Ձեր երեխաները անհայր կդառնան»։ Այս նույն սկզբունքը կիրառելով՝ ուրիշ համարներում էլ «անհայր տղան» գրվել է «անհայր երեխա» կամ «որբ» (2 Օրենք 10:18; Հոբ 6:27)։ Սա համապատասխան է հունարեն «Յոթանասնից» թարգմանությանը։
Ինչո՞ւ է եբրայերեն բայերի թարգմանությունը պարզեցվել։ Եբրայերենում բայն ունի երկու հիմնական ժամանակաձև՝ անկատար ժամանակ, որը ցույց է տալիս շարունակական գործողություն, և կատարյալ ժամանակ, որը ցույց է տալիս ավարտված գործողություն։ «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում եբրայերեն անկատար ժամանակով դրված բայերի շարունակական գործողությունը հետևողականորեն ցույց է տրվել, օրինակ, «սկսել» և «շարունակել» բառերի օգնությամբ։ * Իսկ կատարյալ ժամանակով դրված բայերի ավարտված գործողությունը ցույց է տրվել «անշուշտ», «անպայման», «իսկապես», «պետք է» բառերի օգնությամբ։
2013 թ. վերահրատարակության մեջ բայերը առանց այդ բառերի օգնության են թարգմանվել այն տեղերում, որտեղ իմաստը չէր փոխվի։ Օրինակ՝ կարիք չկա ընդգծելու, որ Աստված շարունակ ասել է «թող լույս լինի»։ Ուստի «ասել» անկատար բայը չի թարգմանվել շարունակական ժամանակաձևով Ծննդ. 1:3)։ Սակայն Ծննդոց 3։9-ում այդ ժամանակաձևը պահպանվել է՝ «Աստված կանչում էր Ադամին», քանի որ հավանաբար նա շարունակ կանչել է նրան։ Ջանք է թափվել, որ բայերը հիմնականում ավելի պարզ թարգմանվեն, որպեսզի ուշադրություն դարձվի գործողության վրա, ոչ թե եբրայերեն բայերի առանձնահատկությունների։ Դրա շնորհիվ անգլերեն տեքստը կրճատվել է՝ որոշ չափով մոտենալով եբրայերեն տեքստի կարճությանը։
(Ինչո՞ւ են որոշ գլուխներ բանաստեղծական կառույցով գրվել։ Աստվածաշնչի շատ հատվածներ սկզբնապես գրվել են որպես բանաստեղծություններ։ Ժամանակակից լեզուներում չափածո ստեղծագործություններին բնորոշ է հանգավորումը։ Սակայն եբրայերեն պոեզիայի կարևոր առանձնահատկություն են զուգահեռականությունն ու հակադրությունը։ Եբրայերեն պոեզիայում հանգավորումը ձևավորվում էր ոչ թե բառերի հանգերով, այլ մտքերի տրամաբանական դասավորությամբ։
«Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում «Հոբ» և «Սաղմոս» գրքերը տպվել են բանաստեղծական կառույցով՝ ցույց տալու համար, որ դրանք սկզբնապես գրվել էին երգելու կամ արտասանելու համար։ Այս կառույցի շնորհիվ մտքերն ընդգծվում են և հեշտությամբ են հիշվում։ 2013 թ. վերահրատարակության մեջ «Առակներ», «Երգերի Երգ» գրքերը և մարգարեական գրքերից շատ գլուխներ նույնպես բանաստեղծական կառույցով են տպվել, որպեսզի պահպանվի բնագրում օգտագործված ոճը և ընդգծվեն զուգահեռականությունն ու հակադրությունները։ Այսպիսի մի օրինակ է Եսայիա 24։2-ը, որտեղ ամեն մի տողում կա հակադրություն։ Դրանք իրար հաջորդելով՝ ընդգծում են այն միտքը, որ ոչ ոք չի կարող խուսափել Աստծու դատաստանից։ Աստվածաշնչի այս հատվածների կառույցը ցույց է տալիս, որ գրողը ոչ թե պարզապես կրկնել է միտքը, այլ բանաստեղծական ոճ է օգտագործել Աստծու պատգամն ընդգծելու համար։
Միշտ չէ, որ ակնհայտ երևում է եբրայերենում չափածո և արձակ ստեղծագործությունների միջև տարբերությունը։ Այդ պատճառով Աստվածաշնչի թարգմանությունները տարբերվում են իրարից։ Թարգմանիչներից խորաթափանցություն և ողջամտություն է պահանջվում՝ որոշելու համար, թե որ հատվածները գրել բանաստեղծական կառույցով։ Կան հատվածներ, որոնք թեև արձակ են, սակայն բովանդակում են բանաստեղծական ոճին հատուկ բառեր, պատկերավոր խոսք, բառախաղ և զուգահեռականություն, ինչի շնորհիվ էլ ընդգծվում է գլխավոր միտքը։
Այս վերահրատարակությունը ունի նոր առանձնահատկություն՝ ամեն գրքի սկզբում բերվում է կարճ բովանդակություն։ Սա հատկապես օգտակար է «Երգերի Երգը» գրքի ուսումնասիրության համար, քանի որ այնտեղ նշված է, թե որ համարներում ով է խոսողը։
Ի՞նչ արդյունք է տվել բնագիր ձեռագրերի ուսումնասիրությունը։ «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակությունը հիմնված է եբրայերեն մասորեթական տեքստի և «Վեստկոտի և Հորտի հունարեն տեքստի» վրա։ Սակայն ժամանակի ընթացքում Աստվածաշնչի հնագույն ձեռագրերի հետազոտությունները նոր լույս սփռեցին Աստվածաշնչի մի շարք համարների վրա։ Մատչելի դարձան Մեռյալ ծովի ձեռագրերի կրկնօրինակներ, և ուսումնասիրվեցին լրացուցիչ հունարեն ձեռագրեր։ Ձեռագրերի նոր հետազոտությունների արդյունքները մատչելի դարձան նաև էլեկտրոնային ձևով, ինչի շնորհիվ ավելի հեշտ է քննել ձեռագրերի միջև տարբերությունները և որոշել, թե եբրայերեն ու հունարեն տեքստերից որ մեկն է ավելի վստահարժան։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն, օգտվելով ստեղծված հնարավորություններից, ուսումնասիրություններ արեց, ինչն էլ հանգեցրեց որոշ փոփոխությունների։
Օրինակ՝ 2 Սամուել 13:21-ում հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ Դավիթ թագավորի մասին կա հետևյալ տեղեկությունը. «Բայց նա չուզեց նեղացնել իր որդի Ամնոնին, քանի որ սիրում էր նրան, և նա իր առաջնեկն էր»։ «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակություններում այս հատվածը բաց է թողնվել, որովհետև այն բացակայում էր մասորեթական տեքստում։ Սակայն քանի որ այդ խոսքերը կան Մեռյալ ծովի ձեռագրերում, ավելացվեցին 2013 թ. վերահրատարակության մեջ։ Այդ նույն պատճառով «1 Սամուել» գրքում 5 տեղ ավելացվեց Աստծու անունը։ Հունարեն ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում նաև փոխվեց Մատթեոս 21:29–31 համարներում մտքերի հերթականությունը։ Այս տեսակ փոփոխություններ անելիս «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն մեկ հունարեն ձեռագրի վրա հիմնվելու փոխարեն՝ հիմնվել է մի շարք ձեռագրերի հետազոտությունների արդյունքների վրա։
Սրանք մի քանիսն են այն փոփոխություններից, որ արվել են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ավելի ընթեռնելի և հասկանալի դարձնելու նպատակով այն մարդկանց համար, ովքեր Աստվածաշունչը Աստծուց ստացած թանկ պարգև են համարում։
^ պարբ. 10 Տե՛ս անգլերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ծանոթագրություններով հրատարակությունը, Հավելված 3C։