Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ ճանապարհով Պողոսն առաջին անգամ գնաց Հռոմ

Գործեր 28։13–16 համարներում նշվում է, որ Պողոսը նավով ուղևորվեց դեպի Իտալիա։ Նա ափ դուրս եկավ Պատիողոս նավահանգստում (այժմ՝ Պոցուոլի), որը գտնվում է Նեապոլի ծովածոցում։ Այստեղից էլ Վիա Ապիայով, կամ՝ Ապիյան ճանապարհով, որը գլխավոր մայրուղիներից էր, առաքյալը գնաց Հռոմ։

Ճանապարհը կոչվում էր Վիա Ապիա ի պատիվ հռոմեացի քաղաքական գործիչ Ապիոս Կլավդիոսի, որը մ.թ.ա. 312–ին նախաձեռնեց ճանապարհաշինությունը։ Այն ուներ մոտ 5–6 մետր լայնություն և սալարկված էր կարծր քարերի քառակուսի մեծ կտորներով, իսկ երկարությունը 583 կիլոմետր էր։ Այն ձգվում էր դեպի հարավ–արևելք և Հռոմը միացնում էր Բրունդիզիում նավահանգստին (այժմ՝ Բրինդիզի), որը դարպաս է դեպի արևելք։ Ճանապարհորդները հանգիստ էին առնում իջևանատներում, որոնք գտնվում էին ճանապարհից մոտ 24 կիլոմետր հեռու։ Այնտեղ նրանք կարող էին ուտելիք գնել, քնել, փոխել իրենց ձիերը կամ կառքը։

Պողոսը հավանաբար ճամփորդում էր ոտքով։ Հռոմ հասնելու համար նա անցավ 212 կիլոմետր։ Ճանապարհի մի հատված անցնում էր Պոնտինե ճահիճներ կոչվող վայրով։ Հռոմեացի գրողները նշում են, որ այդ հատվածում գարշելի հոտ էր տարածված և շատ մոծակներ կային։ Այս ճահիճներից հյուսիս գտնվում էին Ապիոսի շուկան՝ Հռոմից մոտ 65 կիլոմետր հեռու, և Երեք իջևանները՝ մոտ 50 կիլոմետր հեռու։ Այս երկու տեղում հռոմեացի քրիստոնյաները սպասում էին Պողոսին։ Տեսնելով նրանց՝ «Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործեր 28։15

Ինչպիսի՞ն էր Ղուկաս 1։63–ում նշված տախտակը

Ղուկասի Ավետարանում նշվում է, որ Զաքարիայի մտերիմները հարցրին նրան, թե ինչ անուն է տալու իր նորածին որդուն։ Զաքարիան էլ «մի տախտակ խնդրեց ու գրեց. «Նրա անունը Հովհաննես է»» (Ղուկաս 1։63)։ Այս փոքրիկ տախտակները, որոնց ներսի գոգավոր մակերեսը լցված էր մեղրամոմով, երկարությամբ միացված էին իրար։ Մետաղյա կամ փայտյա ձողի միջոցով, որը հնում որպես գրիչ էր օգտագործվում, գրում էին մոմապատ մակերեսի վրա։ Գրվածը կարելի էր ջնջել՝ հարթեցնելով մոմը, այնուհետև նորից գրել տախտակի վրա։

«Գիրն ու գրականությունը Հիսուսի ժամանակներում» գրքում ասվում է. «Պոմպեյի նկարները, Հռոմեական կայսրության ժամանակ արված քանդակները և այն բազմաթիվ իրերը, որ պեղվել են տարբեր վայրերում՝ Եգիպտոսից մինչև Ադրիանոսի պարիսպը [Հյուսիսային Բրիտանիա], փաստում են, որ փայտյա տախտակները լայն կիրառություն են ունեցել» (Reading and Writing in the Time of Jesus)։ Այսպիսի տախտակներ օգտագործում էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ՝ առևտրականները, պաշտոնատար անձինք և հավանաբար օգտագործել են նույնիսկ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք։

[Նկար 11–րդ էջի վրա]

Վիա ապիա

[Նկար 11–րդ էջի վրա]

Դպրոցական տղայի մոմապատ տախտակը (մ.թ. 2–րդ դար)

[Թույլտվությամբ]

By permission of the British Library