Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սատանան Եվայի հետ ինչո՞ւ օձի միջոցով խոսեց

Սատանան Եվայի հետ ինչո՞ւ օձի միջոցով խոսեց

Մեր ընթերցողները հարցնում են

Սատանան Եվայի հետ ինչո՞ւ օձի միջոցով խոսեց

Ինչպես բացատրվեց 8-րդ էջում, Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Սատանան էր կանգնած Եվայի հետ խոսող օձի հետևում։ Սակայն գուցե մտածես, թե ինչու զորավոր ոգեղեն անձնավորությունը հենց օձի միջոցով խոսեց։

Սատանայի արարքները Աստվածաշունչը նկարագրում է իբրև «նենգություններ» կամ «հնարքներ» (Եփեսացիներ 6։11, տե՛ս նաև «Արարատ» թարգմանությունը)։ Այն, ինչ պատահեց Եդեմի պարտեզում, հեքիաթ չէ խոսող կենդանու մասին, այլ Սատանայի խորամանկ հնարքներից մեկն է, որը նա գործի դրեց մարդկանց Աստծուց հեռացնելու համար։ Ինչպե՞ս նա հասավ իր նպատակին։

Սատանան ուշադիր հետևեց և ընտրեց իր զոհին։ Տիեզերքում բանական արարածների մեջ Եվան ամենաերիտասարդն էր։ Օգտվելով նրա միամտությունից՝ Սատանան խաբեց ու մեղքի դրդեց նրան։ Նա հմտորեն քողարկեց իր հանդուգն և փառասեր նպատակները՝ ներկայանալով օձի միջոցով, որը շատ զգույշ արարած է (Ծննդոց 3։1)։ Տեսնենք, թե ինչ եղավ արդյունքում։

Սատանային հաջողվեց գրավել Եվայի ուշադրությունը։ Եվան գիտեր, որ կենդանիներն առհասարակ չեն խոսում, քանի որ նրա ամուսինն էր բոլոր կենդանիներին հավանաբար լավ ուսումնասիրելուց հետո անուններ տվել, որոնց թվում էր նաև օձը (Ծննդոց 2։19)։ Անկասկած, Եվան նույնպես ուսումնասիրել էր այս կենդանուն։ Ուստի Սատանայի խորամանկ հնարքը շարժեց Եվայի հետաքրքրությունը, և օձի միջոցով կնոջ ուշադրությունը կենտրոնացրեց պարտեզի այն ծառի վրա, որն արգելված էր։ Տեսնելով օձին արգելված ծառի վրա՝ ի՞նչ եզրակացություն կարող էր անել Եվան։ Նա գուցե մտածեր, թե օձը կերել է այդ ծառի պտղից, և դա է պատճառը, որ կարողանում է խոսել։ Եթե այդ պտուղը կարող էր նման ազդեցություն ունենալ օձի վրա, ապա ի՞նչ ազդեցություն կթողներ իր վրա։ Չենք կարող հաստատ իմանալ, թե Եվան ինչ մտածեց կամ թե արդյոք օձը կերել էր այդ պտղից, բայց հաստատ գիտենք, որ երբ օձն ասաց, որ Եվան «Աստծու պես» կլինի, նա պատրաստ էր հավատալու այդ ստին։

Սատանան հատուկ բառեր էր ընտրել Եվային խաբելու համար։ Նա Եվայի սրտում կասկածներ գցեց՝ առաջ քաշելով այն միտքը, թե Աստված զրկում է նրան մի լավ բանից և սահմանափակում է նրա ազատությունը։ Վստահեցնելով, թե Եվան Աստծու պես կդառնա՝ Սատանան հույս ուներ, որ նրա անձնական ցանկություններն ավելի ուժգին կլինեն, քան սերը այն Աստծու հանդեպ, որը տվել էր նրան ամեն բան (Ծննդոց 3։4, 5)։ Ցավոք, Սատանան հասավ իր նպատակին։ Ո՛չ Եվան, ո՛չ էլ Ադամը Եհովայի հանդեպ չունեին այն սերն ու գնահատանքը, որ պետք է ունենային։ Սատանան նույն գործելակերպը կիրառում է նաև այսօր։

Ի՞նչ մղումներ ուներ Սատանան։ Ի՞նչ նպատակ էր նա հետապնդում։ Եդեմի պարտեզում նա փորձեց թաքցնել իր ինքնությունը և մղումները։ Բայց հետագայում նա ցույց տվեց իր դեմքը։ Հիսուսին փորձելիս նա գիտեր, որ չի կարող թաքցնել իր ով լինելը։ Ուստի բացահայտ ասաց նրան. «Ընկիր ու երկրպագություն արա ինձ» (Մատթեոս 4։9)։ Ակներևաբար, Սատանան նախանձում էր Եհովա Աստծուն, որին երկրպագում էին բոլորը։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա նա պատրաստ է անելու ամեն բան, որ մարդիկ չերկրպագեն Աստծուն կամ էլ այնպես երկրպագեն, որ այն ընդունելի չլինի։ Նրա փափագն է պղծել Աստծու հավատարիմ ծառաների անարատությունը։

Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Սատանան անողորմ է։ Նա վճռական է՝ հասնելու իր նպատակներին։ Սակայն ուրախ ենք, որ «անտեղյակ չենք նրա դիտավորություններին»։ Հուսով ենք՝ չենք խաբվի Եվայի պես (2 Կորնթացիներ 2։11