Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Սովորեցրեք ձեր երեխաներին

Նրանք կոչվում էին «որոտի որդիներ»

Նրանք կոչվում էին «որոտի որդիներ»

ՎԱՏ եղանակին հավանաբար լսել ես ուժգին որոտի ձայն։ Իսկ եղե՞լ է, որ վախենաս դրանից։~  * Հիսուսը իր հետևորդներից երկուսին անվանում է «որոտի որդիներ»։ Արի տեսնենք, թե ինչու։

Հիսուսի այս երկու հետևորդները Հակոբոսն ու Հովհաննեսն են։ Նրանք եղբայրներ են՝ Զեբեդեոսի և Սաղոմեի որդիները։ Հավանաբար, Սաղոմեն Հիսուսի մայր Մարիամի քույրն է։ Եթե այդպես է, ուրեմն Հիսուսը, Հակոբոսը և Հովհաննեսը զարմիկներ են և գուցե մանկության տարիներին լավ ընկերներ են եղել։

Զեբեդեոսը ձկնորս է, Հակոբոսն ու Հովհաննեսը՝ նույնպես։ Այս երկուսը Հիսուսի առաջին աշակերտներից են։ Երբ նա առաջարկում է նրանց իր հետևորդը դառնալ, նրանք անմիջապես թողնում են ձկնորսական գործը և միանում նրան։ Հետագայում Հիսուսը իր աշակերտներից ընտրում է 12 առաքյալների։ Հակոբոսն ու Հովհաննեսը այդ ընտրվածներից են։

Հիսուսի մահվանից մի քանի ամիս առաջ նա և նրա առաքյալները անցնում են Սամարիայի լեռնային շրջանով։ Օրը մթնում է, և նրանք շատ հոգնած են։ Բայց սամարացիները չեն ուզում, որ Հիսուսն ու առաքյալները գիշերեն իրենց քաղաքում։ Գիտե՞ս, թե ինչու։~ Արի տեսնենք։

Հիսուսը և նրա առաքյալները հրեաներ են, իսկ հրեաների մեծամասնությունը վատ է վերաբերվում սամարացիներին։ Ինչ խոսք, Հիսուսը նրանցից չէ։ Նա սամարացիներին վերաբերվում  է բարյացակամորեն, բայց Հակոբոսն ու Հովհաննեսը այդպես չեն վարվում։ Նրանք շատ են բարկանում, որ սամարացիները չընդունեցին իրենց, և Հիսուսին ասում են. «Ուզո՞ւմ ես ասենք, որ երկնքից կրակ իջնի ու ոչնչացնի նրանց»։ Ըստ քեզ՝ ի՞նչ է պատասխանում Հիսուսը։~ Նա ասում է, որ նրանք ճիշտ չեն վարվում՝ այդպիսի բաներ ասելով։ Այո՛, Հակոբոսն ու Հովհաննեսը կարիք ունեն սովորելու, թե ինչ է նշանակում ողորմած լինել։

Հակոբոսի ու Հովհաննեսի մյուս մեծ խնդիրն այն է, որ նրանք ուզում են լինել առաջինը և ամենակարևորը։ Հիսուսի մահից կարճ ժամանակ առաջ նրանք իրենց մորը ուղարկում են նրա մոտ՝ խնդրելու. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը»։ Երբ մյուս տասը առաքյալները լսում են, թե ինչ են արել Հակոբոսն ու Հովհաննեսը, բարկանում են։ Իսկ դու կբարկանայի՞ր։~ 

Գուցե այո։ Մեզ դուր չի գալիս, երբ ուրիշները ուզում են առաջինը և ամենակարևորը լինել։ Հետագայում Հակոբոսն ու Հովհաննեսը հասկանում են, որ իրենք շատ սխալ բան են արել, բարի չեն եղել։ Նրանք փոխվում են, դառնում անչափ սիրալիր, բարի մարդիկ։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։~ 

Մենք սովորում ենք, որ հարկավոր է լինել բարի։ Հիսուսը բարյացակամորեն էր վարվում բոլորի հետ՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի։ Կջանա՞ս միշտ հետևել նրա օրինակին։~ 

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։