Ացտեկները դառնում են ճշմարիտ քրիստոնյաներ
Ացտեկները դառնում են ճշմարիտ քրիստոնյաներ
«Տաճարներն ավերվեցին՝ հող ու մոխիր դարձան, կուռքերը քանդվեցին, կրակը լափեց սուրբ մագաղաթները, սակայն հին աստվածները շարունակում են ապրել հնդկացիների սրտերում» (Las antiguas culturas mexicanas; «Հին մեքսիկացիների մշակույթները»)
ՄԵՔՍԻԿԱՆ ացտեկների բնօրրանն է։ Փոքր քոչվոր ցեղը 13-րդ դարում դարձավ հզոր մի տերություն, որը կարող էր մրցել Պերուում ապրող ինկերի հետ։ Թեև ացտեկների տերությունն ընկավ, երբ 1521-ին իսպանացիները Կորտեսի գլխավորությամբ գրավեցին մայրաքաղաք Տենոչտիտլանը, ացտեկների լեզուն՝ նահուատլը, չմեռավ *։ Այսօր այդ լեզվով խոսում են մոտ մեկ ու կես միլիոն բնիկներ, որոնք ապրում են Մեքսիկայի առնվազն 15 նահանգներում։ Լեզվի պահպանումը նպաստեց նրան, որ պահպանվեն նաև հին ացտեկների որոշ հավատալիքներ, ինչպես նշում է Ուոլտեր Կրիկեբերգը, որի խոսքերը մեջբերված էին հոդվածի սկզբում։ Որո՞նք էին այդ հավատալիքներից մի քանիսը։
Սովորություններ՝ օտար, բայցև ծանոթ
Ացտեկների սովորություններից թերևս ամենահայտնին մարդկանց զոհաբերությունն է։ Դա գալիս էր այն հավատալիքից, թե արևը կմահանա, եթե չսնվի մարդկանց սրտերով և արյունով։ 1487-ին՝ Տենոչտիտլան բուրգ-տաճարի նվիրման ժամանակ, չորս օրվա ընթացքում զոհաբերվեց ավելի քան 80000 մարդ, ինչպես նշում է իսպանացի վանական Դիեգո Դուրանը։
Թեև իսպանացի կոնկիստադորներին սարսափեցրեց բնիկների այս սովորությունը, սակայն նրանք անակնկալի եկան՝ տեսնելով, որ շատ այլ հավատալիքներ նման են իրենց կաթոլիկ եկեղեցու հավատալիքներին։ Օրինակ՝ ացտեկները հաղորդություն էին ընդունում, որի ժամանակ ուտում էին իրենց աստվածների պատկերները, որոնք պատրաստված էին հացահատիկից։ Նրանք երբեմն էլ ուտում էին իրենց աստվածացրած զոհերի մարմինները։ Ացտեկները օգտագործում էին խաչը, խոստովանություն էին անում և մկրտում էին նորածիններին։ Թերևս ամենազարմանալի նմանությունը «աստվածների մայր» կույս Տոնացին աստվածուհու երկրպագությունն էր, որին ացտեկները քնքշորեն կոչում էին «Մեր Մայրիկ»։
Ասում են, թե 1531-ին հենց այն բլրի վրա, որտեղ ացտեկները երկրպագում էին Տոնացինին, թխամորթ կաթոլիկ կույս Գուադալուպեն երևացել է մի ացտեկ հնդկացու և խոսել է նահուատլ լեզվով։ Դա նպաստեց, որ ացտեկներն ավելի արագ դավանափոխ լինեն և ընդունեն կաթոլիկությունը։ Այս կույսի տաճարը կառուցվեց Տոնացինի տաճարի հիմքի վրա։ Ամեն տարի դեկտեմբերի 12-ին այս բազիլիկ են այցելում հարյուր հազարավոր նվիրյալ մեքսիկացիներ, որոնցից շատերի մայրենի լեզուն նահուատլն է։
Լեռնային խուլ համայնքներում նահուատլ լեզվով խոսող բնիկները ունեն իրենց հովանավոր սրբերին նվիրված բազում տոներ, որոնք երբեմն օրեր, նույնիսկ շաբաթներ են տևում։ «Ացտեկների տիեզերք» գրքում նշվում է,
որ բնիկները «կաթոլիկ եկեղեցու սրբերի երկրպագությունը միաձուլում են այն ծեսերին, որոնք արվել էին դեռևս Կորտեսից առաջ» (El universo de los aztecas)։ Նրանք նաև մխրճված են ոգեհարցության մեջ։ Երբ հիվանդանում են, գնում են հեքիմների մոտ, որոնք մաքրման ծես են անում և կենդանիներ են զոհաբերում։ Բնիկների համայնքներում մարդիկ մեծ մասամբ անգրագետ են. շատերը չգիտեն կարդալ ո՛չ իսպաներեն, ո՛չ նահուատլ։ Իրենց լեզվին ու սովորույթներին կառչած լինելու, ինչպես նաև աղքատության պատճառով նրանք մերժված են հասարակության կողմից։Ճշմարտությունը մատչելի է դառնում ացտեկներին
Տարիներ շարունակ Մեքսիկայում ապրող Եհովայի վկաները ջանադրաբար «Թագավորության բարի լուրը» պատմում են բոլորին (Մատթեոս 24։14)։ 2000 թվականին Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղը զարկ տվեց մի ծրագրի, որի նպատակն էր նահուատլ լեզվով քարոզել բնիկներին և կազմակերպել ժողով, որին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր հաճախում են իսպանական ժողով, թեև իրենց մայրենին նահուատլն է։ Կազմավորվեց թարգմանիչների մի խումբ, որպեսզի աստվածաշնչյան գրականություն լույս տեսնի նահուատլ լեզվով։ Ջանքեր ներդրվեցին նաև, որ բնիկներին սովորեցնեն կարդալ և գրել։ Իսկ թե ինչպիսին եղան արդյունքները, երևում է հետևյալ օրինակներից։
Երբ նահուատլ լեզվով խոսող մի կին առաջին անգամ լսեց աստվածաշնչյան մի ելույթ իր մայրենիով, իր ուրախությունն արտահայտեց հետևյալ խոսքերով. «Մենք արդեն տասը տարի է, ինչ ժողովի հանդիպումներից հեռանում ենք գլխացավով, քանի որ իսպաներեն լավ չենք հասկանում։ Հիմա թվում է, թե ամեն ինչ նոր է սկսվում»։ 60-ամյա Խուանը ութ տարի Աստվածաշունչ էր ուսումնասիրում և իր կնոջ ու երեխաների հետ այցելում էր իսպանախոս ժողով, սակայն հոգևորապես չէր առաջադիմում։ Հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել նահուատլ լեզվով։ Ընդամենը ամիսներ անց նա մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։
Ինչպես ցույց են տալիս այս օրինակները, շատերը առաջին անգամ լսել են Աստվածաշնչի մասին իսպաներենով, սակայն լիովին չեն հասկացել ասվածը։ Այսօր իրենց լեզվով անցկացվող հանդիպումները, համաժողովները, ինչպես նաև աստվածաշնչյան հրատարակությունները օգնում են, որ Սուրբ Գրքի ճշմարտությունը հասնի նրանց սրտերին և որ հասկանան, թե որպես քրիստոնյաներ՝ ինչ պատասխանատվություններ ունեն։
Հաղթահարում են դժվարությունները
Բնիկները հոգևորապես առաջադիմեցին, բայցև խնդիրների բախվեցին։ Օրինակ՝ նրանց վրա մեծ ճնշում էին բանեցնում, որ մասնակցեն կրոնական տոներին։ Սան Ագուստին Օապանում Եհովայի վկաներին թույլ չէին տալիս քարոզել տնետուն։ Անհանգստանում էին, որ դրա պատճառով մարդիկ այլևս փող չեն տա տոնակատարությունները անցկացնելու համար։ Երբ Ֆլորենսիոն բնիկ Վկաների մի փոքր խմբի հետ քարոզում էր, երեք հոգու ձերբակալեցին։ Ընդամենը 20 րոպեում մի ամբոխ հավաքվեց, որ դատաստան տեսնի Վկաների հետ։
Ֆլորենսիոն պատմում է. «Նրանք ուզում էին միանգամից սպանել մեզ։ Ոմանք առաջարկեցին կապել և գետը գցել բոլորիս։ Մենք գիշերն անցկացրինք բանտում։ Հաջորդ օրը մեր հավատակիցներից մեկը, որը իրավաբան էր, երկու եղբայրների հետ եկավ մեզ օգնության. նրանց նույնպես բանտարկեցին։ Ի վերջո, իշխանությունները մեզ ազատ արձակեցին՝ պայմանով, որ հեռանանք քաղաքից»։ Չնայած այս միջադեպին՝ մի տարի անց այստեղ ժողով հիմնվեց, որտեղ ծառայում են 17 մկրտված Վկաներ, և մոտ 50 հոգի գալիս են հանդիպումներին։
Կոապալայում նահուատլով խոսող համայնքում ապրող Ալբերտոն, որը Եհովայի վկա է, հրավեր ստացավ մասնակցելու մի տոնակատարության։ Նա մերժեց հրավերը, որի համար բանտարկվեց։ Խորհուրդ գումարվեց. ոմանք գոռում էին, որ նրան պետք է կախել, որ ով ցանկանում է միանալ նրա կրոնին, վախենա այդ քայլն անելուց և տեղի սովորությունները թողնելուց։ Մի քանի Վկաներ փորձեցին նրան ազատել, բայց նրանց նույնպես բանտարկեցին։ Բոլորին ազատ արձակեցին միայն այն ժամանակ, երբ մի շաբաթ տևող տոնը ավարտվեց։ Քանի որ հակառակությունը շարունակվում էր, հարկ եղավ դիմելու ավելի բարձր մարմինների՝ օգնության համար։ Հնարավոր եղավ ձեռք բերել մի հրաման,
ինչը վերջ դրեց նման հալածանքին։ Ի դեպ, հակառակորդների պարագլուխը կարճ ժամանակ անց ընդունեց ճշմարտությունը և մկրտվեց։ Այժմ այդ քաղաքում մի ժողով կա։Հասունացել է հնձի համար
Նահուատլ լեզվով խոսողների շրջանում հնարավոր աճ կանխատեսելով՝ շատ Վկաներ սովորում են այդ լեզուն։ Սակայն դրա հետ կապված որոշ խնդիրներ կան։ Բնիկները ամաչկոտ են և կաշկանդվում են իրենց լեզվով խոսելուց. պատճառը իրենց հանդեպ դրսևորված վերաբերմունքն է։ Դրանից բացի, այդ լեզուն շատ բարբառներ ունի։
Սոնյան, որը լիաժամ ծառայող է, բացատրում է, թե ինչը մղեց իրեն սովորելու այդ լեզուն։ «Իմ տնից ոչ հեռու թշվառ պայմաններում ապրում են տարբեր տեղերից եկած մոտ 6000 վարձու աշխատողներ, որոնք խոսում են նահուատլ լեզվով։ Այդ տարածքը հսկում են պահակները։ Մարդիկ շատ խեղճ են ու ստորացված,— ասում է Սոնյան։— Նրանց տեսնելիս սիրտս ցավում է, քանի որ նահուաները մի ժամանակ պատվարժան մարդիկ են եղել, եղել են մեր մշակույթի հիմքը։ Մենք արդեն 20 տարի է, ինչ քարոզում ենք նրանց իսպաներենով, բայց նրանք լիովին չեն հասկանում մեզ և քիչ են հետաքրքրվում մեր ասածներով։ Սակայն երբ սովորեցի մի քանի բառ իրենց լեզվով, նրանց դռները բացվեցին։ Այդ մարդիկ շրջապատեցին ինձ, որ լսեն, թե ինչ եմ ասում։ Ես մի կնոջ առաջարկեցի սովորեցնել կարդալ ու գրել, եթե նա էլ ինձ սովորեցնի նահուատլ լեզուն։ Հիմա այդ տարածքում ապրողները ինձ անվանում են «կին, որը խոսում է մեր լեզվով»։ Ես ասես միսիոներ լինեմ իմ հայրենիքում»։ Այսօր այդ բնակավայրում կա նահուատլ լեզվով մի ժողով։
Մարիսելան՝ մեկ այլ լիաժամ քարոզիչ, ամեն ջանք թափում է նահուատլ լեզուն սովորելու համար։ Սկզբում նա իսպաներենով Աստվածաշունչ էր ուսումնասիրում 70-ամյա Ֆելիքսի հետ։ Երբ արդեն ավելի լավ գիտեր լեզուն, սկսեց Ֆելիքսին ճշմարտությունը բացատրել նրա մայրենի լեզվով։ Մարիսելան ցնցվեց, երբ Ֆելիքսը հարցրեց. «Եհովան լսո՞ւմ է ինձ, երբ խոսում եմ նրա հետ նահուատլ լեզվով»։ Նա ուրախացավ, երբ իմացավ, որ Եհովան հասկանում է բոլոր լեզուները։ Ֆելիքսը կանոնավորաբար մասնակցում է բոլոր հանդիպումներին, թեև ստիպված է մոտ մեկ ու կես ժամ քայլել այնտեղ հասնելու համար։ Այսօր Ֆելիքսը մկրտված եղբայր է։ Մարիսելան ասում է. «Անչափ ուրախ եմ, որ համագործակցում եմ այն հրեշտակի հետ, որը բարի լուր ունի հռչակելու ամեն ժողովրդի» (Հայտնություն 14։6, 7)։
Պարզ երևում է, որ նահուատլ լեզվով խոսող «արտը.... սպիտակել է հնձի համար» (Հովհաննես 4։35)։ Մենք աղոթում ենք Եհովա Աստծուն, որ շարունակի հրավիրել տարբեր ազգերի մարդկանց, այդ թվում նաև այսօրվա պատվարժան ացտեկներին բարձրանալու իր լեռը, որ սովորեցնի իր ճանապարհները (Եսայիա 2։2, 3)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 3 Նահուատլը պատկանում է ուտո-ացտեկյան լեզվաընտանիքին։ Այդ լեզվով խոսում են մի շարք ցեղեր, օրինակ՝ հոպի, շոշոնե ցեղերը և Հյուսիսային Ամերիկայի կոմանչե ցեղը։ Այս լեզվից շատ բառեր են փոխառվել՝ ավոկադո, շոկոլադ և այլն։
[քարտեզ 13-րդ էջի վրա]
[Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը]
ՄԵԽԻԿՈ
ԱՑՏԵԿՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
150000
1000-ից ՊԱԿԱՍ