«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի»
«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի»
«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)
Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ավետարանագիր Ղուկասը գրում էր, որ Հիսուսը «շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 8։1)։ Հիսուսն ինքն էլ ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Նա ուղարկեց իր աշակերտներին քարոզելու բարի լուրը քաղաքներում և գյուղերում, իսկ հետո պատվիրեց. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8; Ղուկաս 10։1)։
Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Հիսուսի աշակերտները ժամանակ չկորցրին և անմիջապես արեցին այն, ինչ ասաց նա։ «Ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (Գործեր 5։42)։ Քարոզում էին բոլոր քրիստոնյաները և ոչ թե միմիայն առանձնաշնորհյալ խմբի պատկանողները։ Պատմաբան Նեանդերը ասում է, որ «Ցելսոսը, որն առաջինն էր, ով քրիստոնյաների դեմ խոսքեր գրեց, ծաղրանքով է նշում այն փաստը, որ բուրդ գզողները, կոշկակարները, թաղիքագործները, ամենաանգրագետ ու հասարակ մարդիկ ավետարանի եռանդուն քարոզիչներ էին»։ Իսկ պրոֆեսոր Ժան Բերնարդին իր՝ «Եկեղեցին վաղ դարերում» գրքում գրում է. «[Քրիստոնյաները] պետք է գնային և քարոզեին ամենուր և ամենքին։ Պետք է խոսեին ճանապարհներին, քաղաքներում, հրապարակներում և տներում։ Անկախ այն բանից՝ կընդունեին նրանց, թե ոչ.... Մինչև երկրի ծայրերը» (The Early Centuries of the Church)։
Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ «Հասարակության հոգևոր անառողջ վիճակի պատճառներից մեկն այն է, որ եկեղեցին լրջորեն չի վերաբերվում քարոզելու և ուսուցանելու գործին»,—
գրում է անգլիկան եկեղեցու քահանա Դեյվիդ Ուոտսոնը։ «Ինչո՞ւ են կաթոլիկները հեռանում» գրքում պերուացի աստվածաբան Խոսե Լուի Պերես Գվադալուպեն գրում է ավետարանականների, ադվենտիստների և ուրիշների գործունեության մասին և նշում, որ «նրանք չեն գնում տնետուն»։ Իսկ Եհովայի վկաների մասին ասում է. «Նրանք կանոնավորաբար գնում են տնից տուն» (¿Por qué se van los Católicos?)։Հետաքրքրական ու իրատեսական դիտարկում է արվել Ջոնաթան Թյուրլի կողմից «Կատո Գերագույն դատարանի ամփոփագրում, 2001–2002թթ.». «Եհովայի վկաների մասին հիշատակելիս միանգամից շատերի միտքն են գալիս քարոզիչները, որոնք գալիս են իրենց տուն անհարմար ժամի։ Սակայն Եհովայի վկաների համար տնետուն քարոզելը միայն իրենց կրոնը տարածելու միջոց չէ, այն նաև իրենց հավատի էությունն է» (Cato Supreme Court Review)։
[շրջանակ 9-րդ էջի վրա]
Ո՞ւմ են բնորոշ այս նշանները
Հիմնվելով այս հոդվածներում քննարկվող սուրբգրային չափանիշների վրա՝ ըստ քեզ՝ ովքեր են այսօր դավանում ճշմարիտ քրիստոնեությունը։ Ճիշտ է, տասնյակ հազարավոր խմբեր և ուղղություններ կան, որոնք պնդում են, թե քրիստոնեական են։ Սակայն հիշիր, թե ինչ ասաց Հիսուսն իր հետևորդներին. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։ Եթե գտնես նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը, ինչով էլ ցույց են տալիս, որ ճշմարիտ քրիստոնեություն են դավանում, և ընկերակցես նրանց հետ, կկարողանաս հավիտենական օրհնություններ վայելել Աստծու Թագավորության ներքո։ Մենք հրավիրում ենք քեզ դիմել Եհովայի վկաներին՝ այն մարդկանց, ովքեր տվել են այս պարբերագիրը, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաս Աստծու Թագավորության և բազում օրհնությունների մասին, որ բերելու է այն (Ղուկաս 4։43)։