Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Ահա ամեն բան նոր եմ անում»

«Ահա ամեն բան նոր եմ անում»

Չե՞ս ցանկանա, որ դու և քո ընտանիքը լինեք առողջ ու ապրեք երկար։ Կուզե՞ս ապրել մի աշխարհում, որտեղ ցավը, տառապանքն ու մահը այլևս չեն լինի։ Այդ աշխարհը պարզապես երևակայության արգասիք չէ։ Այն շուտով իրականություն կդառնա, քանի որ Եհովա Աստված է նպատակադրել։ Ուշադրություն դարձրու, թե այդ նպատակի իրագործման մասին ինչ է խոսվում Հայտնություն 21։3–5-ում (կարդա՛

«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից» (Հայտնություն 21։4)։ Ի՞նչ արտասուք է Աստված սրբելու։ Արդյո՞ք այն արցունքը, որ պաշտպանում է մեր աչքը։ Ո՛չ։ Խոսքը ցավի ու տառապանքի պատճառած արցունքի մասին է։ Աստված սրբելու է արցունքները այն իմաստով, որ իսպառ վերացնելու է ցավն ու տառապանքը։

«Մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4)։ Կա՞ արդյոք մի բան, որ ավելի մեծ ցավ է պատճառում մարդուն, քան մահը։ Եհովան հնազանդ մարդկանց ազատելու է մահվան ճիրաններից։ Ինչպե՞ս. վերացնելով մահվան իրական պատճառը՝ Ադամից ժառանգած մեղքը (Հռոմեացիներ 5։12)։ Հիսուսի քավիչ զոհի հիման վրա Աստված հնազանդ մարդկանց կատարյալ կդարձնի *։ Այդ ժամանակ վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի (1 Կորնթացիներ 15։26)։ Աստծու նպատակը կիրագործվի. հավատարիմ մարդիկ կատարյալ առողջությամբ հավիտյան կապրեն նոր աշխարհում։

«Ցավ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4)։ Բոլոր տեսակի ցավերը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ, որոնք մեղքի և անկատարության հետևանք են և միլիոնավոր կյանքեր թշվառ են դարձրել, այլևս չեն լինի։

Կյանքն առանց արցունքների, մահվան և ցավի շուտով իրականություն կդառնա։ Գուցե հարցնես՝ որտե՞ղ է այդ կյանքը լինելու, երկնքու՞մ։ Ո՛չ։ Հայտնություն 21։3-ում գրված Աստծու խոստումը հետևյալ կերպ է սկսվում՝ «Աստծու խորանը մարդկանց հետ է», իսկ մարդիկ երկրի վրա են ապրում (Հայտնություն 21։3)։ Բացի այդ, այս համարում նկարագրվում է մի աշխարհ, որտեղ «մահ այլևս չի լինելու»։ Երկնքում երբեք մահ չի եղել։ Ուրեմն հստակ է, որ Աստծու խոստացած հրաշալի կյանքը լինելու է երկրի վրա։

Աստված կսրբի ցավի ու տառապանքի պատճառած արտասուքը

Եհովան ցանկանում է, որ մենք հավատանք արդար նոր աշխարհի վերաբերյալ նրա խոստմանը։ Գալիք օրհնությունների մասին նշելուց հետո նա ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Ապա վստահեցնում է. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ» (Հայտնություն 21։5)։ Չարժե՞ արդյոք ավելին իմանալ, թե ինչպես կարող ես դու քո հարազատների հետ լինել Աստծուն երկրպագող այն մարդկանց մեջ, ովքեր տեսնելու են նրա այս խոստման փառահեղ կատարումը։

^ պարբ. 5 Հիսուսի քավիչ զոհի մասին ավելին իմանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։