Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԸ

Ով է իրականում կանգնած պատերազմի ու տառապանքի հետևում

Ով է իրականում կանգնած պատերազմի ու տառապանքի հետևում

1918թ. նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Այդ օրը ոչ ոք չէր աշխատում, բոլորը դուրս էին եկել փողոց ու պարում էին։ Բայց նրանց ուրախությունը երկար չտևեց։ Մեկ ուրիշ աղետ՝ ավելի մահացու, քան հրաձգային զենքը, անմիջապես հաջորդեց համաշխարհային պատերազմին։

Մահաբեր համաճարակը, որը հայտնի է «իսպանկա» անունով, 1918թ. հունիսին հարվածեց զինվորներին Ֆրանսիայի մարտադաշտում։ Շուտով պարզ դարձավ, թե որքան մահացու կարող էր լիներ այդ համաճարակը։ Օրինակ՝ մի քանի ամիսների ընթացքում այն ավելի շատ ամերիկացի զինվորներ սպանեց Ֆրանսիայում, քան թշնամու զորքը։ Զինվորները, պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք, իրենց հետ բերեցին համաճարակը, որն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում։

Հետպատերազմյան տարիները նշանավորվեցին նաև սովով և տնտեսական ճգնաժամով։ Եվրոպայի մեծ մասը սովի մատնվեց, երբ պատերազմական գործողություններն ավարտվեցին 1918-ին։ Արդեն 1923-ին Գերմանիայի դրամն արժեզրկված էր։ Վեց տարի հետո ամբողջ աշխարհում տնտեսական համակարգը փլուզվեց։ 1939-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն ինչ-որ առումով առաջին գլոբալ կոնֆլիկտի շարունակությունն էր։ Ի՞նչ էր կանգնած այս յուրահատուկ աղետների շարանի հետևում։

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԸ

Աստվածաշնչյան մարգարեությունները օգնում են մեզ տեսնելու, թե ինչ է ընկած որոշ պատմական իրադարձությունների հետևում, և դա հատկապես վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ գալու է մի ժամանակ, երբ «ազգ ազգի դեմ դուրս կգա», սով և համաճարակներ կլինեն ամբողջ աշխարհում (Մատթեոս 24։3, 7; Ղուկաս 21։10, 11)։ Նա ասել էր իր աշակերտներին, որ այսպիսի աղետները կազմելու էին վերջին օրերի նշանը։ «Հայտնություն» գրքում նշված են ավելի շատ մանրամասներ այն մասին, որ երկրի վրա տեղի ունեցող վայերը կապված են երկնքում տեղի ունեցած պատերազմի հետ (տե՛ս  «Պատերազմ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում» շրջանակը)։

Աստվածաշնչի այդ գիրքը նկարագրում է չորս ձիավորների, որոնք երբեմն կոչվում են ապոկալիպտիկ չորս ձիավորներ։ Այս ձիավորներից երեքը ներկայացնում են այն նույն աղետները, որոնց մասին ավելի վաղ կանխագուշակել էր Հիսուսը՝ պատերազմ, սով և համաճարակ (տե՛ս  «Չորս ձիավորները իսկապե՞ս սլանում են» շրջանակը)։ Իրոք, Առաջին համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց դժբախտության մի ժամանակաշրջանի, որն ավելի է վատթարացել։ Աստծու Խոսքը հայտնում է, որ Սատանան է այն անձնավորությունը, որը սկիզբ դրեց այդ ամենին (1 Հովհաննես 5։19)։ Այնուհանդերձ, երբևէ վերջ կդրվի՞ նրա իշխանությանը։

«Հայտնություն» գիրքը վստահեցնում է մեզ, որ Սատանան «քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12)։ Ահա թե ինչու է նա լցված մեծ բարկությամբ և անասելի վայեր է բերում երկրի վրա։ Սակայն այդ նեղությունները փաստում են, որ Սատանայի ժամանակը ավարտվում է։

ԲԱՆՍԱՐԿՈՒԻ ԳՈՐԾԵՐԸ ՔԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ

Առաջին համաշխարհային պատերազմը պատմության մեջ իրոք որ շրջադարձային եղավ։ Այն սկիզբ դրեց համընդհանուր պատերազմի դարաշրջանի՝ բռնկելով հեղափոխություններ և ստիպելով մարդկանց կորցնել վստահությունը ղեկավարների հանդեպ։ Դա նաև այն բանի վառ ապացույցն էր, որ Սատանան ցած է գցվել երկնքից (Հայտնություն 12։9)։ Այժմ աշխարհի այս անտեսանելի ղեկավարը գործում է որպես մի դաժան բռնապետ, որը գիտի՝ իր օրերը հաշվված են։ Երբ դրանք ավարտվեն, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջ եկած աղետալի ժամանակաշրջանը վերջ կգտնի։

Աստվածաշնչյան մարգարեությունները քննելով՝ դու պատճառ կունենաս վստահելու, որ Հիսուս Քրիստոսը՝ մեր երկնային Թագավորը, շուտով «Բանսարկուի գործերը կքանդի» (1 Հովհաննես 3։8)։ Միլիոնավոր մարդիկ աղոթում են, որ գա Աստծու Թագավորությունը։ Իսկ դո՞ւ։ Շնորհիվ այդ Թագավորության հավատարիմ մարդիկ ի վերջո կտեսնեն, որ երկրի վրա կատարվում է Աստծու, ոչ թե Սատանայի կամքը (Մատթեոս 6։9, 10)։ Աստծու Թագավորության ներքո այլևս երբեք համաշխարհային պատերազմ և առհասարակ պատերազմ չի լինի (Սաղմոս 46։9)։ Ավելին իմացիր այդ Թագավորության մասին և եղիր այն ժամանակների ականատեսը, երբ երկրի վրա խաղաղություն կտիրի (Եսայիա 9։6, 7

^ պարբ. 20 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։