Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը

Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը

«Ես մտադրված չէի պոռնկագրություն դիտել։ Բայց երբ ինտերնետ մտա, հանկարծ մի պատուհան հայտնվեց։ Չգիտեմ՝ ինչպես և ինչու, բայց բացեցի այն» (ՔՈԴԻ) *։

«Իմ աշխատավայրից մի հմայիչ աղջիկ սկսեց ֆլիրտ անել ինձ հետ։ Մի օր էլ առաջարկեց հյուրանոց գնալ՝ «լավ ժամանակ անցկացնելու»։ Ինձ համար պարզ էր, թե ինչ էր ուզածը» (ԴԻԼԱՆ)։

«ԱՄԵՆ ինչի կդիմադրեմ, բացի գայթակղությունից»։ Այս սարկաստիկ խոսքերը ցույց են տալիս, թե որոշ մարդիկ ինչպես են վերաբերվում գայթակղությանը. սրտի խորքում դա իրենց դուր է գալիս։ Մինչդեռ ուրիշները գայթակղությունը համարում են համառ թշնամի, որին մեծ հաճույքով կհաղթեին։ Իսկ որն է քո՞ կարծիքը։ Գայթակղության բախվելիս տեղի կտա՞ս, թե՞ կդիմադրես։

Ինչ խոսք, ամեն գայթակղության տրվելը մեծ խնդիրներ չի հարուցի։ Օրինակ՝ եթե թաքուն մի կտոր ավել թխվածք ուտես, դժվար թե կյանքդ վտանգես։ Սակայն որոշ գայթակղությունների հարցում զիջումների գնալը, հատկապես այնպիսի գայթակղությունների, որոնք տանում են անբարոյության, կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Աստվածաշունչն ասում է. «Ով որ.... շնություն է գործում, խոհեմ սիրտ չունի։ Դա անողը իր հոգին է կործանում» (Առակներ 6։32, 33

Եթե կանգնես անբարոյություն գործելու գայթակղության առաջ, ինչպե՞ս կվարվես։ Աստվածաշունչը հորդորում է. «Սա է Աստծու կամքը, որ դուք սրբացվեք, որ հեռու մնաք պոռնկությունից, որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3, 4)։ Ինչպե՞ս կարող ես կամքի ուժ ձեռք բերել։ Քննենք երեք քայլ, որոնք կարող են օգնել։

Քայլ 1. Հսկիր աչքերդ

Ցանկահարույց պատկերներ դիտելը միայն անպարկեշտ ցանկություններ կբորբոքի։ Ցույց տալով դիտելու և ցանկանալու միջև եղած կապը՝ Հիսուսը զգուշացրեց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում»։ Չափազանցության միջոցով նա հորդորեց. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր  այն ու մի կողմ գցիր» (Մատթեոս 5։28, 29)։ Ի՞նչ էր ուզում ասել Հիսուսը։ Գայթակղությանը դիմադրելու համար մենք պետք է վճռական քայլեր ձեռնարկենք և չդիտենք ցանկություն գրգռող պատկերներ։

Երբ էրոտիկ պատկերներ ես տեսնում, մի կողմ նայիր

Մի օրինակ բերենք. պատկերացրու մի պահ նկատում ես զոդալամպի բոցը։ Ի՞նչ կանես, սևեռուն հայացքով կնայե՞ս։ Իհարկե ոչ։ Դու կշրջվես կամ կփակես աչքերդ, որ չվնասես տեսողությունդ։ Նույնպեսև եթե մի պահ աչքդ ընկնի էրոտիկ պատկերի վրա՝ կա՛մ տպագրված նյութի մեջ, կա՛մ դա տեսնես էկրանին, կա՛մ էլ իրականում, անմիջապես մի կողմ թեքիր աչքերդ։ Պաշտպանիր միտքդ ապականվելուց։ Խուանը, որը նախկինում պոռնկագրություն դիտելու հակվածություն է ունեցել, ասում է. «Երբ մի գեղեցիկ կնոջ եմ տեսնում, հաճախ մեջս ուժեղ ցանկություն է առաջանում երկրորդ, երրորդ անգամ էլ նայել։ Ուստի ստիպում եմ ինձ, որ աչքերս թեքեմ, և ասում եմ ինքս ինձ. «Աղոթի՛ր Եհովային։ Դու հենց հիմա պիտի աղոթես»։ Աղոթելուց հետո ցանկությունս սկսում է մարել» (Մատթեոս 6։9, 13; 1 Կորնթացիներ 10։13

Նկատի առ նաև հավատարիմ Հոբի օրինակը, որն ասաց. «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին (Հոբ 31։1)։ Դու էլ կարող ես այդպես վճռել։

Փորձիր հետևյալը։ Եթե մի պահ աչքդ ընկնում է էրոտիկ պատկերների վրա, անհապաղ մի կողմ նայիր։ Ընդօրինակիր սաղմոսերգուին, որն աղոթեց. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց» (Սաղմոս 119։37

Քայլ 2. Հսկիր մտքերդ

Քանի որ բոլորս անկատար ենք, ժամանակ առ ժամանակ մեր մեջ գուցե սխալ ցանկություններ առաջանան։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (Հակոբոս 1։14, 15)։ Ինչպե՞ս կարող ես խուսափել այնպիսի իրավիճակից, որը կարող է ավելի վատ քայլերի տանել և քեզ փակուղու առաջ կանգնեցնել։

Երբ քեզ պատում են անբարո մտքերը, կանգ առ ու աղոթիր

Երբ սխալ ցանկություններ ես ունենում, հիշիր, որ դու կարող ես որոշել, թե որը կլինի քո հաջորդ քայլը։ Պայքարիր դրանց դեմ։ Հանիր դրանք քո մտքից։ Մի՛ տրվիր սեռական ֆանտազիաներին։ Տրոյը, որը ինտերնետով պոռնկագրություն դիտելու  հակվածություն ուներ, ասում է. «Ես պայքարել եմ անբարո մտքերի դեմ՝ դրական մտքերի վրա կենտրոնանալով։ Դա հեշտ չէր։ Ես շատ եմ սայթաքել։ Բայց ի վերջո սովորեցի հսկել միտքս»։ Էլսա անունով մի կին, որը պատանեկության տարիներին պայքարել է անբարոյություն գործելու գայթակղության դեմ, պատմում է. «Միշտ զբաղված լինելով և Եհովային աղոթելով՝ ես կարողացա վերահսկել մտքերս»։

Փորձիր հետևյալը։ Երբ քեզ պատում են անբարո մտքերը, միանգամից կանգ առ ու աղոթիր։ Պայքարիր սխալ մտքերի դեմ՝ միտքդ լցնելով այն բաներով, «ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի» (Փիլիպպեցիներ 4։8

Քայլ 3. Հսկիր քայլերդ

Երբ ցանկությունը, գայթակղությունը և հնարավորությունը «հանդիպում են», նրանց հետևից «գալիս է» փորձանքը (Առակներ 7։6–23)։ Ի՞նչ կարող ես անել, որ զոհ չդառնաս։

«Ինտերնետից օգտվում եմ միայն ուրիշների ներկայությամբ»

Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։ Ուստի հսկիր քայլերդ։ Փորձիր կանխատեսել այն իրավիճակները, որոնք կարող են խնդիրներ հարուցել, և խուսափել դրանցից (Առակներ 7։25)։ Ֆիլիպը, որը հաղթահարել է պոռնկագրություն դիտելու կախվածությունը, պատմում է. «Մեր ընտանիքի համակարգիչը դրել եմ այնպիսի տեղում, որ բոլորին տեսանելի լինի։ Բացի այդ, տեղադրել եմ ինտերնետի ֆիլտրացման ծրագիր։ Ինտերնետից օգտվում եմ միայն ուրիշների ներկայությամբ»։ Տրոյը, որի մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ես չեմ նայում ցանկություն գրգռող ֆիլմեր և չեմ շփվում այնպիսի մարդկանց հետ, ովքեր անպարկեշտ ձևով են խոսում սեքսի մասին։ Չեմ ուզում վտանգավոր իրավիճակում հայտնվել»։

Փորձիր հետևյալը։ Անկեղծորեն ընդունիր քո թույլ կողմերը և դրանք հաշվի առնելով՝ մտածիր, թե որ իրավիճակները կարող են քեզ գայթակղության մեջ գցել, ու խուսափիր դրանցից (Մատթեոս 6։13

ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ

Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ չնայած քո ներդրած լավագույն ջանքերին, տեղի ես տալիս ու տրվում ես գայթակղությանը։ Մի՛ հուսահատվիր, շարունակի՛ր պայքարել։ Աստվածաշունչն ասում է. «Արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16)։ Մեր երկնային Հայրը հորդորում է մեզ «վեր կենալ»։ Կընդունե՞ս նրա օգնությունը։ Եթե այո, ապա երբեք մի՛ հոգնիր նրանից աղոթքով օգնություն խնդրելուց։ Կերտիր հավատդ՝ նրա Խոսքն ուսումնասիրելով։ Ամրացրու վճռականությունդ՝ քրիստոնեական հանդիպումներին հաճախելով։ Թող Աստծու հետևյալ խոստումը զորացնի քեզ. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Եսայիա 41։10

Քոդին, որի մասին խոսեցինք սկզբում, ասում է. «Ես շատ ջանքեր եմ թափել, որ ձերբազատվեն պոռնկագրություն դիտելու սովորությունից։ Շատ անգամ եմ սայթաքել, բայց Աստծու օգնությամբ դա ինձ ի վերջո հաջողվեց»։ Դիլանը, որի մասին նույնպես հիշատակեցինք, նշում է. «Ես կարող էի սեքսով զբաղվել իմ աշխատակցուհու հետ։ Բայց հաստատակամ մնացի ու նրան ասացի՝ ոչ։ Մեծ բան է մաքուր խիղճ ունենալը։ Բայց ամենակարևորն այն է, որ գիտեմ՝ Եհովան հպարտանում է ինձանով»։

Երբ վճռականորեն դիմադրես գայթակղությանը, կարող ես վստահ լինել, որ Աստված կհպարտանա նաև քեզնով (Առակներ 27։11

^ պարբ. 2 Այս հոդվածում անունները փոխված են։