ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մտահոգություններ ամենուր
«Ես գնացի մթերք գնելու, սակայն խանութում միայն թխվածքաբլիթներ կային՝ իրենց գնից 10 000 անգամ թանկ։ Հաջորդ օրը խանութներում ոչինչ չէր մնացել» (Փոլ, Զիմբաբվե)։
«Մի օր ամուսինս ասաց, որ հեռանում է մեզանից։ Ինչպե՞ս էի համակերպվելու այդ մտքի հետ։ Ի՞նչ էր լինելու երեխաներիս հետ» (Ջանեթ, Միացյալ Նահանգներ)։
«Երբ տագնապի ազդանշանը կոչ արեց պատսպարվել, ես վազեցի ապաստարան, սակայն հենց ռումբերը պայթեցին, պառկեցի գետնին։ Ժամեր շարունակ ձեռքերս դողում էին» (Ալյոնա, Իսրայել)։
Մենք մտահոգություններով լի ժամանակներում ենք ապրում, ինչպես Աստվածաշունչն է ասում, «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Շատերը պայքարում են տարբեր խնդիրների դեմ՝ ֆինանսական, ընտանեկան, մահացու հիվանդությունների, պատերազմական իրավիճակների, բնական կամ մարդածին աղետների։ Այս ամենին գումարվում են նաև անձնական խնդիրներն ու անհանգստությունները։ Օրինակ՝ «Արդյոք հայտնաբերված ուռուցքը քաղցկեղ կդառնա՞», «Ի՞նչ աշխարհում կմեծանան երեխաներս»։
Ինչ խոսք, որոշակի անհանգստություն ունենալը նորմալ է։ Մենք անհանգստանում ենք քննությունից առաջ, որևէ հանձնարարություն անելուց առաջ, աշխատանքի համար հարցազրույցի ներկայանալուց առաջ։ Առողջ վախը օգնում է հեռու մնալու վնասվելուց։ Սակայն ծայրահեղ անհանգստությունը քայքայիչ է։ Մի ուսումնասիրություն, որն ընդգրկել է ավելի քան 68000 անհատների, ցույց տվեց, որ անգամ թեթև մտահոգությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։ Տեղին էր, որ Հիսուսը հարցրեց. «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով երկարացնել»։ Այդ պատճառով նա ասաց. «Մի՛ մտահոգվեք» (Մատթեոս 6։25, 27)։ Բայց հնարավո՞ր է չմտահոգվել։
Այո՛, հնարավոր է, եթե դրսևորենք իմաստություն, ամուր հավատ զարգացնենք Աստծու հանդեպ և ապագայի հանդեպ մեր հույսը վառ պահենք։ Գուցե այսօր ծայրահեղ իրավիճակում չենք, սակայն հնարավոր է՝ ապագայում բախվենք լուրջ խնդիրների։ Ուստի տեսնենք, թե ինչպես Փոլը, Ջանեթը և Ալյոնան հաղթահարեցին իրենց անհանգստություններն ու մտավախությունները։