Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վերջապես արգելքը հանվեց

Վերջապես արգելքը հանվեց

Քարոզում են զգուշությամբ

Ռաֆայել Պարեդը, որը ծառայում էր Բեթելում իր կնոջ՝ Ֆրանսյայի հետ, քարոզիչ էր դարձել 18 տարեկանում՝ 1957-ին։ Նա հիշում է, թե ինչպես էին ծպտված ոստիկանները հետևում և հարմար առիթ փնտրում իրեն ու իր հետ լինողներին ձերբակալելու համար։ Եղբայրը պատմում է. «Երբեմն մենք ստիպված էինք խույս տալ նրանցից՝ մտնելով խուլ փողոցներ և ցանկապատերի վրայից անցնելով»։ Անդրեա Ալմանսարը պատմում է, թե ինչպես էին իրենք խուսափում բռնվելուց. «Մենք պետք է շատ զգույշ լինեինք։ Ծառայության ժամանակ հերթականությամբ չէինք թակում դռները, նախ՝ թակում էինք առաջին տան դուռը, հետո՝ տասներորդը և այդպես շարունակ»։

Վերջապես արգելքը հանվեց

1959 թ.-ին Տրուխիլիոյի վարչակարգը արդեն գրեթե 30 տարվա պատմություն ուներ, բայց քաղաքական մթնոլորտը գնալով փոխվում էր։ 1959թ. հունիսի 14-ին դոմինիկացի աքսորյալները փորձեցին ներխուժել երկիր՝ Տրուխիլիոյին տապալելու նպատակով։ Թեև այդ փորձը ձախողվեց և խռովարարների մի մասը սպանվեց, իսկ մյուսը՝ բանտարկվեց, այդուհանդերձ Տրուխիլիոյի թշնամիները զգում էին, որ նրա իշխանությունը անպարտելի չէ, ուստի ավելի լարեցին իրենց ուժերը։

1960 թ. հունվարի 25-ին Տրուխիլիոյի կառավարության հետ տարիներ շարունակ սերտորեն համագործակցելուց հետո կաթոլիկ եկեղեցու հիերարխիան հովվական նամակով իր դժգոհությունը հայտնեց երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հանդեպ։ Դոմինիկացի պատմաբան Բեռնարդո Վեգան գրում է. «1959-ի հունիսին տեղի ունեցած դեպքերը, դրանցում ներգրավվածների հանդեպ դրսևորված ռեպրեսիան, իսկ հետագայում ներքին ընդդիմադիր շարժումները ստիպեցին եկեղեցուն առաջին անգամ Տրուխիլիոյի հանդեպ անբարենպաստ դիրքորոշում արտահայտել»։

Հետաքրքիր է, որ երկար տարիների հալածանքից հետո՝ 1960 թ. մայիսին, կառավարությունը հանեց Եհովայի վկաների վրա դրված արգելքը։ Անհավատալի էր, բայց փաստ. դրա հետևում կանգնած էր հենց ինքը՝ Տրուխիլիոն։ Ակնհայտորեն պատճառը կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած նրա անախորժությունն էր։