Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քրիստըլին ցույց են տալիս ճանապարհը (Սիեռա Լեոնե)

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Աֆրիկա

Աֆրիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 58

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 1 109 511 431

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 538 897

  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4 089 110

Նա աղոթեց, որ խուլ մարդկանց հանդիպի

Սիեռա Լեոնեում ապրող Քրիստըլ անունով մի միսիոներ, որը ծառայում է ժեստերի լեզվով դաշտում, մի օր առավոտյան աղոթեց, որ այդ օրը հանդիպի խուլ անհատների։ Այդ առավոտ նա գնաց վերայցելելու մի անհատի։ Բայց այս անգամ որոշեց գնալ ոչ այն ճանապարհով, որով սովորաբար գնում էր։ Ճանապարհին նա հարևաններին հարցրեց, թե արդյոք այդ տարածքում ճանաչում են որևէ խուլ անհատի, և նրանք ցույց տվեցին մի տուն։ Այնտեղ նա հանդիպեց մի բարեհամբույր երիտասարդ կնոջ, որը դրականորեն արձագանքեց նրա հայտնած լուրին և ցանկություն հայտնեց ներկա լինելու ժեստերի լեզվով անցկացվող ժողովի հանդիպման։ Այդ տարածքում ապրող մարդիկ հարցրին Քրիստըլին, թե արդյոք չէր ցանկանա ծանոթանալ մեկ ուրիշ խուլ անհատի հետ։ Այդպիսով՝ նա հանդիպեց ևս մեկ խոնարհ մարդու, ով փնտրում էր ճշմարտությունը։ Թեև Քրիստըլը շատ անգամ էր այդ փողոցում քարոզել, բայց երբեք չէր հանդիպել այդ երկու խուլ անհատներին, որոնց հետ ծանոթացավ այդ առավոտ։ Նա համոզված է, որ առանց Եհովայի օգնության՝ ինքը երբեք չէր հանդիպի ճշմարտությամբ հետաքրքրվող այդ մարդկանց։

«Այս ելույթը ինձ համար էր»

Էմմանուելը, որն ապրում է Լիբերիայում, մեքենայով գնում էր Թագավորության սրահ՝ շաբաթավերջի հանդիպման։ Հանկարծ նա տեսավ կոկիկ հագնված մի մարդու, որը շատ շփոթված ու մտահոգ կանգնած էր ճանապարհի եզրին։ Էմմանուելը կանգնեցրեց մեքենան, որպեսզի տեսնի, թե արդյոք կարող է որևէ բանով օգնել նրան։ Նա իմացավ, որ այդ մարդու անունը Մովսես է, որ նախորդ գիշեր նրան թալանել են, և որ այժմ նա մտածում է ինքնասպանություն գործելու մասին։ Մովսեսին կարեկցանքով լսելուց հետո Էմմանուելն ասաց. «Խնդրում եմ, արի ինձ հետ Թագավորության սրահ»։ Նրանք երկուսով գնացին Սրահ։ Հանրային ելույթը լսելիս Մովսեսի աչքերից արցունքներ հոսեցին։ Ելույթից հետո նա բացականչեց. «Այս ելույթը ինձ համար էր։ Եհովայի վկաները յուրահատուկ մարդիկ են»։ Ժողովի հանդիպման վերջում Մովսեսը համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը և այժմ կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։

«Ես հեթանոս չեմ»

Ամինատան, որն ապրում է Գվինեա Բիսաուում, 15-ամյա աշակերտուհի է։ Երբ նա 13 տարեկան էր, նրա նկարչության ուսուցիչը մի օր երեխաներին հանձնարարեց նկարել դիմակներ և կառնավալի հետ կապված այլ պարագաներ։ Դրա փոխարեն՝ Ամինատան նկարեց մի տեսարան՝ կենդանիներով և բույսերով, ու նկարը վերնագրեց «Դրախտ»։ Երբ ուսուցիչը հավաքեց բոլորի նկարները, Ամինատային ասաց, որ նրա նկարածը չի համապատասխանում հանձնարարությանը, և նրան նշանակեց զրո։ Դասից հետո Ամինատան մոտեցավ ուսուցչին և հարցրեց. «Ովքե՞ր էին մասնակցում կառնավալներին»։

— Հեթանոսները,— պատասխանեց ուսուցիչը։

Ամինատան նկարում է «Դրախտը» (Գվինեա Բիսաու)

Ամինատան ասաց. «Ես հեթանոս չեմ։ Այդ պատճառով չեմ մասնակցում այդպիսի տոնախմբությունների։ Ես հավատում եմ, որ Աստված շուտով երկիրը դրախտ է դարձնելու, և հենց դա եմ նկարել»։ Ուսուցիչն ասաց, որ թույլ կտա նրան ուրիշ հանձնարարություն անել և պատասխանել գրավոր հարցերի։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Ամինատան 20 բալից հավաքեց 18-ը։

Այնքա՜ն շատ մարդ էր եկել

Մալավիի փոքր գյուղերից մեկում գործող մեկուսի մի խմբում ծառայում է յոթ քարոզիչ։ Նրանք ժողովի հանդիպումները անցկացնում են ձողերից, խոտերից և եղեգներից պատրաստված մի շինության մեջ։ Շրջանային վերակացուի այցից ոգևորված՝ այդ քարոզիչները մեծ նախանձախնդրությամբ սկսեցին մարդկանց հրավիրել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։ Այդ օրը հռետորը ներկայացրեց ելույթը ճրագների լույսի ներքո։ Նրա շուրջը ճշմարտությամբ հետաքրքրված այնքան շատ մարդ էր հավաքվել, որ նա հազիվ էր կարողանում շարժվել։ Ի՜նչ մեծ ուրախություն ապրեցին 7 քարոզիչները, երբ իմացան, որ Հիշատակի երեկոյին ներկա էր եղել 120 մարդ։

Հիշատակի երեկոյին ներկա եղավ 120 մարդ (Մալավի)

Գրքույկը օգնեց նրան ամուսնական կյանքում

Մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայությունը հաճախ այնպիսի օրհնություններ է բերում, որոնք անմիջապես տեսանելի չեն։ Տոգոյի մայրաքաղաք Լոմեում մի կին վարանելով մոտեցավ գրականության ցուցատախտակին և վերցրեց «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» գրքույկը։ Ցուցատախտակի մոտ կանգնած Վկաները նրա համար կարդացին Եփեսացիներ 5։3-ը և կարճ զրուցեցին այդ համարի շուրջ։ Հետո նրանք փոխանակեցին հեռախոսահամարները։ Երկու շաբաթ անց այդ կինը զանգահարեց և ասաց. «Ես բոլորովին չէի սիրում Եհովայի վկաներին։ Այնուամենայնիվ, կարդացի գրքույկը, և այն ինձ շատ դուր եկավ։ Այդ գրքույկն արդեն օգնել է ինձ լուծելու ամուսնական կյանքում ծագած որոշ խնդիրներ։ Ես դրանով նաև օգնել եմ երկու ամուսնական զույգի։ Վկաների մասին իմ կարծիքը սխալ էր։ Խնդրում եմ, եկեք մեր տուն և օգնեք ինձ ուսումնասիրելու Աստվածաշունչը»։ Դրանից հետո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց այդ կնոջ, նաև ամուսնական զույգերից մեկի հետ, ում նա օգնել էր։

Նա թարգմանեց գրքույկը

Էնկեսիեն փոքր քաղաք է Գանայում։ Գլխավոր փողոցի երկայնքով առևտրականները ցուցադրում են իրենց ապրանքը։ Սակայն դա չի խանգարում Վկաներին ամեն երկուշաբթի գրականության ցուցատախտակ դնել այնտեղ։ Մի անգամ, երբ Սամուել անունով մեր եղբայրը ցուցատախտակի մոտ վկայություն տվեց Ենոք անունով մի մարդու, վերջինս վերցրեց «Լսիր Աստծուն» գրքույկը և հարցրեց Սամուելին, թե արդյոք նրանք կուսաալ լեզվով գրականություն ունեն։

Նա թարգմանեց գրքույկը կուսաալ լեզվով (Գանա)

Սամուելը պատասխանեց. «Ցավոք սրտի, չունենք։ Բայց մեզ մոտ կա ֆրաֆրա լեզվով գրականություն»։ Ավելի ուշ հեռավոր հյուսիս մեկնելուց առաջ, որտեղ նա ապրում էր, Ենոքը գրականություն խնդրեց, որպեսզի տա իր հարազատներին։

Երբ նա վերադարձավ Էնկեսիե, գնաց Սամուելի մոտ և նրան թղթերի փոքրիկ կապոց տվեց։ Ենոքը թարգմանել էր «Լսիր Աստծուն» գրքույկը կուսաալ լեզվով։ Այժմ նա հաճախում է ժողովի հանդիպումներին և ուսումնասիրում է Աստվածաշունչը։