Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կոլումբիա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առաջնահերթությունը տրվում է համաշխարհային քարոզչական գործին

Առաջնահերթությունը տրվում է համաշխարհային քարոզչական գործին

2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 23-ին՝ չորեքշաբթի, Կառավարիչ մարմինը ողջ աշխարհի Բեթելի ընտանիքին տեղեկացրեց մի շարք կազմակերպչական փոփոխությունների մասին, որոնց նպատակն էր լավագույնս օգտագործել նվիրաբերված ֆինանսական միջոցները։ Այնուհետև 2015 թ. հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ, Կառավարիչ մարմնի կողմից արված հայտարարության մեջ հետևյալ բացատրությունը տրվեց. «Փիլիպպեցիներ 1։10-ում մեզ ասվում է, որ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր»։ Այս իմաստուն խորհրդին հետևելով՝ մենք [Կառավարիչ մարմինը] ցանկանում ենք առաջնահերթություն տալ այն գործերին, որոնք ամենից շատն են նպաստում Աստծու ժողովրդի հոգևոր բարօրությանը և համաշխարհային քարոզչական գործի առաջընթացին»։

Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ավելի ուշ մեր հեռարձակմամբ ասաց. «Կառավարիչ մարմինը այնքան լուրջ է տրամադրված Թագավորության շահերը դաշտում առաջ տանելու համար, որ որոշեց կրճատել մեր մասնաճյուղերում ծառայողների քանակը, որպեսզի ավելի շատ գումարներ կարողանանք տրամադրել դաշտում ընթացող աշխատանքներին։ Այդ կրճատումները տեղի ունեցան այն բանի շնորհիվ, որ, օրինակ, Բեթելի առօրյայի մի մասը կազմող շատ ծառայություններ պարզեցվեցին կամ հանվեցին»։

Ուստի 2015 թ. սեպտեմբերից մինչ օրս Բեթելի համաշխարհային ընտանիքի մոտ 5 500 անդամ վերադարձել է դաշտ։ Թեև մեծ փոփոխություններ են արվել, սակայն Եհովայի օրհնությունն ակնհայտ է, և թե՛ քարոզչական, թե՛ ուսուցանելու գործը նոր թափ են առել։

Մի ամուսնական զույգ, որը Շրի Լանկայի Բեթելից նշանակվեց ծառայելու դաշտում, այդ փոփոխությունը Եհովայի հանդեպ իր հավատը և նրա կազմակերպության հանդեպ իր վստահությունը դրսևորելու առիթ համարեց։ Ամուսինները գրեցին. «Մենք չգիտեինք, թե ինչ է մեզ սպասում։ Բայց համոզված էինք, որ Եհովան չի լքի մեզ։ Ուստի աղոթեցինք. «Եհո՛վա, խնդրում ենք, ինչ իրավիճակ էլ, որ լինի, օգնիր մեզ հարմարվելու, որպեսզի երկուսով կարողանանք ռահվիրա ծառայել»։ Առաջին ամսում ֆինանսական դժվարություններ ունեինք։ Սակայն զգում էինք Եհովայի սերն ու հոգատարությունը։ Այժմ կանոնավոր եկամուտ ունենք և կարողանում ենք փակել մեր ծախսերը։ Շատ զբաղված գրաֆիկ ունենք՝ տնային գործեր, աշխատանք, ռահվիրայություն։ Բայց Բեթելում ձեռք բերած փորձի շնորհիվ կարողանում ենք ճիշտ օգտագործել մեր ժամանակը։ Ուրիշ ոչինչ այդքան մեծ բավարարվածության զգացում չի տալիս, որքան մարդկանց ճշմարտությունը սովորեցնելը, և մենք երջանիկ ենք, որ կարողանում ենք դա անել՝ ռահվիրա ծառայելով»։

Կոլումբիայում դաշտ նշանակված բեթելցիներից մի քանիսը նոր լեզու են սովորել և հեռավոր վայրեր են տեղափոխվել, որպեսզի Թագավորության մասին լուրը քարոզեն մեկուսի տարածքներում։ Այդ եղբայրներն ու քույրերը օրհնություն են իրենց նոր ժողովների համար։ Մի շրջանային վերակացու հետևյալը գրեց մի ամուսնական զույգի մասին, որը նշանակվել է օգնելու իր շրջանում եղող ժողովներից մեկին. «Եղբայրներն ու քույրերը շատ թանկ են գնահատում նրանց օգնությունը։ Նրանք ավելի շատ են մասնակցում քարոզչական ծառայությանը, և տեղի եղբայրները կրթվում են, որ ժողովում տարբեր պատասխանատվություններ ստանձնեն»։ Բացի այդ, բազմաթիվ նախկին բեթելցիներ իրենց պատրաստակամությունն են հայտնել շաբաթը մեկ կամ մի քանի օր Բեթելում որպես ոչ լիաժամ համագործակից ծառայելու համար։

Մի եղբայր, որը Ճապոնիայի Բեթելում ծառայել է 31 տարի, նշանակվեց մի ժողով, որում ընդամենը երկու երեց կար։ Քանի որ այդ ժողովի անդամները պետք է մասնակցեին Թագավորության սրահի ձևափոխման աշխատանքներին, նա որոշեց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ուրիշ աշխատանք չծրագրել։ Սակայն վերանորոգման աշխատանքներից անմիջապես առաջ Կումամոտո շրջանում, որտեղ գտնվում էր նրա ժողովը, 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ եղավ։ Քանի որ այդ եղբայրը ոչ մի գործ չէր ծրագրել, նա կարողացավ կազմակերպել տուժածներին օգնելու, ինչպես նաև երկրաշարժից հետո նրանց հովվական այցելություններ անելու գործը։ Նա ասում է. «Հետ նայելով՝ հասկանում եմ, որ Եհովան ուղարկեց ինձ այնտեղ, որտեղ կարիքը շատ էր լինելու»։

Ավստրալասիայի մասնաճյուղում ծառայած Ֆիլն ու Շուգարը պատմում են. «Երբ Բեթելում մեր ծառայությունն ավարտվեց, մենք վճռեցինք շարունակել ապրել պարզ կյանքով։ Մենք աղոթում էինք՝ Եհովայից առաջնորդություն խնդրելով, որ օգնի մեզ ճիշտ որոշումներ կայացնելու, և օրհնի դրանք։ Մեր միակ ցանկությունն էր ծառայել այլ երկրում։ Եհովան օրհնեց մեր որոշումները և հարթեց մեր ուղին, որպեսզի կարողանանք մեր ամբողջ հոգով ծառայել նրան»։ Ֆիլն ու Շուգարը այժմ ծառայում են Ֆիլիպինների Դավաո նահանգի Սամալ կղզում գործող անգլիախոս խմբում, որտեղ 34 քարոզիչ և 9 ռահվիրա կա։ Նրանք ճշմարտությամբ հետաքրքրվող մոտ 120 մարդկանց հասցեներ ունեն, որոնց պետք է այցելեն։ «Բավարարվածություն պատճառող այնքա՜ն շատ գործ կա անելու։ Մենք ուրախ ենք, որ լիովին ապավինել ենք Եհովային։ Դրա շնորհիվ նրա հանդեպ մեր հավատն ու սերը մեծացել են»։

Նախկին բեթելցիները ջերմ ընդունելության են արժանանում իրենց նոր ժողովի կողմից (Զամբիա)

Ռուսաստանում բնակվող մի ամուրի քույր, որը Բեթելում ծառայելուց հետո հատուկ ռահվիրա է նշանակվել, ասում է. «Ռահվիրայական ծառայությունը հնարավորություն է տալիս ինձ լիարժեքորեն մասնակցելու Աստծու Թագավորության մասին քարոզելու այս ամենակարևոր գործին, որն այլևս չի կրկնվելու։ Ես մեծ ուրախություն եմ ստանում այն բանից, որ Եհովան ինձ օգտագործում է իր նպատակներն իրագործելու համար»։ Այժմ այդ քույրը Աստվածաշնչի վեց ուսումնասիրություն է անցկացնում Իրաքից, Նիգերիայից, Շրի Լանկայից, Սիրիայից և Զամբիայից եկած մարդկանց հետ։

Զամբիայի Բեթելի ընտանիքի շատ անդամներ այժմ ռահվիրա են ծառայում։ Նրանք մեծ թարմություն են ստանում այն բանից, որ կարող են ավելի շատ մասնակցել քարոզչական ծառայությանը։ «Բեթելից հեռանալուց կարճ ժամանակ անց ես ու կինս երկու անուսում անհատների սովորեցրինք կարդալ և գրել,— պատմում է Էնդրյուն։— Այն անհատներից մեկը, որի հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, տասը տարեկան տղա է և շուտով իր առաջին հանձնարարությունը կկատարի միջշաբաթյա հանդիպմանը։ Մի ամուսնական զույգ, որին վկայություն տվեցինք, ներկա եղավ Հիշատակի երեկոյին և այդ օրվանից ոչ մի հանդիպում բաց չի թողել։ Այդ ամուսինները հոգևորապես արագ առաջադիմում են։ Հասկանում ենք, որ այս ամենը անհնար կլիներ, եթե չհետևեինք Եհովայի առաջնորդությանը, չտեսնեինք նրա աջակցությունը և չսպասեինք նրա օրհնությանը»։

Էդսոնն ու Արթնեսը, որոնք նույնպես ապրում են Զամբիայում, մի քանի ամիս էր, ինչ ամուսնացած էին, երբ Բեթելից նշանակվեցին դաշտ։ Արթնեսն ասում է. «Բեթելում ձեռք բերած փորձը օգնեց մեզ խնայողաբար ծախսելու մեր սահմանափակ միջոցները ու միևնույն ժամանակ լինելու ուրախ և չկուտակելու պարտքեր։ Մենք չենք ափսոսում, որ ծառայել ենք Բեթելում։ Սովորել ենք, թե ինչպես մեր հոգևոր նպատակներում փոփոխություններ անել ու Եհովայի օգնությամբ հասնել դրանց։ Եհովայի հանդեպ մեր հավատը ամրացել է, և մենք պատրաստ ենք շարունակելու նվիրված մնալ նրան»։