Նախաբան
Աստվածաշունչը Աստծու ուղերձն է ողջ մարդկությանը: Մենք պետք է ուսումնասիրենք այն, որպեսզի ճանաչենք դրա Հեղինակին (Հովհաննես 17:3; 2 Տիմոթեոս 3:16): Աստվածաշնչի էջերում Եհովա Աստված բացահայտում է իր նպատակը մարդկանց և նրանց տան՝ երկիր մոլորակի առնչությամբ (Ծննդոց 3:15; Հայտնություն 21:3, 4):
Ուրիշ ոչ մի գիրք այնքան մեծ ազդեցություն չի թողնում մարդկանց կյանքի վրա, որքան Աստվածաշունչը: Այն ոգեշնչում է մեզ արտացոլելու Եհովայի սերը, գթասրտությունը, կարեկցանքը: Այս գիրքը հույս է տալիս, օգնում է դիմանալ անգամ ամենածանր տառապանքներին և հստակ ցույց է տալիս, թե այս աշխարհում ինչն է հակառակ Աստծու կամքին (Սաղմոս 119:105; Եբրայեցիներ 4:12; 1 Հովհաննես 2:15-17):
Աստծու Խոսքը սկզբնապես գրվել է եբրայերեն, արամերեն և հունարեն, իսկ հետագայում ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան 3 000 լեզուներով: Ողջ պատմության մեջ այն ամենաշատ թարգմանված ու ամենատարածված գիրքն է: Եվ դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Աստվածաշնչում մարգարեացվել էր. «Թագավորության մասին այս բարի լուրը [Աստվածաշնչի բուն ասելիքը] կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24:14):
Գիտակցելով աստվածաշնչյան պատգամի կարևորությունը՝ նպատակ ենք ունեցել ստանալ այնպիսի թարգմանություն, որը ոչ միայն հավատարիմ է բնագիր տեքստին, այլև հասկանալի է և դյուրընթեռնելի: Հավելված Ա-ի՝ «Աստվածաշնչի թարգմանության սկզբունքները», «Վերանայված թարգմանության առանձնահատկությունները», «Ինչպե՞ս է Աստվածաշունչը հասել մեզ» հոդվածներում բացատրվում է, թե ինչ սկզբունքների հիման վրա է կատարվել վերանայումը, և լեզվական ինչ բարելավումներ են արվել այս հրատարակության մեջ:
Եհովա Աստծուն սիրող ու երկրպագող մարդիկ ցանկանում են ունենալ նրա Խոսքի ճշգրիտ և հասկանալի թարգմանություն (1 Տիմոթեոս 2:4): Ուստի մենք ամեն ինչ անում ենք, որ այս վերանայված հրատարակությունը թարգմանվի հնարավորինս շատ լեզուներով: Եվ հիմա այն մատչելի է նաև հայերենով: Հույսով լի աղոթում ենք, որ դուք, սիրելի՛ ընթերցողներ, օգուտներ քաղեք այս հրատարակությունից, մինչ շարունակում եք ջանքեր գործադրել, որ «փնտրեք [Աստծուն].... ու գտնեք» նրան (Գործեր 17:27):
Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտե