Գործեր 11։1-30
11 Հրեաստանում գտնվող եղբայրներն ու առաքյալները լսեցին, որ այլազգի մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը:
2 Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության կողմնակիցները+ սկսեցին քննադատել նրան՝*
3 ասելով. «Դու մտել ես անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց ես կերել»:
4 Պետրոսն էլ սկսեց մանրամասնորեն պատմել ամեն բան.
5 «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. կտավե մեծ կտորի պես մի բան,* չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից և հասավ մինչև ինձ:+
6 Ես ուշադիր դրա մեջ նայեցի ու տեսա չորքոտանի կենդանիներ, գազաններ, սողուններ ու երկնքի թռչուններ:
7 Նաև մի ձայն լսեցի. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»:
8 Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան բերանս չեմ առել»:
9 Երկնքից երկրորդ անգամ լսեցի այդ ձայնը, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»:
10 Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ երկինք բարձրացվեց:
11 Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք մնում էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել:+
12 Ոգին ինձ ասաց, որ առանց երկմտելու նրանց հետ գնամ: Այս վեց եղբայրները նույնպես եկան ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն:
13 Նա մեզ պատմեց, որ իր տանը տեսել է մի հրեշտակի, որն ասել է. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+
14 և նա քեզ կպատմի, թե դու և քո ընտանիքը ինչպես կարող եք փրկվել»:
15 Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ սկզբում մեզ վրա էր իջել:+
16 Եվ ես հիշեցի Տիրոջ խոսքերը. «Հովհաննեսը ջրով մկրտեց,+ բայց դուք սուրբ ոգով եք մկրտվելու»:+
17 Ուրեմն եթե Աստված այն պարգևը, որը տվել էր մեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներիս, տվեց նաև նրանց, ո՞վ էի ես, որ խանգարեի Աստծուն»:+
18 Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին Պետրոսի հետ և փառաբանեցին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց նույնպես զղջալու հնարավորություն է տվել, որպեսզի կյանք ստանան»:+
19 Նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը+ հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել և հասել էին մինչև Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք, քարոզում էին միայն հրեաներին:+
20 Այնուամենայնիվ, Կիպրոսից և Կյուրենիայից ոմանք եկան Անտիոք ու սկսեցին Տեր Հիսուսի մասին բարի լուրը քարոզել հունախոսներին:
21 Եհովան* նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը և նրա հետևորդները դարձան:+
22 Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմի ժողովին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք:
23 Երբ նա եկավ ու տեսավ, թե Աստված ինչպես է անզուգական բարություն դրսևորել աշակերտների հանդեպ, ուրախացավ: Բառնաբասը սկսեց քաջալերել բոլորին, որ շարունակեն ամբողջ սրտով նվիրված մնալ Տիրոջը,+
24 քանի որ բարի մարդ էր, մեծ հավատ ուներ և լցված էր սուրբ ոգով: Եվ մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը:+
25 Հետո նա գնաց Տարսոն, որպեսզի Սողոսին փնտրի,+
26 ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք: Մի ամբողջ տարի նրանք աշակերտների հետ հավաքվում էին ժողովում և ուսուցանում էին շատերին: Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները Աստծու կամքով քրիստոնյաներ կոչվեցին:+
27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ եկան Անտիոք:
28 Նրանցից մեկը, որի անունը Ագաբոս էր,+ ոգու առաջնորդությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ողջ երկրում,+ ինչը եղավ Կլավդիոսի օրերում:
29 Ուստի աշակերտները որոշեցին օգնություն ուղարկել+ Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:+
30 Նրանք այդպես էլ արեցին. Բառնաբասի ու Սողոսի միջոցով այն ուղարկեցին երեցներին:+