Ծննդոց 50։1-26
50 Հովսեփը լաց լինելով ընկավ հոր վրա+ ու համբուրեց նրան:
2 Հետո բժիշկներին՝ իր ծառաներին, հրամայեց զմռսել+ իր հորը: Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին:
3 Դրա համար նրանցից պահանջվեց 40 լրիվ օր, որովհետև զմռսելը այդքան է տևում: Եգիպտացիները 70 օր լաց եղան նրա համար:
4 Երբ սգի օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի արքունի պաշտոնյաների* հետ ու ասաց. «Խնդրում եմ, ինձ բարություն արեք և փարավոնին հաղորդեք այս խոսքերը.
5 «Հայրս ինձ երդվել տվեց՝+ ասելով. «Ես մահանում եմ:+ Ինձ թաղիր այն գերեզմանում,+ որ ինձ համար փորել եմ քարայրի մեջ՝ Քանանում»:+ Ուստի խնդրում եմ, թույլ տուր, որ գնամ ու թաղեմ հորս, այնուհետև կվերադառնամ»»:
6 Փարավոնն ասաց. «Գնա և թաղիր հորդ, ինչպես որ նա քեզ երդվել է տվել»:+
7 Հովսեփը գնաց իր հորը թաղելու: Նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, արքունիքի ավագանին+ ու Եգիպտոսի բոլոր ավագները:
8 Նաև գնացին Հովսեփի բոլոր տնեցիները, նրա եղբայրները և իր հոր տան բոլոր մարդիկ:+ Գեսեմ երկրում թողեցին միայն փոքր երեխաներին և հոտերն ու նախիրները:
9 Հովսեփին ուղեկցում էին նաև կառքեր+ ու ձիավորներ: Այդպես մի մեծ թափոր կազմվեց:
10 Նրանք հասան Ատադ կոչվող կալը,* որը գտնվում է Հորդանանի մոտ, և այնտեղ շատ մեծ ու դառնագին ողբ արեցին: Հովսեփը յոթ օր շարունակ ողբաց իր հոր համար:
11 Այդ երկրի բնակիչները՝ քանանացիները, տեսնելով Ատադ կալում նրանց բարձրացրած ողբը, բացականչեցին. «Եգիպտացիները մե՜ծ սգի մեջ են»: Դա է պատճառը, որ Հորդանանի շրջանում գտնվող այդ վայրը Աբել-Միսրայիմ* կոչվեց:
12 Հակոբի որդիները ճշգրտությամբ արեցին իրենց հոր ասածը:+
13 Նրան տարան Քանան ու թաղեցին Մաքփելայի արտի քարայրում՝ այն արտում, որը Մամբրեի դիմացն է, և որն Աբրահամը քետացի Եփրոնից գնել էր որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+
14 Հորը թաղելուց հետո Հովսեփն իր եղբայրների և իրեն ուղեկցող մյուս բոլոր մարդկանց հետ վերադարձավ Եգիպտոս:
15 Հովսեփի եղբայրները իրենց հոր մահից հետո ասացին իրար. «Հնարավոր է՝ Հովսեփը ոխ է պահում մեր դեմ: Նա մեզ հաստատ կհատուցի այն ողջ չարիքի դիմաց, որ արել ենք իրեն»:+
16 Ուստի նրանք Հովսեփին այս խոսքերը հաղորդեցին. «Հայրդ մեռնելուց առաջ պատվիրեց.
17 «Հովսեփին ասեք. «Աղաչում եմ, ներիր եղբայրներիդ հանցանքը՝ այն մեղքը, որ նրանք գործեցին՝ այդպիսի չարիք անելով քեզ»»: Եվ հիմա խնդրում ենք, որ ներես մեր հանցանքը՝ քո հոր Աստծու ծառաների»: Այդ խոսքերը լսելով՝ Հովսեփը լաց եղավ:
18 Հետո նրա եղբայրները եկան, ծնկի գալով խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Մենք քո ծառաներն ենք»:+
19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. մի՞թե ես Աստված եմ:
20 Թեև դուք մտադրվել էիք չարիք անել ինձ,+ բայց Աստված որոշեց բարիքի վերածել այն և շատ մարդկանց կյանքեր փրկել, ինչպես որ անում է հիմա:+
21 Այնպես որ մի՛ վախեցեք: Ես ձեզ ու ձեր երեխաներին սննդով կապահովեմ»:+ Այդպես նա մխիթարեց նրանց և հանգստացրեց իր խոսքերով:
22 Հովսեփը շարունակեց ապրել Եգիպտոսում, ինչպես նա, այնպես էլ իր հոր տունը: Նա 110 տարի ապրեց:
23 Հովսեփը տեսավ Եփրեմի թոռներին՝+ երրորդ սերունդը, ինչպես նաև Մանասեի որդու՝ Մաքիրի+ որդիներին: Նրանք Հովսեփի ծնկներին մեծացան:*
24 Մահվան շեմին նա իր եղբայրներին* ասաց. «Ես մահանում եմ, բայց Աստված, անկասկած, ուշադրություն կդարձնի ձեզ.+ նա կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որի համար երդում է տվել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»:+
25 Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել տվեց՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+
26 Հովսեփը մահացավ 110 տարեկանում Եգիպտոսում, և նրան զմռսեցին+ ու դագաղի մեջ դրեցին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «փարավոնի տնեցիների»:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Նշանակում է «եգիպտացիների սուգ»:
^ Բռց.՝ «Հովսեփի ծնկների վրա ծնվեցին»: Այսինքն՝ նրանք որդիների պես էին և հատուկ վերաբերմունքի էին արժանանում:
^ Ըստ ամենայնի, խոսքը ոչ միայն Հովսեփի հարազատ եղբայրների մասին է, այլև ազգականների: