Ղուկաս 17։1-37
17 Ապա Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Անխուսափելիորեն կլինեն պատճառներ, որ մարդկանց կդրդեն հետ կանգնել հավատից:* Բայց վա՜յ նրան, ում միջոցով դրանք ի հայտ կգան:
2 Ավելի լավ է, որ նրա վզից մի մեծ աղացքար կախեն ու ծովը նետեն, քան թե նա պատճառ լինի, որ այս խոնարհամիտ մարդկանցից* մեկը սայթաքի:+
3 Ուստի ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: Եթե ձեր եղբայրը մեղք գործի ձեր դեմ, լրջորեն խրատեք նրան+ և, եթե զղջա, ներեք:+
4 Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի ձեր դեմ և յոթ անգամն էլ գա ու ասի՝ զղջում եմ, ներեք նրան»:+
5 Առաքյալներն ասացին Տիրոջը. «Օգնիր, որ ավելի շատ հավատ ունենանք»:+
6 Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «Արմատախիլ եղիր ու ծովի մեջ տնկվիր», և այդպես էլ կլինի:+
7 Եթե որևէ մեկիդ ծառան* հողը հերկելուց կամ հոտը հովվելուց հետո դաշտից վերադառնա, մի՞թե կասեք նրան. «Դե շուտ եկ սեղան նստիր»:
8 Չե՞ք ասի. «Ընթրիք պատրաստիր, ապա գոգնոցդ կապիր ու սպասարկիր ինձ, մինչև վերջացնեմ ուտելս ու խմելս: Հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»:
9 Մի՞թե նրան շնորհակալ կլինեք իր պարտականությունները կատարելու համար:
10 Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված ամեն բան անեք, ասեք. «Մենք անարժան ծառաներ ենք: Պարզապես արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել»»:+
11 Երուսաղեմ գնալու ճանապարհին, երբ Հիսուսն անցնում էր Սամարիայի ու Գալիլեայի միջև ընկած սահմանով,
12 մտավ մի գյուղ: Այնտեղ նրան տեսան բորոտությամբ հիվանդ տասը մարդիկ: Հեռվում կանգնած՝+
13 նրանք բարձր ձայնով բղավեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, խղճա՛ մեզ»:
14 Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասաց. «Գնացեք և ներկայացեք քահանաներին»:+ Նրանք էլ գնացին ու ճանապարհին բուժվեցին:+
15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բուժվեց, Աստծուն բարձր ձայնով փառաբանելով՝ վերադարձավ,
16 ծնկի եկավ Հիսուսի առաջ, մինչև գետին խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց: Ընդ որում՝ այդ մարդը սամարացի էր:+
17 Հիսուսն ասաց. «Չէ՞ որ բոլոր տասն էլ բուժվել են: Այդ դեպքում որտե՞ղ են մյուս ինը հոգին:
18 Այս այլազգի մարդուց բացի՝ ուրիշ ոչ մեկը հետ չդարձա՞վ, որ փառք տա Աստծուն»:
19 Ապա դիմելով այդ մարդուն՝ ասաց. «Վեր կաց գնա. քո հավատը բուժեց քեզ»:+
20 Փարիսեցիները Հիսուսին հարցրին, թե երբ է գալու Աստծու թագավորությունը:+ Նա պատասխանեց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գալու,
21 և մարդիկ չեն ասելու՝ «Ահա այստե՛ղ է», կամ՝ «Այնտե՛ղ է»: Աստծու թագավորությունը ձեր մեջ* է»:+
22 Ապա իր աշակերտներին ասաց. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել այնպիսի մի ժամանակ, որ մարդու Որդին ձեզ հետ լինի, բայց չեք տեսնի:
23 Եվ մարդիկ կասեն ձեզ՝ «Նա այնտե՛ղ է», կամ՝ «Այստե՛ղ է»: Մի՛ գնացեք ու մի՛ հետևեք նրանց:+
24 Չէ՞ որ երբ գա մարդու Որդու+ օրը, դա նման կլինի կայծակի փայլատակման, որ ծայրից ծայր լուսավորում է երկինքը:+
25 Բայց նախ նա պետք է շատ չարչարանքներ կրի ու մերժվի այս սերնդի կողմից:+
26 Ինչպես Նոյի օրերում էր,+ այդպես էլ կլինի մարդու Որդու օրերում:+
27 Նոյի օրերում մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,+ և Ջրհեղեղը եկավ ու կործանեց բոլորին:+
28 Այդպես եղավ նաև Ղովտի օրերում.+ մարդիկ ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին,
29 իսկ այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց բոլորին:+
30 Նույնը կլինի նաև այն օրը, երբ մարդու Որդին հայտնվի:+
31 Այդ օրը նա, ով տանիքում է, թող ցած չիջնի՝ տնից իր ունեցածը վերցնելու, և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր թողած բաները վերցնելու:
32 Հիշեք Ղովտի կնոջը:+
33 Ով ուզում է պահպանել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը, կպահպանի այն:+
34 Ասում եմ ձեզ. այդ գիշեր անկողնում պառկած երկու հոգուց մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:+
35 Նույն երկանքով* աղացող երկու կանանցից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»:
36 ....*
37 Նրանք հարցրին. «Որտե՞ղ, Տե՛ր»: Նա էլ ասաց. «Արծիվները կհավաքվեն այնտեղ, որտեղ դիակը կլինի»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «մարդկանց մեղքի կդրդեն»: Բռց.՝ «մարդկանց կսայթաքեցնեն»:
^ Բռց.՝ «փոքրերից»:
^ Բռց.՝ «ստրուկը»:
^ Կամ՝ «միջև»:
^ Կամ՝ «հոգին»:
^ Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
^ Տես հավելված Ա3: