2 Թեսաղոնիկեցիներ 1։1-12

  • Ողջույնի խոսքեր (1, 2)

  • Թեսաղոնիկեցիների հավատը ավելի ու ավելի է ամրանում (3-5)

  • Չհնազանդվողները կպատժվեն (6-10)

  • Աղոթք ժողովի համար (11, 12)

1  Ես՝ Պողոսս, գրում եմ Թեսաղոնիկեի ժողովին, որը միավորված է Աստծու՝ մեր Հոր, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ինձ հետ են նաև Սիլվանոսը* և Տիմոթեոսը:+  Թող Աստված՝ Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:  Եղբայրնե՛ր, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար: Եվ դա տեղին է, որովհետև ձեր հավատը ավելի ու ավելի է ամրանում, և միմյանց հանդեպ ձեր սերը մեծանում է:+  Դրա համար էլ մենք ձեր մասին հպարտությամբ ենք խոսում+ Աստծու ժողովներում՝ պատմելով, թե ձեր բոլոր հալածանքների ու դժվարությունների ներքո ինչ դիմացկունություն ու հավատ եք դրսևորում:+  Այդ ամենը փաստում է, որ Աստված արդարացի է դատում, քանի որ ձեզ արժանի է համարում մտնելու իր թագավորություն, որի համար տառապանքներ եք կրում:+  Եվ Աստված արդարացի կդատի, երբ ձեզ նեղություն պատճառողներին հատուցի:*+  Իսկ ձեզ՝ նեղություն կրողներիդ, ինչպես նաև մեզ թեթևացում կբերի Տեր Հիսուսի հայտնվելու* ժամանակ,+ երբ նա երկնքից գա իր զորավոր հրեշտակների հետ+  բոցավառ կրակով, որ պատժի* նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին:+  Այդպիսիները կդատապարտվեն հավիտենական կործանման,+ կչքվեն Տիրոջ աչքից և այլևս չեն տեսնի նրա փառահեղ զորությունը: 10  Դա կլինի այն ժամանակ, երբ մեր Տերը գա, որ փառավորվի իր սրբերի* հետ, և այդ օրը բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորել նրա հանդեպ, կհիանան նրանով: Դուք էլ կլինեք նրանց թվում, քանի որ հավատացիք այն ամենին, ինչ հայտնեցինք ձեզ: 11  Ահա թե ինչու մենք միշտ աղոթում ենք ձեզ համար և խնդրում մեր Աստծուն, որ ձեզ արժանի համարի այն կյանքին, ինչի համար կանչել է,+ իր զորությամբ լիովին իրագործի ամեն լավ բան, որ ուզում է անել ձեզ համար, և հավատից մղված ձեր գործերը հաջողությամբ պսակի: 12  Այդպիսով մեր Տեր Հիսուսի անունը կփառավորվի ձեր միջոցով, և նրա հետ միավորված լինելով՝ դուք էլ կփառավորվեք մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության շնորհիվ:

Ծանոթագրություններ

Հայտնի է նաև որպես Շիղա:
Բռց.՝ «նեղությամբ հատուցի»:
Բռց.՝ «հայտնության»:
Բռց.՝ «վրեժ առնի»:
Բառարանում տես «Սրբեր»: