Երկրորդ Օրենք 5։1-33
5 Մովսեսն իր մոտ կանչեց ամբողջ Իսրայելին ու ասաց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ այսօր փոխանցում եմ քեզ: Սովորիր դրանք ու ճշգրտորեն կատարիր:
2 Մեր Աստված Եհովան ուխտ կապեց մեզ հետ Քորեբի մոտ:+
3 Եհովան այդ ուխտը կապեց ոչ թե մեր նախահայրերի հետ, այլ մեզ բոլորիս հետ, որ ողջ ենք և այսօր այստեղ ենք:
4 Լեռան վրա Եհովան կրակի միջից դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ:+
5 Բայց քանի որ դուք վախեցաք կրակից ու չբարձրացաք լեռը,+ ես կանգնեցի Եհովայի ու ձեր միջև,+ որ ձեզ հայտնեմ Եհովայի խոսքը: Այդ ժամանակ Աստված այս խոսքերն ասաց.
6 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+
7 Ինձնից բացի՝* երբեք ուրիշ աստվածներ չունենաս:+
8 Քեզ համար կուռք չպատրաստես+ և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի:
9 Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ+ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը,*+
10 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:
11 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+
12 Պահիր Շաբաթը, սուրբ համարիր այն, ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ:+
13 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+
14 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին:+ Ոչ մի գործ չանես,+ ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ ու ստրկուհիդ, ո՛չ ցուլդ, էշդ կամ քո որևէ այլ ընտանի կենդանին և ո՛չ էլ ձեր քաղաքներում ապրող պանդուխտը:+ Քո ստրուկն ու ստրկուհին էլ պետք է հանգստանան, ինչպես որ դու:+
15 Հիշիր, որ դու ստրուկ դարձար Եգիպտոսում, և քո Աստված Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով հանեց քեզ այնտեղից:+ Ահա թե ինչու քո Աստված Եհովան պատվիրեց քեզ պահել Շաբաթը:
16 Պատվիր քո հորն ու մորը,+ ինչպես որ քո Աստված Եհովան պատվիրել է քեզ, որպեսզի երկար, ծաղկուն կյանք ունենաս* այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+
17 Մի՛ սպանիր:+
18 Մի՛ շնացիր:*+
19 Մի՛ գողացիր:+
20 Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+
21 Ուրիշի կնոջը մի՛ ցանկացիր:+ Մի՛ փափագիր տիրանալ որևէ մեկի տանը, արտին, ստրուկին, ստրկուհուն, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+
22 Եհովան լեռան վրա կրակի, ամպի ու թանձր խավարի միջից+ ահեղ ձայնով խոսեց ու ձեզ՝ հավաքվածներիդ, հաղորդեց այս պատվիրանները* ու ոչինչ չավելացրեց դրանց: Հետո նա դրանք գրեց երկու քարե տախտակների վրա և ինձ տվեց:+
23 Երբ դուք լսեցիք խավարի միջից հնչող ձայնը, մինչ լեռը բռնկված էր կրակով,+ ձեր ցեղերի բոլոր գլուխներն ու երեցները մոտեցան ինձ:
24 Նրանք ասացին. «Ահա մեր Աստված Եհովան ցույց տվեց մեզ իր փառքն ու զորությունը, և մենք լսեցինք կրակի միջից հնչող նրա ձայնը:+ Այսօր մենք տեսանք, որ հնարավոր է, որ Աստված խոսի մարդու հետ, ու մարդը ողջ մնա:+
25 Բայց հիմա ինչո՞ւ վտանգենք մեր կյանքը. այս մեծ կրակը կլափի մեզ: Եթե շարունակենք լսել մեր Աստված Եհովայի ձայնը, անշուշտ կմեռնենք:
26 Ի վերջո, ո՞ր մի մարդն է մեզ պես լսել կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը ու ողջ մնացել:
27 Դո՛ւ մոտեցիր ու լսիր այն ամենը, ինչ մեր Աստված Եհովան կասի: Հետո մեզ կհայտնես մեր Աստված Եհովայի բոլոր ասածները, և մենք կլսենք ու կկատարենք»:+
28 Եհովան լսեց ձեր խոսքերը: Եհովան ինձ ասաց. «Ես լսեցի, թե այս ժողովուրդն ինչ ասաց քեզ: Նրանք լավ բան են ասում:+
29 Երանի՜ թե նրանց սիրտը միշտ մղի իրենց վախենալ ինձանից+ ու պահել իմ բոլոր պատվիրանները:+ Այդ դեպքում նրանք էլ, իրենց որդիներն էլ հավիտյան բարիք կտեսնեն:+
30 Գնա ու ասա նրանց, որ վերադառնան իրենց վրանները:
31 Իսկ դու մնա այստեղ՝ ինձ մոտ, որ քեզ հայտնեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու օրենքները, որոնք պետք է սովորեցնես նրանց, և որոնք նրանք պետք է պահեն այն երկրում, որը ես տալու եմ նրանց»:
32 Ուրեմն հիմա բարեխղճորեն արեք այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ:+ Աջ կամ ձախ չշեղվեք:+
33 Գնացեք ձեր Աստված Եհովայի ցույց տված ճանապարհով,+ որ երկար, ծաղկուն կյանք ունենաք այն երկրում, որին տիրանալու եք»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»: Բռց.՝ «Երեսիս դեմ»:
^ Կամ՝ «ու թույլ չտաս, որ քեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:
^ Կամ՝ «և հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:
^ Բռց.՝ «մեկնած»:
^ Կամ՝ «որպեսզի քեզ լավ լինի»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Կամ՝ «Դրացուդ»:
^ Բռց.՝ «խոսքերը»: