Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՐԻՆԱ ԿԱՊԱՐԵԼԼԻ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Չնայած ամաչկոտությանս՝ նորից կանեի այդ ամենը

Չնայած ամաչկոտությանս՝ նորից կանեի այդ ամենը

Ես միշտ ամաչկոտ եմ եղել։ Այդ իսկ պատճառով չեմ կարողանում ծիծաղս զսպել, երբ հիշում եմ ծառայության մեջ ինձ հետ պատահած հետաքրքիր արկածները։

 Ծնվել եմ 1934 թ. Պեսկարայում՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող մի քաղաքում (Իտալիա)։ Ծնողներիս չորս դուստրերից ամենակրտսերն էի: Հայրս մեր անունները ընտրել էր այբբենական կարգով՝ «ա»-ից «դ»։ Դրա համար իմ անունը «դ»-ով է սկսվում։

 Հայրս միշտ հետաքրքրված է եղել հոգևոր բաներով։ Նա Եհովայի վկաներին առաջին անգամ հանդիպել է 1943 թ. հուլիսին, երբ Լիբերատո Ռիչի անունով մի մարդ, ով ուսումնասիրում էր Վկաների հետ, խոսեց նրա հետ Աստվածաշնչի մասին և տվեց «Դիտարանի» մեկ օրինակ։ Շատ չանցած՝ հայրս սկսեց նախանձախնդրորեն խոսել ուրիշների հետ այն բաների մասին, որ սովորում էր: Մայրս նույնպես ընդունեց ճշմարտությունը։ Թեև նա կարդալ չգիտեր, սակայն ուրիշներին պատմում էր իր նոր հույսի մասին և աստվածաշնչյան համարներ էր մեջբերում, որոնք անգիր էր արել։

 Մեր փոքրիկ տունը դարձել էր մեր գործունեության կենտրոնը։ Այնտեղ մենք ժողովի հանդիպումներն էինք անցկացնում։ Եվ չնայած ունեինք ընդամենը երկու ննջասենյակ՝ մեր հարկի տակ հյուրընկալում էինք շրջագայող վերակացուներին և ռահվիրաներին։

 Երկու ավագ քույրերս այնքան էլ չէին հետաքրքրվում ճշմարտությամբ, ուստի թողեցին հայրական տունն ու ամուսնացան։ Իսկ ես և մյուս քույրս՝ Սեզիրան, սիրում էինք լսել, թե ինչպես է հայրս Աստվածաշունչ կարդում։ Նաև շատ էինք սիրում մեր փոքր խումբ այցելող եղբայրների քաջալերական ելույթները։

 Ես հաճախ էի հորս և մյուսների հետ գնում ծառայության, բայց այնքան ամաչկոտ էի, որ ինձնից ամիսներ պահանջվեցին, որ քաջություն ձեռք բերեմ ու տանտիրոջը որևէ բան ասեմ։ Այնուամենայնիվ, իմ սերը Եհովայի հանդեպ աճեց և 1950 թ. հուլիսին մկրտվեցի։ Մի եղբայր մեր տանը ներկայացրեց մկրտության ելույթը, իսկ հետո գնացինք ծով՝ մկրտվելու։ Հաջորդ տարի մեզ մոտ նշանակվեց մի ամուսնական զույգ, որը ծառայում էր որպես հատուկ ռահվիրա. հաճախ էի գնում նրանց հետ քարոզելու։ Որքան շատ ժամանակ էի անցկացնում ծառայության մեջ, այնքան ավելի հեշտ էր լինում մարդկանց հետ խոսելը։ Եհովային ծառայելու այս առանձնաշնորհումը շատ սիրեցի։

Որոշում, որը փոխեց կյանքս

 Մեր առաջին շրջանային վերակացուն Պիերո Գատտին էր։ a Նա քաջալերեց ինձ, որ ռահվիրայություն սկսեմ և տեղափոխվեմ այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Տեղափոխվելու մասին երբեք չէի մտածել, քանի որ մեզ մոտ ընդունված է, որ աղջիկները մինչև ամուսնանալը ապրեն ծնողների հետ։ 1952 թ. մարտին ռահվիրայություն սկսեցի։ Այդ ժամանակ չէի հասկանում, թե այդ որոշումն ինչպես է արմատապես փոխելու կյանքս։

 Այդ ընթացքում Աննա անունով մի երիտասարդ քույր նույնպես ցանկացավ ռահվիրայություն սկսել։ Նա տեղափոխվեց մեր տուն, որպեսզի միասին գնանք քարոզելու։ 1954 թ.-ին երկուսով նշանակվեցինք հատուկ ռահվիրա 250 կմ (155 մղոն) հեռավորության վրա գտնվող Պերուջա քաղաքում։ Այնտեղ Վկաներ չկային։

Աննան, հայրս և ես՝ նախքան Պերուջա մեկնելը

 Սա մեծ փոփոխություն էր իմ կյանքում: Ես 20 տարեկան էի և իմ քաղաքից դուրս էի գալիս միայն ծնողներիս հետ համաժողով գնալու նպատակով։ Ինձ թվում էր, թե գնում եմ աշխարհի մյուս ծայրը։ Հայրս մի փոքր անհանգիստ էր, որ ես ու Աննան պետք է մենակ ապրեինք, ուստի մեզ հետ եկավ, որ օգնի կացարան գտնենք։ Մենք վարձեցինք մի սենյակ, որը կարող էինք օգտագործել նաև որպես Թագավորության սրահ։ Սկզբում, սակայն, միայն մենք էինք ներկա լինում հանդիպումներին: Այդուհանդերձ, Պերուջայում և մոտակա քաղաքներում ու գյուղերում մենք շարունակում էինք հաճույքով քարոզել, ինչը ժամանակի ընթացքում տվեց իր պտուղները։ Մոտ մեկ տարի անց մի եղբայր տեղափոխվեց Պերուջա, և նա սկսեց հանդիպումները անցկացնել։ Երբ 1957 թ.-ին նոր նշանակում ստացանք, Պերուջայում արդեն փոքր ժողով էր գործում։

Շրջանային վերակացուի կնոջ և Աննայի հետ՝ Պերուջայի Մաջիորե շատրվանի մոտ (1954)

 Մեր հաջորդ նշանակումը կենտրոնական Իտալիայում գտնվող Տեռնի փոքրիկ քաղաքն էր։ Մեծ ոգևորությամբ էինք քարոզում այդ քաղաքում, քանի որ այնտեղ արդեն շատ հետաքրքրվողներ կային։ Սակայն դժվարություններ էլ ունեցանք։ Թեև ֆաշիստական ռեժիմը ավարտվել էր 1943 թ.-ին, բայց իշխանություններն ամեն ինչ անում էին, որ թույլ չտան Եհովայի վկաներին բարի լուրը քարոզել։ Տնետուն քարոզելու համար նրանք մեզանից արտոնագիր էին պահանջում։

 Եհովայի վկաների համար սովորական բան էր դարձել ոստիկանության կողմից հետապնդվելը։ Երբեմն՝ ոչ միշտ, կարողանում էինք խույս տալ նրանցից՝ ամբոխին ձուլվելով։ Ինձ երկու անգամ ձերբակալել են։ Առաջինը շրջանային վերակացուի հետ ծառայության ժամանակ էր, երբ ոստիկանությունը մեզ բռնեց ու տարավ բաժանմունք։ Մենք մեղադրվեցինք առանց թույլտվության քարոզելու մեջ և տուգանվեցինք։ Սակայն հրաժարվեցինք տուգանքը վճարելուց, քանի որ ոչ մի օրենք չէինք խախտել։ Սիրտս այնքան արագ էր բաբախում, որ գրեթե հնարավոր էր ձայնը լսել։ Այնքան երախտապարտ էի Եհովային, որ մենակ չէի։ Այդ պահին միտքս եկավ Եսայիա 41։13-րդ համարը. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ Մեզ ազատ արձակեցին, ու երբ գործն ուղարկվեց դատարան, դատավորը փակեց այն։ Իմ երկրորդ ձերբակալությունը վեց ամիս անց էր, այդ ժամանակ մենակ էի։ Ինձ նորից ազատ արձակեցին։

Եհովային ծառայելու ավելի շատ հնարավորություններ

 1954 թ.-ին Իտալիայի հարավում՝ Նեապոլում, համաժողով տեղի ունեցավ, ինչի համար անչափ ուրախ էի։ Նեապոլ ժամանելուց հետո կամավորագրվեցի համաժողովի տարածքի մաքրության գործում։ Ինձ հանձնարարեցին մաքրել բեմի մոտակայքը։ Այնտեղ նկատեցի մի գեղեցկադեմ երիտասարդի, որի անունը Անտոնիո Կապարելլի էր։ Նա ռահվիրա էր ծառայում Լիբիայում։ Նրա ընտանիքը Իտալիայից Լիբիա էր տեղափոխվել 1930-ականների վերջերին։

Անտոնիոն՝ իր մոտոցիկլետի կողքին, որը նա վարում էր Լիբիայում

Մեր ամուսնության օրը

 Անտոնիոն եռանդուն էր և քաջ։ Նա իր մոտոցիկլետով ճամփորդել էր Լբիայի անապատով, որպեսզի քարոզեր այնտեղ ապրող իտալացիներին։ Ժամանակ առ ժամանակ մենք նամակներ էինք գրում իրար։ Սակայն 1959 թ. սկզբներին նա վերադարձավ Իտալիա, մի քանի ամիս եղավ Հռոմի Բեթելում, իսկ հետո հատուկ ռահվիրա նշանակվեց կենտրոնական Իտալիայի Վիտերբո քաղաք։ Մեր զգացմունքները գնալով խորացան, ու 1959 թ. սեպտեմբերին ամուսնացանք։ Մենք շարունակեցինք մեր ծառայությունը Վիտերբոյում։

 Մեզ մնալու և հանդիպումներ անցկացնելու մի վայր էր հարկավոր։ Ի վերջո շենքի առաջին հարկում մի սենյակ վարձեցինք, որը նման էր փոքրիկ խանութի՝ հետնամասում նեղլիկ լոգարանով: Մեր մահճակալը դրեցինք անկյունում և վարագույրով փակեցինք։ Դա մեր ննջասենյակը դարձավ։ Մնացածը բնակելի տարածքն էր կամ Թագավորության սրահը՝ կախված շաբաթվա օրվանից։ Այդ սենյակը իդեալական չէր, ես այնտեղ մենակ չէի ապրի, սակայն քանի որ ես ու Անտոնիոն միասին էինք, երջանիկ էի։

Մեր «ննջասենյակը» առանձնացնող վարագույրի դիմաց

 1961 թ.-ին Անտոնիոն նշանակվեց շրջանային վերակացու։ Սակայն նախ նա պետք է հաճախեր ժողովի ծառայողների կամ վերակացուների համար նախատեսված մեկամսյա դպրոց։ Դա նշանակում էր, որ մեկ ամիս մենակ էի մնալու։ Պետք է խոստովանեմ, որ խղճում էի ինձ, հատկապես՝ երեկոները, երբ մենակ էի մեր փոքրիկ սենյակում։ Այնուամենայնիվ ուրախ էի, որ Եհովան կրթում էր Անտոնիոյին։ Փորձում էի զբաղված լինել. այդպես ժամանակը արագ էր անցում։

 Շրջանային ծառայության մեջ շատ էինք ճամփորդում։ Մենք Վենետոյից՝ Իտալիայի հյուսիսային շրջանից, գնացինք Սիցիլիա՝ հարավ։ Սկզբում մեքենա չունեինք, ուստի հասարակական տրանսպորտից էինք օգտվում։ Մի անգամ Սիցիլիայի գյուղական շրջաններից մեկում խորդուբորդ ճանապարհով անցնելուց հետո մեզ կանգառում դիմավորեցին մեր եղբայրները, ովքեր ավանակ էին բերել՝ ուղեբեռը տանելու համար։ Անտոնիոն կոստյումով և փողկապով էր, իսկ ես՝ գեղեցիկ զգեստով: Զավեշտալի տեսարան էր. մենք քայլում էինք ֆերմերների հետ, իսկ մեր կողքով՝ էշը՝ ճամպրուկներով ու գրամեքենայով բեռնված։

 Եղբայրները մեծահոգաբար կիսում էին այն, ինչ ունեին, նույնիսկ քչի դեպքում։ Որոշ տներում չկար սանհանգույց կամ հոսող ջուր։ Մի անգամ մնացինք մի սենյակում, որտեղ վաղուց ոչ ոք չէր մնացել: Գիշերը՝ քնի մեջ, այնքան պտտվեցի, որ Անտոնիոն արթնացրեց ինձ: Երբ բարձրացրինք սավանները, սարսափով տեսանք, որ ներքնակի վրա լիքը միջատներ են վազվզում: Կեսգիշերին շատ բան չէինք կարող անել։ Պարզապես թափ տվեցինք ներքնակը և փորձեցինք քնել։

1960-ականներին՝ Անտոնիոյի հետ շրջանային ծառայության մեջ

 Այնուամենայնիվ, իմ խնդիրը այս անհարմարությունները չէին. ամենամեծ խնդիրս ամաչկոտությունն էր։ Երբ առաջին անգամ էինք այցելում որևէ ժողով, ինձ համար մարդկանց հետ ընկերանալը դժվար էր։ Բայց ես իսկապես ուզում էի քաջալերել և օգնել քույրերին, ուստի հատուկ ջանքեր էի գործադրում: Շաբաթվա վերջում Եհովայի օգնությամբ ես ինձ արդեն տանն էի զգում։ Մեծ պատիվ էր համագործակցել եղբայրների ու քույրերի հետ և տեսնել նրանց առատաձեռնությունը, հավատարմությունը և Եհովայի հանդեպ սերը։

 1977 թ.-ին՝ շրջանային և մարզային b ծառայությունների մեջ մի քանի տարի անցկացնելուց հետո, մեզ հրավիրեցին Հռոմի Բեթել՝ մասնակցելու 1978 թ. տեղի ունենալիք «Հաղթական հավատ» միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ընդամենը մի քանի ամիս անց դարձանք Բեթելի ընտանիքի անդամներ։ Դրանից անմիջապես հետո Անտոնիոն նշանակվեց ծառայելու մասնաճյուղի կոմիտեում։

 Բեթելն ինձ համար նոր միջավայր էր, որտեղ ամաչկոտությունս նորից գլուխ բարձրացրեց։ Բայց Եհովայի օրհնությամբ և բեթելցիների օգնությամբ շուտով այն իմ տունը դարձավ։

Դիմագրավում եմ նոր դժվարություններ

 Հետագա տարիներին առողջական խնդիրները լուրջ մարտահրավեր դարձան մեզ համար։ 1984 թ.-ին Անտոնիոն սրտի վիրահատություն տարավ, և մոտ տասը տարի անց նրա առողջական խնդիրները ավելացան։ 1999 թ.-ին իմացանք, որ նա չարորակ ուռուցք ունի։ Թեև նա միշտ ակտիվ մարդ է եղել, բայց չկարողացավ հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը։ Նրա վիճակը գնալով վատանում էր, ինչը ինձ շատ էր տխրեցնում։ Ես ջերմեռանդորեն աղոթում էի Եհովային ու խնդրում, որ ինձ ուժ տա, որպեսզի կարողանամ աջակցել իմ սիրելի ամուսնուն։ Հաճախ էի կարդում «Սաղմոսներ» գիրքը։ Դրանք որոշ չափով ինձ մխիթարում էին, երբ անհանգիստ էի լինում։ Անտոնիոն մահացավ 1999 թ. մարտի 18-ին: Մենք ամուսնացած էինք շուրջ 40 տարի:

 Զարմանալի է, թե որքան միայնակ կարող ես քեզ զգալ, նույնիսկ երբ շրջապատված ես մարդկանցով: Ինչ խոսք, ես շատ սեր և մխիթարություն եմ ստացել բեթելցիներից և այն եղբայրներից ու քույրերից, որոնց հետ ընկերացել էինք շրջանային ծառայության մեջ։ Ու թեև ես այդքան ընկերներ ունեի, բայց սարսափելի դատարկություն կար իմ սրտում, հատկապես երբ երեկոյան վերադառնում էի Բեթելի իմ դատարկ սենյակ։ Այդ ցավը բառերով չեմ կարող նկարագրել։ Աղոթքը, ուսումնասիրությունը և ժամանակը օգնեցին ինձ ապաքինվել: Հաճույքով եմ հիշում Անտոնիոյի հետ անցկացրած կյանքիս տարիները։ Ես դեռ սիրում եմ մտածել այն բաների մասին, որոնք արել ենք միասին։ Վստահ եմ, որ Անտոնիոն Եհովայի հիշողության մեջ է, և որ հարության ժամանակ նորից կտեսնեմ նրան։

 Բեթելում բազմաթիվ նշանակումներ եմ ունեցել, այժմ ծառայում եմ կարուձևի բաժնում: Մեծ ուրախություն եմ ստանում իմ աշխատանքից, քանի որ կարողանում եմ օգտակար լինել իմ մեծ ընտանիքին։ Նաև փորձում եմ շատ ծառայել։ Իհարկե, ես չեմ կարող անել այնքան, որքան անցյալում, բայց հաճույքով եմ պատմում Թագավորության բարի լուրը. առանձնաշնորհում, որին ես սիրահարվել էի դեռևս երիտասարդ տարիքից։ Ահա թե ինչու եմ սիրում քաջալերել երիտասարդներին, որ ռահվիրա ծառայեն։ Ես գիտեմ, թե որքան ոգևորիչ կարող է այն լինել։

«Մեծ ուրախություն եմ ստանում իմ աշխատանքից, քանի որ կարողանում եմ օգտակար լինել իմ մեծ ընտանիքին»

 Երբ հետ եմ նայում շուրջ 70 տարվա իմ լիաժամ ծառայությանը, տեսնում եմ, թե Եհովան որքան է օգնել և օրհնել ինձ։ Ես դեռ ամաչկոտ եմ և գիտեմ, որ իմ ուժերով երբեք չէի կարողանա անել այն, ինչ արել եմ։ Ես եղել եմ հեռավոր վայրերում, տեսել և զգացել եմ հրաշալի բաներ, հանդիպել եմ մարդկանց, ովքեր ոգեշնչել են ինձ: Կարող եմ առանց կասկածի ասել, որ նորից կանեի այդ ամենը։

a Կարդացեք Պիերո Գատիի կենսագրությունը՝ «Ես շատ էի վախենում մահից, բայց հիմա...» («Դիտարան» 2011 թ., հուլիսի 15)։

b Մարզային վերակացուն ծառայում էր մի քանի շրջաններում, որոնք մեկ մարզ էին կազմում։