ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Երկրագունդը կործանվում է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
«Մենք սրընթաց շարժվում ենք դեպի կլիմայական աղետ: Խոշոր քաղաքները հայտնվել են ջրի տակ։ Աննախադեպ շոգեր, սարսափելի փոթորիկներ, համատարած ջրի պակաս, բույսերի և կենդանիների միլիոնավոր տեսակների անհետացում։ Այս ամենը հորինվածք կամ չափազանցություն չէ: Գիտությունը զգուշացնում է, որ այս ամենը կառաջանա ներկայիս էներգետիկ քաղաքականության հետևանքով» (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթը, որը նա ներկայացրեց Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովին։ Հրապարակվել է 2022 թ. ապրիլի 4-ին)։
«Գիտնականները ահազանգում են, որ առաջիկա տարիներին կլիմայի փոփոխության հետևանքով կավերվեն ԱՄՆ-ի գրեթե բոլոր 423 ազգային պարկերը, որոնք հատկապես զգայուն են ջերմաստիճանի բարձրացման հանդեպ: Սպառնալիքների այս շղթան նման է աստվածաշնչյան դատաստանի. կրակ և ջրհեղեղ, սառցադաշտերի հալոցք, ծովերի բարձրացում և ջերմային ալիքներ» («Հեղեղված քաոս Ելոուստոնում, գալիք ճգնաժամերի նշան», «Նյու Յորք թայմս», հունիսի 15, 2022 թ.)։
Հնարավո՞ր է լուծել շրջակա միջավայրի խնդիրները։ Եթե այո՛, ապա ո՞վ է լուծելու դրանք։ Տեսնենք, թե ինչ է այդ մասին ասում Աստվածաշունչը։
Կանխագուշակված է բնապահպանական աղետ
Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Այս համարից երեք բան ենք սովորում։
1. Մարդկանց գործունեության հետևանքով վնասվելու է Երկիր մոլորակը։
2. Երկիր մոլորակի կործանմանը շուտով վերջ կդրվի։
3. Աստված է լուծելու շրջակա միջավայրին առնչվող բոլոր խնդիրները, ոչ թե մարդիկ։
Մեր մոլորակը ապահով ձեռքերում է
Աստվածաշնչում ասվում է, որ «երկիրը մնալու է հավիտյան» (Ժողովող 1։4)։ Այն միշտ բնակեցված է լինելու։
«Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։
Մեր մոլորակի առողջությունը ամբողջությամբ կվերականգնվի։
«Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։