Ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել տղամարդկանց հաղթահարելու տագնապի զգացումը
Ի՞նչ է միտքդ գալիս, երբ մտածում ես տագնապ a ունեցող մարդու մասին։ Գուցե պատկերացնում ես մեկին, ում վախը կաթվածահար է արել, կամ մեկին, ով անգամ չի ուզում անկողնուց դուրս գալ, կամ էլ նրան, ով անվերջ խոսում է իր խնդիրների մասին։
Ոմանք գուցե հենց այդպես արձագանքեն տագնապի զգացողությանը, սակայն գիտնականները պարզել են, որ որոշ մարդկանց, հատկապես արական սեռի ներկայացուցիչների մոտ, տագնապը հնարավոր է՝ այլ կերպ դրսևորվի։ Մի հետազոտության մեջ ասվում էր, որ տղամարդիկ «շատ հաճախ տագնապի դեմ պայքարում են ալկոհոլի կամ թմրադեղերի միջոցով։ Այսպիսով՝ ալկոհոլային կախվածության հետևում կարող է կանգնած լինել տագնապային խանգարումը։ Տագնապը տղամարդկանց մոտ արտահայտվում է նաև զայրույթով և դյուրագրգիռ վիճակով»։
Իհարկե, տագնապը բոլոր տղամարդկանց մոտ նույն կերպ չի դրսևորվում։ Սակայն անկախ դրսևորման ձևից՝ տագնապը շարունակում է անհանգստացնել շատերին, հատկապես այս «չափազանց դժվար» ժամանակներում (2 Տիմոթեոս 3։1)։ Եթե դու էլ ես բախվել նման խնդրի, կարո՞ղ է Աստվածաշունչն օգնել քեզ։
Աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել տագնապը
Աստվածաշնչում կարող ենք գտնել բազում վստահելի խորհուրդներ, որոնք կօգնեն տագնապի դեմ պայքարում։ Քննենք դրանցից երեքը։
1. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34)։
Նշանակությունը: Իմաստուն վարված կլինենք, եթե խուսափենք ապագայի մասին անտեղի մտահոգվելուց։ Շատ հաճախ մեր վախերը իրականություն չեն դառնում։ Որոշ դեպքերում մեր իրավիճակը նույնիսկ կարող է անսպասելիորեն փոխվել դեպի լավը։
Փորձիր հետևյալը: Հիշիր քո կյանքից դեպքեր, երբ մտածել ես, թե վատ բան է լինելու, սակայն այդ «վատ բանը» այդպես էլ տեղի չի ունեցել։ Այնուհետև գնահատիր ներկայիս իրավիճակը և փորձիր հնարավորինս իրատես լինել, որպեսզի հասկանաս, թե որքան է հավանականությունը, որ այն, ինչի մասին անհանգստանում ես, մեծ խնդիր կդառնա։
2. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։
Նշանակությունը: Եթե թույլ տանք, ուրիշները կարող են օգնել մեզ հաղթահարելու տագնապի զգացումը։ Նրանք, գուցե իրենց փորձից ելնելով, գործնական խորհուրդներ առաջարկեն։ Դա գոնե կօգնի մեզ այլ տեսանկյունից նայել իրավիճակին։
Փորձիր հետևյալը: Մտածիր, թե ով կարող է քեզ լավ խորհուրդ տալ։ Գուցե դա լինի քո ընկերը, որը նմանատիպ խնդիր է ունեցել։ Հարցրու, թե ինչն է օգնել նրան, և ինչը՝ ոչ։
3. «Ձեր ամբողջ հոգսը [կամ՝ անհանգստությունները] նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։
Նշանակությունը: Աստված խորապես մտահոգված է այն մարդկանցով, ովքեր տառապում են։ Նա հրավիրում է մեզ աղոթել ցանկացած բանի մասին, ինչն անհանգստացնում է մեզ։
Փորձիր հետևյալը: Գրի առ այն ամենը, ինչի պատճառով տագնապ ես զգում։ Հետո աղոթիր Աստծուն, պատմիր նրան այդ խնդիրների մասին և օգնություն խնդրիր նրանից։
Երբ այլևս տագնապ չի լինի
Աստվածաշունչը ոչ միայն խորհուրդներ է տալիս, այլև խոսում է այն ժամանակների մասին, երբ մենք ոչ մի մտահոգություն չենք ունենա։ Իսկ հնարավո՞ր է նման բան։
Աստծու Թագավորությունը կվերացնի տագնապի բոլոր պատճառները (Հայտնություն 21։4)։ Ավելին՝ այդ Թագավորության իշխանության ներքո մենք չենք էլ հիշելու մեր սթրեսներն ու տագնապները (Եսայիա 65։17)։
«Աստված, որ խաղաղություն է տալիս,» հենց այսպիսի ապագա է ուզում՝ ունենաս (Հռոմեացիներ 16։20)։ Նա մեզ վստահեցնում է դրանում՝ ասելով. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար.... Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11)։
a Այս հոդվածում «տագնապ» բառը վերաբերում է ոչ թե լուրջ բժշկական խնդրի, այլ ամենօրյա անհանգստություններին և սթրեսներին, որոնք կարող են ճնշել մարդուն։ Այն մարդիկ, ովքեր լուրջ առողջական խնդիր ունեն, լավ կլինի՝ բժշկի դիմեն (Ղուկաս 5։31)։