Ինչպե՞ս ապրել քիչ գումարով
Տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված ես սահմանափակ միջոցներո՞վ ապրել։ Համաճարակները, բնական աղետները, քաղաքական բախումները և զինված ընդհարումները հաճախ կաթվածահար են անում տնտեսությունը։ Եկամտի աղբյուրը անսպասելիորեն կորցնելը կարող է սթրեսային լինել, սակայն աստվածաշնչյան իմաստությունից բխող գործնական խորհուրդները կօգնեն ապրել նաև քիչ գումարով։
1. Համակերպվիր նոր հանգամանքներիդ հետ
Աստվածաշնչյան սկզբունք. «Ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը» (Փիլիպպեցիներ 4։12)։
Եթե նույնիսկ հիմա ավելի քիչ ես վաստակում, դու կարող ես սովորել հարմարվել քո նոր ֆինանսական դրությանը։ Որքան շուտ ընդունես իրականությունը և սկսես քայլեր ձեռնարկել, այնքան հեշտ կլինի քո և քո ընտանիքի համար հաղթահարել ստեղծված իրավիճակը։
Հետաքրքրվիր, թե կառավարությունը և հումանիտար աջակցություն տրամադրող կազմակերպությունները ինչ ծրագրեր են իրականացնում քո երկրում, որոնցից գուցե դու էլ կարողանաս օգտվել։ Արագ գործիր, քանի որ այդպիսի ծրագրերում ընդգրկվելու համար սովորաբար սահմանափակ ժամանակ է հատկացվում։
2. Ընտանիքով միասնական գործեք
Աստվածաշնչյան սկզբունք. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակներ 15։22)։
Քննարկիր իրավիճակը կողակցիդ և երեխաներիդ հետ։ Լավ հաղորդակցությունը կօգնի, որ ընտանիքիդ բոլոր անդամները ըմբռնումով վերաբերվեն փոփոխություններին և աջակցեն քեզ։ Իսկ երբ բոլորը ամեն ջանք թափեն, որ տնտեսող ու խնայող լինեն, ունեցածդ գումարը ավելի շատ բանի կբավականացնի։
3. Բյուջե կազմիր
Աստվածաշնչյան սկզբունք. նստիր և հաշվիր ծախսը (Ղուկաս 14։28)։
Երբ ստիպված ես ավելի քիչ միջոցներով ապրել, առավել քան երբևէ կարևոր է իմանալ, թե ինչի վրա ես ծախսում փողդ։ Բյուջե կազմիր՝ նախ գրելով, թե որքան է լինելու ամսական եկամուտդ՝ ըստ քո նոր հանգամանքների։ Այնուհետև նշիր ամսվա ընթացիկ ծախսերը՝ հաշվի առնելով գնումներ կատարելու սովորություններդ, նույնիսկ եթե գիտես, որ դրանք փոխվելու են։ Ամսական ծախսերի մեջ ներառիր նաև այն գումարը, որն ուզում ես տնտեսել չնախատեսված ծախսերի և արտակարգ իրավիճակների համար։
Առաջարկ։ Երբ հաշվում ես ծախսերդ, մի՛ մոռացիր նաև մանր ծախսերի մասին։ Գուցե զարմանաս, երբ տեսնես, թե որքան գումար ես ծախսում փոքր բաների վրա։ Օրինակ՝ մի տղամարդ շատ զարմացավ, երբ հաշվարկ անելիս նկատեց, որ տարին մի քանի հարյուր դոլար մաստակի վրա է ծախսում։
4. Առաջնահերթություններ դիր և փոփոխություններ արա
Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
Եկամուտդ համեմատիր ծախսերիդ հետ և մտածիր, թե ցուցակից ինչ կարող ես կրճատել, որ չծախսես ավելին, քան վաստակում ես: Քննիր հետևյալ ոլորտները.
Տրանսպորտ։ Եթե մեկից ավելի մեքենա ունես, կարո՞ղ ես մեկը վաճառել։ Եթե լյուքս դասի մոդել է, գուցե փոխես այն և էկոնոմ դասի մեքենա գնես։ Մեքենայի փոխարեն կարող ես նաև հասարակական տրանսպորտից օգտվել կամ հեծանիվով երթևեկել։
Զվարճություն։ Կարո՞ղ ես գոնե որոշ ժամանակով դադարեցնել արբանյակային կամ կաբելային հեռուստատեսության վճարովի բաժանորդագրությունները։ Գուցե առավել մատչելի այլընտրանքային տարբերակներ գտնես։ Օրինակ՝ թերևս գրադարանից կարողանաս անվճար վերցնել ֆիլմեր, էլեկտրոնային կամ աուդիո գրքեր։
Կոմունալ վճարումներ։ Ընտանիքով քննարկեք, թե ինչպես կարող եք խնայողաբար օգտագործել ջուրը, էլեկտրաէներգիան կամ վառելիքը։ Լույսերն անջատելը և ցնցուղի տակ երկար չմնալը գուցե աննշան բաներ թվան, սակայն դրանք կօգնեն տնտեսել փողը։
Սնունդ։ Խուսափիր ռեստորաններում ճաշելուց։ Փոխարենը՝ սնվիր տանը։ Նախապես որոշիր, թե ինչ պետք է պատրաստես, և հնարավորության դեպքում մթերքը մեծ քանակությամբ գնիր, իսկ սննդի մնացորդները մի՛ թափիր։ Գնումների գնալուց առաջ ցուցակ կազմիր, որ խուսափես պահի ազդեցության տակ առևտուր անելուց։ Գնիր սեզոնային մրգեր ու բանջարեղեն, քանի որ դրանք սովորաբար ավելի էժան են լինում։ Խուսափիր անառողջ սնունդ գնելուց։ Գուցե ի՞նքդ բանջարեղեն աճեցնես։
Հագուստ։ Նոր իրեր ձեռք բեր միայն այն ժամանակ, երբ մաշվել է հինը, այլ ոչ թե նորաձևությանը հետևելու համար։ Հետևիր սեզոնային զեղչերին։ Օգտագործված հագուստների խանութներում էլ թերևս լավ հագուստ գտնես։ Էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համար հագուստը չորացրու արևի տակ, եթե եղանակը կամ հանգամանքները թույլ են տալիս։
Հետագա ծախսեր։ Նախքան որևէ բան գնելը հարցրու ինքդ քեզ. «Սա կարո՞ղ եմ ինձ թույլ տալ։ Իրականում սրա կարիքն ունե՞մ»։ Եթե ավելի լավ մոդելի կենցաղային իր, էլեկտրոնային սարք կամ մեքենա ես ուզում գնել, կարո՞ղ ես հետաձգել այդ գնումներդ։ Իսկ կարո՞ղ ես վաճառել այն ապրանքները, որոնց կարիքը չունես կամ որոնք չես օգտագործում։ Այդպես կպարզեցնես կյանքդ և կտնտեսես գումարդ։
Առաջարկ։ Երբ եկամուտդ անսպասելիորեն նվազում է, դա կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ, որ վերջ տաս այն վնասակար սովորություններին, որոնք հավելյալ ծախսեր են առաջացնում։ Դրանք կարող են լինել ծխելը, մոլեխաղերը և ալկոհոլի չարաշահումը։ Այդպիսի փոփոխություններ անելով՝ կբարելավես ոչ միայն ֆինանսական վիճակդ, այլև կյանքիդ որակը։
5. Ուշադրություն դարձրու հոգևոր բաներին
Աստվածաշնչյան սկզբունք. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
Աստվածաշունչը հավասարակշռված մոտեցում է առաջարկում. «Ինչպես իմաստությունը, այնպես էլ փողը պաշտպանություն են տալիս, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12)։ Այս իմաստությունը կարող ենք գտնել Աստվածաշնչում, որում ընդգրկված խորհուրդները շատերին օգնել են չափազանց չմտահոգվել ֆինանսական խնդիրների պատճառով (Մատթեոս 6։31, 32)։